Ասում է արցախյան պատերազմում երկու որդիներին ու ամուսնուն կորցրած Արփենիկ մայրիկը
«Եղբայրս ու հորեղբայրս Հայրենական պատերազմից չեն վերադարձել: Մորս ու տատիս աչքը մինչեւ կյանքի վերջ նրանց ճամփին էր: Կռիվը նրանցից հեռու էր, չէին տեսնում՝ ինչ է կատարվում, դրա համար էլ հույսով սպասում էին: Բայց կռիվը մեր աչքի առաջ էր, մենք հո տեսե՞լ ենք՝ մեր գերիների հետ թուրքերն ինչպես էին վարվում, կամ թուրքի գերիներին մենք ինչ ենք արել»,- ձեռքի պայուսակից խնամքով հանելով որդիների ու ամուսնու լուսանկարները, մեդալներն ու պատվոգրերը՝ «Առավոտի» հետ զրույցում ասում է Արփենիկ մայրիկը: Դրանք այն ամենն են, ինչ արցախյան պատերազմից հետո, որպես հիշատակ, որդիներից ու ամուսնուց մնացել են 75-ամյա կնոջը՝ Արփենիկ Սիմոնյանին: Քաջ գիտակցելով, որ խաղաղության գինը նաեւ մարդկային կյանքեր է արժենում, Արփենիկ մայրիկն առանց մի գրամ չարության, թշնամանքի պատմում է Ղարաբաղի պատերազմում զոհված որդիներից մեկի՝ Պողոսի եւ անհետ կորած ամուսնու՝ Երվանդի ու փոքր որդու՝ Սանասարի մարտական ուղու մասին: Ամուր, պայքարող ու իսկական հերոսի հերոս մայր տիկին Արփենիկի կյանքի պատմությունը լսելիս մեր առօրյայում հանդիպող խնդիրները, որոնց համար նեղսրտում ենք, անտեղի նյարդայնանում, այնքան մանր ու չնչին են թվում:
«Կե՛ր, առանց քիմիայի, մաքուր, անարատ միրգ է: Էրեխեքիս համար եմ աճեցրել, որ գոնե առողջ սնունդ ուտեն: Հավ էլ եմ պահում, որ չգնան ֆաբրիկայի ձու առնեն, որ չգիտես, թե մեջն ինչ վնասակար բաներ կան»,- հյուրասիրելով սեփական ձեռքերով աճեցրած մրգեղենը՝ ասում է տիկին Արփենիկը: Մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում՝ քարքարոտ տարածքում աճեցրած այգին, զոհված որդու՝ Պողոսի զավակներն ու նրանց ապագան իր սրտի ուզածով կառուցելու նպատակը Արփենիկ մայրիկին ուժ ու ապրելու ցանկություն են տալիս: Հարեւանությամբ կային նաեւ այլ՝ խնամված այգիներ, որոնց տերերը մայրաքաղաքաբնակներ էին: Սակայն տիկին Արփենիկի այգին իր կոլորիտով տարբերվում էր նրանցից. երեւում էր, որ գյուղի կնոջ ձեռք է կպել:
«Շահումյանում շա՜տ լավ ենք ապրել: Մեր գյուղը Վերին Շենն էր, որը Շահումյանի շրջանի ամենամեծ գյուղն էր, 3000 տնտեսություն ուներ: Դաշտերից, անտառներից տարին կլոր հատապտուղ, միրգ էինք հավաքում: Մեր անտառները, դաշտերը ձրի շուկա էին մեզ համար: 90 հատ մեղվափեթակ էինք պահում: Բանկում այնքան փող ունեինք, որ երբ մեր գրքույկները ներկայացրել էինք ստեղ՝ Սովետի ժամանակվա գցած գումարները ստանալու համար հաշվառվելու, զարմացել էին, մտածել էին, թե բանկի աշխատակից ենք եղել եւ ուրիշի գրքույկներն էլ ենք վերցրել: Է՜: Ստեղի 1 տարվա ապրած օրերս չեմ փոխի մեր գյուղում ապրածս 1 օրվա հետ»,- մտաբերելով 20-21 տարի առաջ լքած գյուղը՝ ասում է Արփենիկ մայրիկը: Գյուղից դուրս են եկել 1992-ին՝ դստեր, 23-ամյա հարսի ու անչափահաս թոռների հետ ոտքով, անտառներով ճամփա են ընկել դեպի Ստեփանակերտ: Նրա խոսքերով. «Հասանք Մատաղիս, այնտեղ մեզ նստեցրին «Ուրալ»-ները, որ տանեն Հաթերք: Վարորդը ճանապարհը չգիտեր, մոլորվեցինք ու դուրս եկանք Մարտակերտ, այդ օրերին Մարտակերտը նույնպես հայաթափված էր, մարդ չկար, որ մեզ ճանապարհը ցույց տար: Անձրեւ, սելավ, ցեխ, կեսը ոտքով, կեսը՝ սայլերով, 3-4 օրում հասել ենք Ստեփանակերտ: Որդուցս՝ Սանասարից, ու ամուսնուցս արդեն ոչ մի լուր չունեինք, վերջին անգամ գյուղի դիրքերում են նրանց տեսել: Ամուսինս չէր կարողանում հանգիստ նստել տանը, երբ գիտեր՝ որդիները կրակի բերան են: Չորս որդիս էլ պատերազմել են, նրանցից երկուսը միայն փրկվեցին»: Արփենիկ մայրիկը պատմում է, որ գաղթի ճանապարհին 400-ից ավելի իրենց համագյուղացիներ այդպես էլ չեն կարողացել հասնել Ստեփանակերտ, ճանապարհին կորել են, վիրավորվել ու մահացել:
