Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերայինը պետք է ներգրավվի բուհի ուսումնական ծրագրում

Հունիս 29,2013 12:55

Մասնագետները նվագախմբի մասին այս կարծիքի են

Կամերային-գործիքային ստեղծագործություններից մինչեւ սիմֆոնիկ նվագախմբի համար մեծակտավ երկերի հեղինակ, կոմպոզիտոր Յուրի Գալստյանին դասական երաժշտության երկրպագուներին առանձնապես ներկայացնելու հարկ չկա: Ժամանակին իբրեւ դաշնակահար, այնուհետեւ կոմպոզիտորի երկերը կատարվել են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլուր: Նրա նախաձեռնությամբ վերջին շրջանում Երեւանում,  Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաեւ Մոսկվայում ներկայացվել է 30 հայ կոմպոզիտորի երկ: Ի դեպ, Յուրի Գալստյանն այն կոմպոզիտորներից է, որը  մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երաժշտական փողային գործիքները՝ հարստացնելով դրանց երկացանկը:

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ռոբերտ Ամիրխանյանի ղեկավարած ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 80-ամյակին նվիրված համերգաշարին, որն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, կոմպոզիտորին հանդիպեցինք դիրիժորի կարգավիճակում: Կամերային նվագախումբը Յուրի Գալստյանի ղեկավարությամբ հնչեցրեց Էդուարդ Սադոյանի «Ծաղրանկարները»՝ Մնջախաղի թատրոնի արտիստների մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Ժ. Դադասյան) եւ Արթուր Ահարոնյանի «Գրազ» կամերային օպերան՝ Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգիչների կատարմամբ (բեմադրիչ՝ ստուդիայի գլխավոր ռեժիսոր  Հ. Հովհաննիսյան): Նշյալ կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ,  մեկնաբանեց նաեւ կոմպոզիտորներ Արմեն Բոյամյանի եւ Էդուարդ Բեյլերյանի գործերը:

«Առավոտի» հետ զրույցում Յուրի Գալստյանը հայտնեց, որ 1989թ. ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությանը կից հիմնել է կամերային նվագախումբ, որը գործել է շուրջ 3 տարի, առաջին անգամ ներկայացնելով հայ հեղինակների 24 ստեղծագործություն: «Իբրեւ դիրիժոր սա իմ դեբյուտը չէ, իսկ այս կամերային նվագախումբը կազմվել է մեր կոնսերվատորիայի ուսանողական-սիմֆոնիկ նվագախմբի 22 երաժիշտներից,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով,- վերջերս  Լեւոն Չաուշյանի գլխավորած Հայկական երաժշտական համաժողովի հրավերով Վրաստանից անվանի կոմպոզիտոր Վաժա Ազարաշվիլու ղեկավարությամբ ժամանած երաժիշտները Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կամերային երաժշտության հիանալի երեկո պարգեւեցին հայ ունկնդրին: Նրանք, տեղեկանալով մեր կոնսերվատորիայի ուսանողներից կազմված կամերայինի մասին, համագործակցության առաջարկ արեցին»:

Անդրադառնալով կամերային նվագախմբին, Յուրի Գալստյանն ասաց, որ ցանկալի է, որ այս նվագախումբը, ինչպես, օրինակ, կոնսերվատորիայի սիմֆոնիկը, ներգրավվի բուհի ուսումնական ծրագրում, նշելով. «Նախ՝ ուսանողները ավելի լավ կճանաչեն հայ կոմպոզիտորներին, կընդլայնվի նրանց մտահորիզոնը եւ, անշուշտ, այն կխթանի իրենց կատարողական մակարդակի բարձրացմանը»:

Առաջին անգամ հանդիսատեսին ներկայացած ուսանող-երաժիշտներից կազմված կամերային նվագախմբի մասին մասնագիտական կարծիք լսելու ակնկալիքով կապվեցինք որոշ արվեստագետների հետ: Կոմպոզիտոր Է. Սադոյանը գոհ էր իր ստեղծագործության մեկնաբանությունից. «Նրանց կատարումով հիացած էր նաեւ կոլեգաս՝ երաժշտագետ Սվետլանա Սարգսյանը: Կարծում եմ, որ այս ուսանողական նվագախումբը պետք է մշտապես գործի, ինչպես, օրինակ,  կոնսերվատորիայի սիմֆոնիկը: Ինչ վերաբերում է կոմպոզիտոր Յուրի Գալստյանին, ասեմ, որ նա  բնականից օժտված է դիրիժորական ձիրքով: Ողջունում եմ այն փաստը, որ Գալստյանն այլեւս կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր է»:

Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանը նշեց, որ ուսանողական   կամերայինի ելույթը հաստատեց այն, որ բուհը իսկապես մեծ պոտենցիալ ունի: Ինչ վերաբերում է նվագախմբի ներգրավմանը բուհական ծրագրում, պարոն Տերտերյանն ասաց. «Կամերային նվագախումբը արդեն կա, այնպես, ինչպես կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկը եւ կամերային ամբիոնի տարբեր կազմերով հանդես եկող ուսանողական անսամբլները: Բայց սա հնգամյա  կրթական պրոցես է եւ բնականաբար կոլեկտիվների կազմը փոփոխական է»:

Կոմպոզիտոր Է. Բեյլերյանն ասաց, թե եվրոպական երաժշտական կրթության հիմքը անսամբլային ուսուցումն է. «Ինչքան շատ լինեն նման կոլեկտիվներ, որտեղ դաստիարակվում են անսամբլային որակներ, այնքան լավ թե ուսանողների  եւ թե կոմպոզիտորներիս համար: Ի վերջո, ուսանողական կոլեկտիվները իրենց հետ բերում են ամենակարեւորը՝ երիտասարդական ավյուն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930