Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանի որոշմամբ մարդու իրավունքներ են խախտվում (Տեսանյութեր)

Հունիս 28,2013 21:01

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նորամուծությամբ` մարզերի ծննդկաններին մայրաքաղաքի կլինիկաներում անվճար ծննդաբերելու արգելքով, Երեւանի շատ կլինիկաներում, ահագին նվազել է ծննդաբերությունը: Այս, իհարկե, բազմաթիվ կլինիկաների ղեկավարների ու մանկաբարձների գործին էլ «խփեց»: Ծննդկանների թվի կտրուկ նվազեցման փաստը, Aravot.am-ի հետ զրույցում, հաստատեց նաեւ Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադեւոսյանը:

Նշենք, որ հղի կինը ծննդօգնության սերտիֆիկատով անվճար սպասարկում այսուհետ կարող է ստանալ միայն այն համայնքի կլինիկայում, որտեղ գրանցված է, բացառությամբ բժշկի ցուցումով բարդեցված դեպքերի, որի ժամանակ կարելի է Երեւանի կլինիկայում էլ անվճար ծննդաբերել: Հղիների անվճար ծննդաբերության համար կառավարությունը բավականին մեծ գումարներ է փոխանցում հիվանդանոցներին, հետեւաբար որքան շատ ծննդկան, այնքան շատ գումար կունենա կլինիկան, որից նաեւ գումար է հասնում ծնունդ ընդունող բուժանձնակազմին: Իսկ եթե մարզի հղին, բարդության ցուցումներ չունի, բայց ցանկություն ունի իր գրանցման վայրից դուրս կլինիկայում ծննդաբերել, ապա պետք է վճարում կատարի:

Մեր այն դիտարկմանը, որ նախարարի այդ որոշմամբ, փորձ է արվում մարզերի կլինիկաների աշխատանքը խթանել, իսկ բժիշկների եւ կլինիկաների դժգոհության պատճառ է նաեւ իրենց վարձատրության ծավալի նվազումը, տիկին Թադեւոսյանն ասաց, որ այդ որոշմամբ կնոջ ընտրության իրավունքն է սահմանափակվում:

Բժշկուհու խոսքերով`«Ես հասկանում եմ, որ նախարարությունն այդ քայլերն ձեռնարկել է`հաշվի առնելով, որ մարզային ինչ-որ չափով վերանորոգած կլինիկաները կարողանան աշխատեցնել: Բայց կարծում եմ այսպիսի լուրջ հարցն այս ձեւով չի կարելի լուծել: Նախ պետք է հարցնել կնոջ կարծիքը: Ինչո՞ւ կինը կարող է ընտրել վարսավիր, մատնահարդար եւ այլն, բայց այսպիսի կարեւոր հարցը, ինչպես ծննդաբերությունն է, իրավունք չունի որոշելու: Մարզերում ստեղծված իրավիճակը բարելավելու համար ոչ թե պետք է միայն սարքավորումներ տեղադրել, այլ հնարավորություն տալ Երեւանի այն բժշիկներին, որոնք շատ ծանրաբեռնված չեն, գնան այդ մարզերը կայուն բարձր աշխատավարձով աշխատեն: Դրանից հետո գուցե հղին մտածի`արժե՞ մարզից գա հասնի Երեւան: Բայց այսօր խոչընդոտներ ստեղծել, որ կինը չկարողանա ծննդաբերել քաղաքի իր ընտրած կլինիկայում, սխալ է»:

Տիկին Թադեւոսյանը վստահեցրեց, որ անվճար ծննդօգնության  սերտիֆիկատի ներդրմամբ մայրաքաղաքի կլինիկաներում բարձր ցուցանիշ գրանցվեց հենց մարզի հղիների հաշվին 10 ծննդկանից 6-7-ը մարզի հղիներն էին:

«Սերտիֆիկատը նույնիսկ հիմա էլ տպագրվում է այն ձեւով, որ կինը կարող է հնարավորություն ընտրել այն հիվանդանոցում, որտեղ ինքը գերադասում է: Չգիտեմ այս օրենքն ինչ միտում  ունի, բայց եթե կա անվճար սերտիֆիկատ, բայց կնոջը պարտադրում են վճարել իր նախընտրած հիվանդանոցի համար, այսօրվա դրությամբ`աբսուրդ է»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանն էլ այս առնչությամբ ասաց. «Ես համաձայն եմ, որ առաջին հերթին մարդու իրավունքերի խնդիր կա, ով`որտեղ ուզում է ծննդաբերել, պետք է նրան հնարավորություն տալ: Մյուս կողմից հասկանում եմ նաեւ գաղափարը, որովհետեւ մարզերում ներդրում է կատարվել, մեծամասնությունում նորմալ բժիշկ չենք ունենում, կամ սարքավորումներ չենք ունենում, հիմա փորձ է արվում ինչ-որ ձեւով բալանսի բերել, բայց, իհարկե, սկսվել է ոչ ճիշտ տեղից, պետք է սկզբում մակարդակը բարձրացվեր, որովհետեւ ազգի մտածելակերպ ունենք, միշտ գլուխ գովելու խնդիր կա` ես Երեւանում եմ երեխա ունեցել, շատ անգամ հենց դրա դրա համար են գալիս: Մի օրինակ բերեմ. Իջեւանի հարակից գյուղերից մեկում` Աչաջուր համայնքի հիվանդանոցը տարեկան ունենում է նույնքան ծնունդ, որքան Իջեւան քաղաքի հիվանդանոցը: Դա բժշկի վերաբերմունք է, պրոֆեսիոնալիզմ եւ շատ այլ կարեւոր հանգամանքներ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930