Լրահոս
Օրվա լրահոսը

Դիցուք, 2020թ. ՀՀ-ում կապրի 5 միլիոն մարդ, էներգետիկ ի՞նչ այլընտրանքներ կան

Հունիս 29,2013 12:59

Գազի գների աճը կբերի էներգիայի, ուստի եւ անցանկալի ընդհանուր գնաճի եւ որի համար ոչ ոք մեղավոր չէ՝ ոչ ժողովուրդը, ոչ պետությունը, ոչ ՌԴ-ն, ԱՄՆ-ն կամ Եվրոպան:

Ավելին, այսուհետ նավթամթերքների եւ գազի գներն անընդհատ աճելու են՝ կապված նրանց քանակի նվազման հետ: Այդ մասին ողջ աշխարհում շատ-շատ է գրվել, եւ աշխարհը փնտրում է էներգիայի նոր՝ այլընտրանքային աղբյուր, որը չպետք է ազդի մոլորակի թթվածնային պարունակության եւ շրջակա միջավայրի վրա: Աշխարհում արդեն իսկ հայտնի են այլընտրանքային էներգետիկայի հազարավոր ուղղություններ, որոնք բոլորն էլ լավն են իրենց այս կամ այն պարամետրերով եւ նաեւ զուգահեռաբար տարվում են գիտահետազոտական լուրջ աշխատանքներ՝ գտնելու համար եւս նոր տեսակներ: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե տվյալ երկիրն ի՞նչ հնարավորությամբ եւ ի՞նչ դրդապատճառներով՝ էներգիայի ո՞ր աղբյուրներն է համարում իրեն համար ռազմավարական նշանակության: Ռազմավարական նշանակություն կարող է ունենալ միայն այն միջոցը, որը կբավարարի ՀՀ ընդհանուր (ջերմային, աշխատանքային, տրանսպորտային, կենցաղային, արտադրական եւ այլն) էներգապահանջարկի էական մասը, ասենք՝ առնվազն քառորդ մասը: Մեկ շնչին ընկնող ընդհանուր էներգածախսի միջին հզորությունն աշխարհում այսօր կազմում է շուրջ 3 կՎտ (իհարկե, ըստ երկրների բաշխումը խիստ տարբեր է՝ կախված նրանց զարգացման մակարդակի բարձրությունից):

21-րդ դարի կեսին այդ ցուցանիշը նվազագույնը 5 անգամ կաճի: Ընդ որում՝ դրա շուրջ 70%-ը կազմում է էլեկտրաէներգիան եւ կանատեսվում է այդ ցուցանիշի աճ մինչեւ 95%, քանի որ էլեկտրաէներգիան հեշտությամբ փոխարինում է էներգիայի մյուս տեսակներին եւ հաղորդվում է ցանկացած հեռավորության շատ արագ ու մեծ արդյունավետությամբ: Այդ հաշվարկով էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակության ՀՀ-ում կարող է հավակնել լոկ այն տեսակը, որը կարողանա զարգացնել հիմա ավելի քան 1000 ՄՎտ միջին հզորություն, իսկ մի քանի տասնյակ տարի հետո պետք կլինի եւս 3000-4000 ՄՎտ հզորություն: Ամեն երկիր, այդ թվում Հայաստանը, պետք է ընտրի իր էներգապաշարներին, տարածքներին ու միջոցներին համապատասխան եւ առավել նպատակահարմար էներգետիկայի ռազմավարական նշանակության ճյուղերը: Սա ամեն երկրի անկախության որոշիչ ու կարեւոր պայմաններից առաջնայինն է եւ շատ դժվար է հետեւողական ու ճշգրիտ ընտրություն կատարելը: Ուստի այս նպատակով ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքը գիտական բազմաթիվ լսումներ իրականացրեց հանրապետական էներգետիկայի ոլորտում գործող կամ շահագրգիռ անձանց, այդ թվում նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ու եզրակացրեց, որ ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության այլընտրանքային էներգետիկայի միակ ընդունելի հավակնորդը կիսահաղորդչային ֆոտոէլեկտրական արեւաէլեկտրակայաններն են (ՖԱԷԿ): Դրանք արեւի լույսի էներգիան անմիջական փոխակերպում են էլեկտրականի: ՖԱԷԿ-ի աշխատունակության ժամանակը 30 տարուց ավելի է (հիմա 50 տարի է), կարող է տեղակայվել ցանկացած բնույթի տարածքում, էկոլոգիական առումով ամենաանվտանգն է, եթե նրա մի մասը խափանվի կամ ահաբեկչության հետեւանքով շարքից դուրս գա, ապա մնացած մասերը կշարունակեն էներգաարտադրությունը, լիովին անկախ է այլ երկրներից, իսկ շահագործումը պահանջում է նվազագույն ջանք եւ աշխատուժ: ՖԱԷԿ-ը կարող է լինել շարժական կամ ստացիոնար, ցանկացած հզորության, ելքը՝ փոփոխական կամ հաստատուն, ավտոնոմ կամ ցանցային, տեղաբաշխումը՝ համախմբված կամ ցրված:

