Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ռեժիսորի «Մասնիկ» ֆիլմը պատմում է Ստամբուլի իրական դեմքի մասին

Հունիս 29,2013 11:40

Թուրք ռեժիսոր Էրդեմ Թեփեգյոզի «Մասնիկ» (Zerre) ֆիլմը ռեժիսորի առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմն է: Ռեժիսորը Թուրքիայում առավել հայտնի է իր վավերագրական ֆիլմերով: 2012 թվականին արտադրված ֆիլմը  ռեժիսորի երկրում՝ Թուրքիայում, արդեն հասցրել է ստանալ շուրջ 10 մրցանակ, այդ թվում՝ լավագույն ռեժիսոր եւ լավագույն դերասանուհի անվանակարգերում:

«Մասնիկ» ֆիլմը պատմում է Զեյնեփ Սոյնազի մասին, ով ապրում է Ստամբուլի կիսաքանդ թաղամասերի տներից մեկում՝ ծեր մոր ու հաշմանդամություն ունեցող դստեր հետ: Զեյնեփը ծանր աշխատանք է կատարում կարի ֆաբրիկայում, սակայն, շուտով նրան այնտեղից վռնդում են:

Ֆիլմի սյուժեի կենտրոնում են Զեյնեփի սոված մայրն ու հաշմանդամություն ունեցող դուստրը, որոնց միակ հույսը Զեյնեփն է:

Շարժվող տեսախցիկի միջոցով ռեժիսորը հրաշալի նկարագրել է այն միջավայրը, որտեղ գլխավոր հերոսուհին է ապրում՝ խարխուլ թաղամասեր, նեղլիկ, կեղտոտ փողոցներ, աշխատանքից հոգնած եւ անընդհատ աշխատանք փնտրող մարդիկ:

Ֆիլմի հեղինակը ցույց է տալիս հերոսուհու կյանքը՝ թույլ չտալով, որ հանդիսատեսը ներխուժի այնտեղ: Ռեժիսորի համար ավելի կարեւոր է ցույց տալ, որ Զեյնեփը միայն մի մասնիկն է այն մարդկային զանգվածի, որ ամեն օր հաց են հայթայթում իրենց ընտանիքները կերակրելու համար:

Իսկ ֆիլմի ավարտը ռեժիսորը դիտավորյալ անորոշ է թողել, որպեսզի թե հերոսուհին, թե հանդիսատեսն ընտրության հնարավորություն ունենան:

Էրդեմ Թեփեգյոզի «Մասնիկ» ֆիլմը ներկայացված է Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930