Վճռաբեկ դատարանը Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների գործով մայիսի ութին կայացրած որոշումը ուղարկել է կողմերին հունիսի 26-ին, բայց նշել է, որ գործը ուղարկել են կողմերին հունիսի 28-ին:
«Սա արվել է ուշացումով, բայց փաստում է այն մասին, որ գործընթացը սկսվել է եւ արդեն կունենանք դատական նիստի նշանակման օրը»,- այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների ամեն ուրբաթյա ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը:
Նա դժգոհեց, որ ակտիվիստների գործը ձգձգվում է. «Մշտապես իրավապահ մարմինները փորձել են հնարավորինս ձգձգել գործը`օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները: Եթե գործն ուղարկվելու համար պահանջվում է մեկ ժամ, այս իշխանությունները օգտագործելով ողջամիտ ժամկետ ձեւակերպումը, դա անում են 2-3 ամսվա ընթացքում: Ընթացքում, թե ինչ են որոշում, ինչ նպատակով են դա անում, դա այլ հարց է: Իշխանությունները փորձում են ժամանակ շահել` մտածելու իրենց հաջորդ քայլը եւ հարմար ժամանակ ընտրելու: Անգամ այս տեղերում ցուցաբերում են հանցավոր գործելակերպ»:
Կարդացեք նաև
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ շարունակեց. «Ոչ մեկս չի մոռացել այս իշխանությունների բնույթը: Նրանց աթոռները պահելու մղումով հարյուրավոր մարդկանց նստեցրել են, ունենք քաղբանտարկյալներ, մեր վարկանիշը աշխարհում ընկել է, զրկվել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից, հիմա կարծես թե, զրկվում ենք ԵՄ կողմից հովանավորվող դոնորների կոնֆերանսից: Եվ սա այս իշխանությունների ոճն է, որեւէ բան չի փոխվել»:
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