ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզի Ելփին, Ռինդ, Աղավնաձոր, Ազատեկ համայնքներ`անձամբ դիտարկելու խաղողի և պտղատու այգիները, ինչպես նաև հացահատիկային ցանքատարածությունները: Սերգո Կարապետյանի գնահատմամբ`մարզի նախորդ տարվա ցուցանիշները ոչ միայն չեն նվազի, այլև առանձին համայնքներում աճի միտումներ կարձանագրվեն, իսկ Ռինդ գյուղում`անգամ կկրկնապատկվեն:
Գյուղատնտեսության ոլորտում ներդրված պետական ծրագրերը` մատչելի գներով տրամադրված սերմերը, դիզվառելիքն ու պարարտանյութը, ինչպես նաև մթերումների ժամանակ գյուղատնտեսության նախարարության գործուն աջակցությունը, հիմք էր տվել հողօգտագործողներին ավելացնել ցանքերը, հիմնել խաղողի և պտղատու նոր այգիներ: :
«Այս դիտարկումներն ինձ համար յուրօրինակ աշխատանքային ուղեցույց կլինեն»,- ասաց նախարարը Աղավնաձոր համայնքում կազմակերպված խաղողագործների հետ հանդիպմանը և հորդորեց նրանց անկաշկանդ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին: :
Խաղողագործներն անմիջապես նախարարից էին ցանկանում ստանալ երաշխիքներ, որ իրենց խաղողը ժամանակին և ըստ պատշաճի կմթերվի և առանձնակի հոգատարություն էին ակնկալում պետությունից, որպեսզի չնվազի խաղողի հազվագյուտ նմուշ Արենի տեսակը: :
Նախարարը պատասխանեց բարձրացված հարցերին, հավաստիացրեց, որ բերքը կմթերվի ամբողջությամբ ու ճիշտ ժամանակին, և չնայած խաղողագործների պնդումներին՝ ձեռնպահ մնաց խաղողի մթերման հստակ գներ հրապարակելուց՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ գները որոշում է շուկան՝ առաջարկ-պահանջարկի հիման վրա: Սերգո Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա երկու օրերին մարզում կմեկնարկի ծիրանի մթերումը և ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես մթերումը կսկսի «Արարատ» սննդի կոմբինատը: Աղավնաձորցիները շնորհակալություն հայտնեցին նախարարին մթերման սեզոնին ընդառաջ կազմակեպված հանդիպման համար և հրապարակեցին իրենց համայնքի ավագանու որոշումը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին շնորհել համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: Նախարարի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցն ամփոփվեց մարզպետարանում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարարություն