ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին կիրակի օրը պատրաստվում է ընդունել արտերկրյա հյուրերի, որոնք, բնականաբար, սովորական մարդիկ չեն լինելու, այլ հայտնի արվեստագետներ, աշխարհահռչակ երգիչ- երգչուհիներ, ջութակահարներ:
Այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում քաղաքում. մի կողմից Վարդանանց հրապարակում բեմն են պատրաստում, մյուս կողմից՝ քաղաքի փողոցներն են կարգի բերում:
Մշակութային մայրաքաղաքի միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի օրը, երեկոյան 20.30-ին, որին ներկա կլինեն ԱՊՀ երկրների ներկայացուցիչները՝ մոտ 10-12 երկրներից, կլինի Գալա համերգ, ու առաջին մասում բացառապես կներկայացվի Գյումրվա մշակույթը:
«Մեզ մոտ կհյուրընկալվի Սոտկիլավան, գիտեք՝ աշխարհահռչակ տենոր է, նա ելույթ կունենա» ,- ասաց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ 76-ամյա Զուրաբ Սոտկիլավան ազգությամբ վրացի է, ծնված Աբխազիայում, այս պահին դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում, նա վրացական ու ռուսական օպերային երգիչ է, լիրիկական-դրամատիկական տենոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
Փոխքաղաքապետի տեղեկացմամբ, 80 միլիոն դրամ գումար է ծախսվել ամսի 30-ի միջոցառումների համար, որից 17 միլիոն 200 հազար դրամ ներդրում էլ ունի քաղաքապետարանը: Այս գումարով ձեռք են բերվել օրվա համար անհրաժեշտ տեխնիկան, քաղաքի բոլոր հատվածներում տեղադրված աթոռները: «Այսպիսի բեմ հանրապետությունում չկա, սա առաջին բեմն է իր մեծությամբ, իր հնարավորություններով:
Քաղաքապետը դիմեց «ՀայՌուսգազարդ»-ին`խնդրելով մեկ օրով վարձակալության տալ բեմը, սակայն նրանք ասացին` ձեզ ենք նվիրում այդ օրը, ոչ մի վարձակալություն», -ասաց Ռուբեն Սանոյանը:
Ըստ փոխքաղաքապետի, անվտանգության հարցը ևս լուծված է, այն լինելու է բարձր մակարդակով: «Անվտանգություն ասելով` ի նկատի ունեմ, քանի որ բարձրարժեք սարքավորումներ են տեղադրվելու, դրա համար հատուկ ծառայություն ենք վերցրել, որ հսկեն» ,- ներկայացրեց փոխքաղաքապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