Երեւանում զրոյից տուն-տեղ դրած Արփենիկ Սիմոնյանը, որը 53 տարեկանում կորցրել է երկու որդիներին ու ամուսնուն, ոչ մի հույս չի փայփայում, թե անհետ կորած հարազատներից մի լուր կստանա. կյանքի դաժան փորձն է նրան այդպես մտածելու առիթ տվել. «Մեր գյուղը թուրքերը 1-2 անգամ գրավել են ու հետ են նահանջել, այդ ժամանակ եմ տեսել, թե թուրքերին ինչ են արել: Մեր անտառներում թուրքերի տասնյակ դիակներ կային: Տղայիս՝ Պողոսին, ասում էի՝ ինչի՞ չեք հավաքում դիակները ու հանձնեք, սիրտս մղկտում էր, որ էդպես տեսնում էի, մտածում էի՝ ախր նրանց մայրերը հիմի անորոշությունից մղկտում են: Այ, այդ պատճառով էլ հույսս կտրել եմ, որ որդիս ու ամուսինս ողջ են, նույնն էլ հիմի նրանք են մեր հարազատների հետ արել»:
Տիկին Արփենիկի պատմելով՝ Պողոսը զոհվել է 1993 թվականի ապրիլի 17-ին՝ ուղղաթիռի ընկնելու հետեւանքով, որի մեջ էր նաեւ Շահումյանի ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանը: Մյուս որդին՝ Պետրոսը, որն այժմ բնակվում է ՌԴ-ում, մինչեւ 1994 թվականը մարտնչել է «Եղնիկների» ջոկատում:
Պողոսի մահվան լուրն առել է, երբ արդեն Հայաստանում է եղել՝ Արագածի Ծաղկահովիտ գյուղում, որտեղ փախստականներին ժամանակավոր կացարանով էին ապահովել. «Պողոսիս Եռաբլուրում թաղեցին: Ընտանիքիս 3-րդ անդամի կորուստն ինձ ուժասպառ էր արել: Մտածում էի՝ ո՞նց կարող է մարդ երեք զոհ տա ու ինքն ապրի: 3-4 տարի անկողին չեմ մտել, ցեմենտին էի քնում: Երբ արդեն 10 ամիս հետո տեղափոխվեցինք 3-րդ գյուղում ապրելու, ամեն օր ոտքով գնում էի Եռաբլուր ու ոտքով հետ դառնում: Ամեն ծառի տակ մի դույլ արցունք եմ թափել: Մի օր էլ էնքան էի Եռաբլուրում պառկել տղայիս գերեզմանի մոտ, որ տեսա՝ մութը վրա է ընկել: Հետո սթափվեցի, ինքս ինձ ամոթանք տվեցի, ասեցի՝ ինչի՞ ես գժություն անում, բա Պողոսի երեխան քո երեխան չի՞, չե՞ն ասի՝ Պողոսի երեխաները քոնը չե՞ն: Գնամ տղայիս մոտ՝ ի՞նչ ասեմ, ասեմ, որ քո երեխաներին չե՞մ պահել: Ասեցի՝ ես պետք է ուժ հավաքեմ, որ իմ երեխաներին պահեմ: Մինչեւ 2003 թվականը ցախ եմ հավաքել ու մեջքիս բերել, որ էրեխեքս չմրսեն»,- պատմում է Արփենիկ մայրիկը. «Դաշտերից մոշ, ցախ հավաքելով եմ թոռներիս պահել-մեծացրել, ես երբեք դրոշակ չեմ սարքել, թե փախստական ենք, զոհվածի մայր եմ, չեմ սիրել անընդհատ խոսել այդ մասին»:
Արդեն 21 տարի տիկին Արփենիկը որդու՝ Պողոսի ընտանիքի հետ է ապրում, որից 15 տարիները բնակվում են ազատամարտիկներին՝ պետության տված բնակարանում: Նրա խոսքերով. «Ամեն ինչ արել եմ, որ մեռնեմ, գիտեմ՝ իմ Պողոսի ընտանիքն ապահով է»: Հիմի էլ նորածին ծոռնիկով է հպարտանում: Սիրտը ցավում է, որ իր թոռները հորը չեն տեսել եւ չեն հիշում, բայց մի բան տիկին Արփենիկի մեջ շատ լավ է տպավորվել, թե ինչպես էր 2-3 տարեկան թոռնիկը գրկում հոր լուսանկարը ու նոր միայն քնում:
22 տարեկանում նրա անհետ կորած որդին չի հասցրել ամուսնանալ, եւ ինչպես Արփենիկ մայրիկն է պատմում՝ 1991 թվականին վերադառնալով Խորհրդային բանակից՝ չի հասցրել անցնել քաղաքացիական կյանքի՝ նույն զինվորական հագուստով շտապել է հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
HAZAR PARQ CEZ MORQUR JAN TOX ASTVAC CEZ AROXJUTYUN DA U CER TORNERIN LAV PAXT DUQ ARJANI EK.
Հարգելի տիկին Արփենի, համոզված եմ որ Ձեր հերոսական ընտանիքի հիշատակը Ոսկե տառերով պիտի գրված լինի մեր ժողովրդի պատմության գրքում…Ես էլ ցանկանում եմ որ Ձեր թոռնիկ ծոռնիկների գլխից անպակաս լինեք ու որ նրանք կյանքում միայն պայծառ օրեր տեսնեն:
Հայրենիքը Արփենիկ մայրիկից ու նրա նման մարդկանցից է սկսվում: Այնքան շատ ուժ, համբերություն, մեծահոգություն կար այդ տիկնոջ մեջ: