«Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և նրա շուրջը համախմբված մի խումբ մարդիկ կոչ են անում միասին օգնել փոքրիկ Լիլիթին վերադարձնել առողջ մանկությունը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի բեմում հուլիսի 3-ին ժամը 19:00-ին տեղի կունենա բարեգործական գրական-երաժշտական երեկո «Հաղթիր, որ ապրես…» խորագրի ներքո:
«Երիկամի քաղցկեղով հիվանդ Լիլիթի մասին համացանցի միջոցով եմ իմացել: Երկար ժամանակ հետևում էի, հետո ցանցի միջոցով նրա ծնողներին էլ գտա ու սկսեցի անմիջական զրուցել և բուժման ողջ ընթացքի մասին տեղեկանալ, հենց այդ ժամանակ էլ որոշվեց գրական-երաժշտական երեկո կազմակերպել» – ասաց «Վիվարտ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Վարդուհի Գասպարյանը: Նրա խոսքով՝ եթե չկարողանան նույնիսկ տոմսեր վաճառել, գոնե հոգեպես փոքրիկի կողքին կլինեն ու կաղաղակեն աշխարհին, որ նման դեպքեր շատ կան. «Մենք պետք է միասնական լինենք ու օգնենք բոլորին», – նշեց հիմնադիր տնօրենը:
Ծրագրում լինելու է երգ, երաժշտություն, կատարողներ՝ Արսեն Համբարյան, Սուսաննա Մկրտչյան, կիթառահար՝ Մանուկ Մաթևոսյան: Ծրագիրը գրական երաժշտական է, ուստի կհնչեն նաև տարբեր հեղինակների ստեղծագործություններ, իսկ դրանք սիրով ձեզ կմատուցեն Աննա Կոստանյանը, Քրիստինե Թասլակյանը, Արտակ Մուսաելյանը: Եվ քանի որ համերգը կազմակերպված է փոքրիկ Լիլիթի համար միացել են նաև «Հյուսիս» և «Մագա դանս» մանկական պարային համույթները:
Կարդացեք նաև
Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000 դրամ է:
Տիգրանուհի Թասլակյան