ՖԵՅՍԲՈՒՔ սոցիալական ցանցում կրկին ահազանգ է հնչեցվում. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐ, ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՐ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԵՐ «ԱԴԱՆԱՅԻ ՈՂԲԸ» ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ՄՆԱՑԵՔ…
Իհարկե, ահազանգն անհանգստացնող է, մտածում եմ. մեր թողած մեկնաբանությունները, մեր բողոքի ձայներն ի՞նչ են փոխելու, ու՞մ են հասնելու. այս երեւույթի դեմ անգամ ԶԼՄ-ների արձագանքներն անօգուտ են. այս այն դեպքն է, որ պետական մակարդակով պետք է կարգավորվի, որ սանձվեն հետագա նման ոտնձգությունները, որպեսզի թուրքերի, կամ ռուսների մոտ սովորություն չդառնա մշակույթ գողանալը. Հիմա կասեք ինչու՞ եմ ռուսներին էլ խառնում թուրքերի հետ` ասեմ: Ռուսները մեր տաղանդավոր մարդկանց` օրինակ. ծովանկարիչ Այվազովսկուն համարում են ռուս ծովանկարիչ, իսկ Արամ Խաչատրյանին ռուս կոմպոզիտոր, Արթուր Չիլինգարովին ռուս բեւեռախույզ ու դրա շարանը մեծ է, չկենտրոնանամ…
Իսկ մենք լսում ու անզորությունից համակերպվում ենք այս իրողությանը:
Եվ ահա վերջերս մի նոր ոտնձգություն, ես կասեի ապշեցուցիչ, արտառոց. ամիսներ առաջ ORT- ով հեռարձակված «жди меня» հաղորդումը դիտելիս կրկին անգամ հոգիս պղտորվեց. մի ադրբեջանցի տղայի որոնողական փնտրտուքների ողջ տեսանյութը ուղեկցվեց Ավետիք Իսահակյանի «Օտար ամայի ճամփեքի վրա» երգի երաժշտությամբ: Մի պահ ինձ թվաց, (ընդամենը` մի պահ) թե պատահականություն է ու հաղորդաշարի խմբագրության երաժշտական ձեւավորողը որպես տխուր մեղեդի հնչեցրել է հայկական երաժշտություն, բայց ինձ թվացյալ վարկածը անմիջապես էլ ինքս հերքեցի. միթե՞ նման պատահականություն է լինում, երբ ադրբեջանցի տղայի որոնողական աշխատանքները հայկական երաժշտությամբ պետք է ուղեկցվեր: Ռուս տասնյակ կոմպոզիտորների ստեղծած մեղեդիները միթե՞ չի բավարարում իրենց հաղորդաժամերին օգտագործելու համար, որ մտածված, այո, մտածված հայկական երաժշտություն են հնչեցնում:
Թեեւ չեմ կասկածում հաղորդաշարի ողջ լրագրողական անձնակազմի արհեստավարժությանը, բայց մտավախությունս մեծ է. Մի քանի անգամ հնչեցնելուց հետո կասեն ռուսական է` ինչպես թուրքերը. տերն ո՞վ է : Եվ ահա կրկին հունիսի 17-ին, կրկին «жди меня»-ն այս անգամ ուզբեկ երիտասարդի փնտրտուքները ծայրից- ծայր դարձյալ «Օտար ամայի ճամփեքի վրա» երգի երաժշտությամբ ուղեկցվեց:
Թուրքերը «ՍԱՐԻ ԱՂՋԻԿԸ» իրենցով անելուց հետո ախորժակները բացվեց . Վերջերս էլ մեր ազգային երգի` «ԶԱՐԹՆԻՐ ԼԱՈ»-ի երաժշտությունը «միամտորեն» սեփականացրեցին եւ ահա հերթական նոր ահազանգը` «ԱԴԱՆԱՅԻ ՈՂԲԸ»:
Իսկ մեր մշակույթի նախարարը որեւէ լուրջ քայլ կատարու՞մ է . իհարկե` ոչ:
Երեւույթը ակամայից հիշեցնում է Թումանյանի «Հառաչանք» պոեմի տողերը,-
Կարդացեք նաև
-Քաշում են տնից, քաշում են դռնից ու չես իմանում ո՞ր կողմը թռչես…
Հարց է ծագում. Մենք մշակույթի նախարարություն ունեն՞ք: Պատասխանը մեկն է. ժողովրդական լեզվով ասած անունը կա, ամանումը’ չկա: Բառիս բուն իմաստով գոյությունն է քաշ տալիս ու նրան բնավ էլ չի անհանգստացում, թե մեզանից ի՞նչ են գողանում, ի՞նչ են խլում ու օտարում. անհատների, եկեղեցի, խաչքար, պար, երգ-երաժշտություն…
Հերն էլ անիծած երգ է էլի, էդքան մեզանից տարել են, թող երգերն էլ տանեն, պրծնենք… Թող մեզ չտեսնելու, չլսելու տանք եւ ամեն բան անցուկ կլինի…
Պետության փողերը մղսելու տերն են միայն. այս ու այն կողմ անիմաստ շռայլելու, իսկ երբ մի լուրջ գործի համար փող է պետք’ փող չկա, տարիով սպասեք…
Ինչպես վերջերս մերժեցին Արցախի մասին գեղարվեստական «Թեկուզ» ֆիլմի նկարահանման ֆինանսավորումը: Բայց ֆինանսավորվում են այնպիսի անհեթեթություններ, որոնք մեր դարդին բնավ էլ դարման չեն անում…
Այսօրվա նախագահից սկսած եւ իշխանության բուրգին հայտնվածներին միայն մի բան է հետաքրքրում. իրենց տակի աթոռը չկորցնեն: Ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը. հայրենասիրություն ասվածը գործով են ապացուցում, ոչ թե ճառերով իմիտացիա ստեղծելով:
Այսօրվա այս հանդուրժողությունը մեր ձեռքից խլելու է մշակույթային անգին գանձեր, իսկ նրա թափուր տեղը զբաղեցնելու է այսօրվա անճաշակ, օտարահունչ մեղեդին:
Վերջապես ե՞րբ պետք է պետական մակարդակով կարողանանք տեր կանգնել մեր արժեքներին: Այսպես որ գնա կամաց-կամաց մեր ձեռքից խլելու են այն, ինչն արժեքավիր է, լավագույնը, իսկ մեր իշխանավորները իրենց աթոռներից կառչած, միայն մի հարցի շուրջ են կենտրոնացրել իրենց ջանքերը. ինչքան հնարավոր է երկար նստել իշխանության գահին. հերն էլ անիծած, թե հետո ինչ է լինելու. առաջնորդվելով’ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով:
Ինքնին հարց է ծագում. մեր երկիրը տեր, տիրական ունի՞, եթե այսպես գնա, մենք մոտ ապագայում մեր եղածի տերը չենք լինի:
Վախվորած մտածում եմ. ո՞րն է լինելու հերթական գողունը…
Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻ
ԲՐՅՈՒՍԵԼ, գրող հրապարակախոս