«ՀՀ այլընտրանքային էներգետիկայի եւ էներգախնայողություն» հիմնադրամի ուժերով այն երկու անգամ միջազգային փորձագիտության ենթարկվեց եւ դրական կարծիքներով ՀՀ կառավարություն ներկայացվեց համապատասխան ծրագիր: ՀՀ կառավարությունն իրավացիորեն հակափաստարկեց փոխակերպիչի հզորության կախումը արեւից ընկնող լույսի ինտենսիվությունից եւ բարձր գինը՝ 1000 (չնայած՝ դա ավելի բարձր չէ, քան ՋԷԿ-ինը, ԱԷԿ-ինը, անգամ ՀԷԿ-ինը): Սրանք հաղթահարելի են, բայց ֆինանսական ու տնտեսության ոչ բարվոք վիճակում վարանեցինք այս ուղղությունը զարգացնել, որի համար պետք չէ մեղավոր փնտրել: Բայց հիմա մենք պարտադրված ենք հնարավորինս անկախ էներգետիկայի մասին հոգալ, այլ կերպ արդեն մեղավոր կդառնանք, քանզի հիմա համեմատաբար ավելի լավ իրավիճակում ենք գտնվում: Համեմատության համար դիտարկենք ՖԱԷԿ-ի իրատեսության որոշ հարցեր: 40 տարի առաջ սիլիցիումային փոխակերպիչի արդյունավետությունը 11-12% էր, վաճառվող գինը՝ 3500-4000 դոլար, 10 տարի առաջ արդյունավետությունը 18-19% էր, գինը՝ 1000-1200 դոլար, իսկ հիմա արդյունավետությունը 23-24% է, գինը՝ 500-600 դոլար: Այդ թվերը բերված են փոքրածավալ արտադրության համար եւ ցույց են տալիս, որ 40 տարում ՖԱԷԿ-ի արդյունավետությունն աճել է 2 անգամ, իսկ վաճառվող գինը նվազել է 7 անգամ, այսինքն՝ արտադրված 1 կՎտ.ժամ էներգիայի արժեքը նվազել է 14 անգամ եւ հասել է 5-6 ցենտի: Ընդ որում, կա նաեւ օգտագործելի տարածքի կրկնակի շահում, իսկ արդի դոլարն էլ 40 տարում զգալիորեն արժեզրկվել է: Գնելու դեպքում արտադրող երկրում մենք վճարում ենք հազարավոր աշխատատեղիներ (այն էլ՝ ՀՀ-ի միջինի համեմատ 5-10 անգամ բարձր աշխատավարձ)՝ խթանելով նրանց երկրի զարգացումը եւ խաթարելով մերն ու անմտորեն արտահանելով մեր այնքան սակավ ֆինանսները: Իսկ եթե մենք մեզ (եւ նաեւ այլոց, քանզի ինչպես ՀՀ, այնպես էլ համաշխարհային շուկան չհագեցած է) համար արտադրենք ՖԱԷԿ, ապա նախ ինքնարժեքը կնվազի, հետո էլ մեր փողն անդարձ չի արտահոսի մեր երկրից, բազմապատկման (մուլտիպլիկացիայի) շնորհիվ ՀՀ-ում կխթանվեն քիմիական արդյունաբերությունը, սարքաշինությունը, հաստոցաշինությունը, նյութագիտությունը, էլեկտրատեխնիկան ու էլեկտրոնիկան՝ երկրում ծնելով բարձր վարձատրվող հազարավոր բարձրակարգ աշխատատեղիներ, որն ավելի քան պետք է հայ ազգը վերջնական տարրալուծումից փրկելու համար: Այդ նպատակն իրագործելու համար ամեն անհրաժեշտը ՀՀ-ում կա՝ ՀՀ ԳԱԱ եւ նաեւ բուհերի հսկայական գիտակրթական փորձն ու պոտենցիալը, ոչ մետաղական հումքի որակյալ ու գործնականում անսպառ պաշար, ազատ աշխատուժ, մնում է միայն մի անգամ ձեռք բերել լոկ տեխնոլոգիական նորագույն սարքավորումներ: Արեւամարտկոցների արտադրության լիակատար ինքնամփոփ մեկ հոսքագծի ստեղծման ներդրումների ծավալը կազմում է շուրջ 250-300 միլիոն եվրո, որի 80%-ը կհայթաթվի արտերկրյա աղբյուրներից:

