Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկարողացա թողնել հայրենիքս»

Հունիս 29,2013 12:45

Հարցազրույց կոմպոզիտոր, ԵՊԿ Ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանի հետ

– Որպես ամբիոնի վարիչ եւ մեծ վաստակ ունեցող կոմպոզիտոր՝ ի՞նչ կասեք ԵՊԿ-ի Ստեղծագործական բաժնի ներկայիս խնդիրների մասին:

– Այժմ կոմպոզիցիա առարկան դասավանդվում է ՀՀ ո՛չ բոլոր երաժշտական դպրոցներում (նախկինում կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնը սնվում էր այդ դպրոցների սաներով): Ամբիոնի պահանջները մեծ են, հետեւաբար դպրոցում պատշաճ բազա չստացած ուսանողին կրթելը ծանր աշխատանք է. դասախոսները ստիպված են շատ ժամանակ ծախսել այդ ուսանողներին հիմնարար, երբեմնեւ տարրական մասնագիտական գիտելիքներ տալու վրա: Այսպես որ շարունակվի՝ կկորցնենք մեր կոմպոզիտորական դպրոցը… Մեր դասախոսները պատրաստ են գնալ նույնիսկ մարզեր՝ ԵՊԿ-ի համար համապատասխան կադրեր պատրաստելու, սակայն կոմպոզիցիա առարկայի հաստիք ոչ բոլոր երաժշտական դպրոցներում կա, ինչպես որ էր հատկապես խորհրդային տարիներին: 2002-ից ղեկավարում եմ Կոմպոզիցիայի ամբիոնը. աշխատանքիս առաջին տարիներին դպրոցներից  ավելի շատ պատրաստված պատանիներ էին գալիս:

– Հայ ժամանակակից կոմպոզիտորների երկերը ներառվո՞ւմ են մեր երաժշտական հաստատությունների ուսումնական ծրագրերում:

-Ցանկալի եւ անհրաժեշտ է, որ հայ արդի կոմպոզիտորների ընտրյալ երկերը մտնեն մեր ուսումնական ծրագրերի մեջ: Ժամանակ առաջ Ֆրանսիայի մշակութային ֆոնդն ինձ ստեղծագործություն պատվիրեց սաքսոֆոնի եւ նվագախմբի համար, այն կատարվեց Շվեյցարիայում, ապա մտավ այդ երկրի երաժշտական ուսումնական հաստատությունների երկացանկ: Երբ հրավերով տարիներ առաջ այնտեղ էի, ինձ հետ հանդիպեցին ուսանողներ, որոնք ծանոթ էին եւ կատարել էին իմ երկերը… Այդ ժամանակ էր, որ  հրավեր ստացա դասավանդելու Լոզանի կոնսերվատորիայում, բայց մերժեցի՝ չկարողացա թողնել հայրենիքս:

-2013 թ. հայաստանյան «Կոմիտաս»  հրատարակչությունը  լույս է ընծայել Ձեր դաշնամուրային երկերի  ժողովածուն: Ձեր թե՛ կամերային, թե՛ խոշոր կտավի երկերը հնչում, հրապարակվում եւ ձայնագրվում  են արտերկրում…

