Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր Հասմիկ Մանասերյանի եւ «Առավոտ» թերթի դեմ հայցը մերժվեց

Հունիս 28,2013 18:26

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հրապարակեց Սեդրակ Հովհաննիսյանի՝ ընդդեմ Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին գործով վճիռը:

Դատարանը մերժեց հայցապահանջը ամբողջությամբ եւ պարտավորեցրեց պատասխանող Հասմիկ Մանասերյանի փաստաբան Արմեն Բաղդասարյանին վճարել 100 հազար դրամ՝ փաստաբանական ծախսերի համար: Հիշեցնենք, որ 81-ամյա կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը վիճարկում էր մի շարք երգերի հեղինակային իրավունքը, մասնավորապես՝ երգահան Հասմիկ Մանասերյանի՝ «Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Պետք չէ սիրելի, պետք չէ», «Մի գնա, մի գնա», «Դու նորից ես գալիս» ստեղծագործությունների հեղինակային իրավունքը:

«Առավոտ» օրաթերթը վեճի հետ կապված այս տարվա փետրվարի 14-ին տպագրել էր. «Հայցվորի ներկայացուցիչը Մանասերյանին գրագող անվանեց, իսկ երգահանը հայցվորին՝ խելքը գցած»: Նշենք նաեւ, որ հրապարակման մեջ լսվել էին երկու կողմերն էլ:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը դատաքննության ժամանակ 9 էջից բաղկացած իր առարկություններն էր ներկայացրել դատարան, մասնավորապես անդրադարձել Սեդրակ Հովհաննիսյանի հասցեին օգտագործված արտահայտություններին, վերլուծելով, թե դրանք արդյոք վիրավորանք կամ զրպարտություն կարող են համարվել: Ա. Բաղդասարյանը հղում էր արել Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքներին, մասնավորապես՝ որ եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ա. Բաղդասարյանը իր առարկություններում հանգել էր նրան, որ անձի՝ իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորանքից կամ զրպարտությունից պաշտպանելու իրավունքին հակադրվում է այլ անձի ազատ արատահայտվելու իրավունքը, ուստի վիրավորանքի եւ զրպարտության գործերով անհրաժեշտ է ապահովել այդ հակադիր իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը:

«Վիրավորանքի եւ զրպարտության գործերով վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը վերլուծելով պետք է արձանագրել, որ քննարկվող  վեճի պարագայում որեւէ խոսք չի կարող գնալ Հասմիկ Մանասերյանի կողմից Սեդրակ Հովհաննիսյանին վիրավորելու, իսկ Աշոտ Հովնանյանի կողմից՝ նրան զրպարտելու մասին»,- առարկել էր Արմեն Բաղդասարյանը:

Պատասխանող կողմի դիրքորոշումը նաեւ հետեւյալն էր, որ Սեդրակ Հովհաննիսյանի պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու կամ արատավորելու որեւէ նպատակ, դիտավորություն պատասխանողները չեն ունեցել եւ որ նրանց կողմից կատարված արտահայտությունները ընդամենը գնահատող դատողություններ են՝ հիմնված Սեդրակ Հովհաննիսյանի վարքագծի վրա:

«Հասմիկ Մանասերյանի վերաբերյալ արտահայտված՝ Սեդրակ Հովհաննիսյանի հրահրող, զրպարտչական արտահայտությունների համատեքստում Հասմիկ Մանասերյանը եւ Աշոտ Հովնանյանը որեւէ ծայրահեղ, անզուսպ, վիրավորական կամ զրպարտչական արտահայտություն չեն արել՝ ուղղված Սեդրակ Հովհաննիսյնաի պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելուն կամ զրպարտելուն»,- պնդել էր պատասխանողների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Բաղդասարյանը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930