Անհրաժեշտ է սկսել ՀՀ-ում ֆոտոէլեկտրական արեւաէներգետիկայի զարգացման գործընթացը: Հետեւողական ու ճիշտ գործելակերպի դեպքում կարելի է 2,5 (ամենաշատը 3) տարում կառուցել եւ շահագործման հանձնել ՖԱԷԿ-ի արտադրության գործարան, որը տարեկան կթողարկի 150-200 ՄՎտ հզորության արեւամարտկոցներ, որը խտացուցիչով հանդերձ բավարար է 1000 ՄՎտ հզորության կայանի համար, (որը գերազանցում է Մեծամորի ԱԷԿ-ի հզորությանը): Նման գործարանի գործառույթի արդյունքը պատկերացնելու համար դիտարկենք առաջին հայացքից զավեշտական թվացող, բայց խիստ իրատեսական ու շատ հավանական մի իրավիճակ:

Դիցուք, 2020 թ. ՀՀ-ում կապրի 5 միլիոն մարդ: Եթե հիմա սկսենք ՖԱԷԿ-ի արտադրության գործընթացը եւ 25 մ միջին լայնությամբ եւ 6-8 մ բարձրությամբ (իբրեւ հակատեղումային պաշտպանիչ միջոց) արեւամարտկոցներով ծածկենք ՀՀ 3000 կմ ավտոմայրուղիներ եւ ավտոճանապարհներ, ապա տարեկան արտադրված մեկ շնչի հաշվով (ընդհանուր) էներգիան կկազմի առնվազն 7000-8000 կՎտ.ժամ: Այդքանը բավարար է ապահովելու ոչ միայն կենցաղի, աշխատանքի, արտադրության եւ առօրեական ամեն ինչի էներգապահանջարկը, այլեւ ՀՀ-ի տարածքում հիմնականում օգտագործել էլետրատրանսպորտ՝ ՀՀ-ն դարձնելով էկոլոգիական ու զբոսաշրջային առումներով աշխարհի օրինակելի երկիրը: Հետաքրքրական է, որ այլընտրանքային էներգետիկան (այդ թվում՝ ՖԱԷԿ-ները) եւ հակակարկտային պաշտպանական միջոցներն ունեն արտադրական, գիտական ու կրթական առումներով բազմաթիվ ընդհանուր եզրեր, մասնավորապես, նյութական հենք՝ ոչ մետաղական նյութեր-սիլիցիում, բազալտ, պեռլիտ, սապֆիր եւ կերամիկա: Օրինակ, հակակարկտային համակարգից զատ, բազալտե կոմպոզիտները պետք են որպես ՖԱԷԿ-ների կրիչներ, փոխակերպիչների տակդիրներ, բարձրավոլտ էլեկտրահաղորդագծերի հենասյուներ, ջերմա-ձայնա- էլեկտրամեկուսիչներ եւ այլն: Այնպես որ, ֆոտովոլտայիկ արեւաէներգետիկայի համար հակակարկտային համակարգը պարզապես ածանցյալ արտադրանք կարող է լինել: Այս բոլորը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր:

Սակայն 7-րդ երկնքից իջնենք գետնին, ուր կան եւս աննյութական եւ անտեսանելի դժվարություններ: Ֆոտոէլեկտրական արեւաէներգետիկան չի հանդիսանում բիզնեսի գայթակղիչ ու մեծ շահավետությամբ միջոց, բայց ՀՀ անկախ հայկական պետության գոյատեւման համար այն ամենաանհրաժեշտն ու ամենաառաջնայինն է: Մյուս կողմից՝ արծարծվող հարցը բազմաբնույթ է եւ ունի մի քանի բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրը եւս այդպիսին է: Իսկ դրա իրականացումը պահանջում է հատուկ համալիր մոտեցում: Նախ, զգացվում է մասնագիտացված բարձր որակ աշխատուժի՝ մի քանի հազար վարպետների, ինժեներների եւ գիտնականների նոր սերնդի պակաս, որի լրացումը ՀՀ ԳԱԱ-ի եւ ՀՀ ԲԿԳ նախարարության գործառույթն է: Հետո, կիրառման ոլորտները ՀՀ էներգետիկայի, գյուղատնտեսության, բնապահպանության ու քաղաքաշինության նախարարությունների գործառույթն է: Վերջապես, այն ուղղակի արտադրություն է եւ մտնում է էկոնոմիկայի նախարարության ոլորտը:

Անհրաժեշտ է նախ մշակել, քննարկել ու ընդունել երկարաժամկետ պետական նպատակային ծրագիր եւ այն իրականացնող համապատասխան կառույց, որպեսզի ՀՀ-ում, որպես էներգետիկայի ռազմավարական ուղղության, ֆոտոէլեկտրական արեւաէներգետիկայի զարգացումը եւ, որպես ՀՀ էկոնոմիկայի ռազմավարական ուղղության, տեղական ոչ մետաղական հումքի հիման վրա կյանքի կոչել ՖԱԷԿ-ների արտադրության կազմակերպումը:

Ծրագիրը պետք է հիմք ծառայի գործընկերության ու վարկավորման հարցերին, նաեւ նպաստի ՀՀ-ում հիմնական ու ածանցյալ ոլորտներում գիտակրթական միջավայր-մթնոլորտ ստեղծելուն:

ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ,

ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930