-Այո,  բայց ավելի շատ կուզենայի, որ դրանք  կատարվեին իմ հայրենիքում: Անցյալ տարի դեկտեմբերին կայացավ իմ հեղինակային համերգը. ուրախալին այն էր, որ այն իրականացնելու առաջարկն անսպասելիորեն ստացա Հայաստանի պետ. երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղ. ղեկավար, տաղանդավոր դիրիժոր Ս. Սմբատյանից: Երիտասարդ երաժիշտները սիրով  եւ պատասխանատվությամբ կատարեցին երկերս:  Խորհրդային տարիներին գործում էր Ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, որը մշտապես նվագում եւ ձայնագրում էր հայ, նաեւ արդի հայ կոմպոզիտորների երկերը: 3-րդ կուրսում էի, երբ իմ սիմֆոնիկ պոեմը կատարվեց եւ մտավ ռադիոյի ոսկե ֆոնդ: Այսօր կոնսերվատորիայի շրջանավարտ կոմպոզիտորները պարտադիր սիմֆոնիկ երկ են ներկայացնում որպես դիպլոմային աշխատանք, սակայն ավարտելուց հետո գրեթե չեն գրում սիմֆոնիկ երկեր, քանի որ կատարման հույս չկա: Ըստ իս՝ հայ արժանավոր եւ խոստումնալից կոմպոզիտորներին պետությունը պետք է խոշոր կտավի (օպերաներ, սիմֆոնիաներ…) երկեր գրելու պատվերներ տա, այլապես կկորցնենք այդ ժանրերը: Հզոր  կոմպոզիտորական դպրոց ունենք, որ խորհրդային տարիներին հայտնի էր աշխարհին: Այսօր հայ կոմպոզիտորը գերադասում է գրել կամերային ժանրի երկեր, որ գոնե փառատոների ընթացքում կատարվեն: Յուրաքանչյուր կոլեկտիվ, որ գործում է ՀՀ-ում, առաջին հերթին պետք է մտածի հայ երաժշտություն կատարելու եւ տարածելու մասին:

-Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք այսօրվա ժամանցային երաժշտության առումով:

-Ժողովուրդը լսում եւ դիտում է անորակ գործիքավորումներ ու հոլովակներ, քանի որ համապատասխան ծրագրեր ձեւավորողները, որպես կանոն, կարելի է ասել, չեն դիմում անվանի, նաեւ երիտասարդ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների: Էստրադային երգեր գրող հիանալի կոմպոզիտորներ ունենք, սակայն եթերից հնչում են արաբա-թուրքական մեղեդային հիմքով երգեր՝ մի կողմ թողնելով մեր երաժշտական ավանդույթներից սերող երգերը, որոնցում, անկասկած, երաժշտական միտքը ճիշտ է շարադրված, շեշտադրությունը ճիշտ է, կառույց կա… Երբ էստրադայով ինքնուսներն են զբաղվում, վերը նշվածը ոտնահարվում է: 2012թ. «Արեւներ» երաժշտախումբը մանկական եւ պատանեկան երգերի  մրցույթ էր հայտարարել, եւ մեր ուսանողները մասնակցեցին դրան. նրանցից մեկը պատանեկան երգ անվանակարգում 1-ին մրցանակ ստացավ: Կոմպոզիտորը պիտի կարողանա ամեն ինչ գրել՝ եւ երգ, եւ սիմֆոնիա, եւ օպերա…

-Ի՞նչ երկերի վրա եք աշխատում այս պահին եւ ո՞րն է Ձեր նախընտրած ժանրը:

-Ավարտում եմ Չորրորդ սիմֆոնիաս, աշխատում ԱՄՆ-ից ստացած պատվերի վրա, ինչպես նաեւ գրում եմ «Բաղդասար Ախպար» օպերան: Օպերան իմ նախընտրած ժանրն է. լիովին կնվիրվեի դրան, եթե հնարավորություն լիներ: Այսօր կան կոմպոզիտորներ, որոնք օպերա են գրում, բայց  լիբրետիստ մասնագետներ գրեթե չունենք: Ունենք հրաշալի երգիչներ, որոնց հետ կարելի է հաջողությամբ աշխատել: Կուզենայի, որ օպերային բեմադրություններում ընդգրկվեն նոր բարձրակարգ ռեժիսորներ: Օպերայի հարցում պետք է պետական մոտեցում լինի. օպերան ամենագեղեցիկ եւ բարդ ժանրն է, որի ստեղծման վրա կոմպոզիտորն երբեմն աշխատում է տարիներ: Ըստ իս՝ պետությունը այդ ժանրում լուրջ հայտ ներկայացրած կոմպոզիտորներին օպերա գրելու պատվեր պետք է տա. օրինակ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Այնուհետեւ պետք է ընտրվի մի օպերա եւ բեմադրվի, հետագայում կարելի է բեմադրել նաեւ մյուսները: Այսօր մեր օպերային բեմը տեխնիկապես զինված է. նոր եւ դինամիկ օպերաների բեմադրությունը կհարստացնի մեր օպերային կյանքը:

Զրույցը՝ ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱՅԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930