«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը անցնում է քաղաքական բոյկոտի ռեժիմի եւ դադարեցնում է աշխատանքը խորհրդարանում:
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` պատգամավոր Լեւան Բեժաշվիլին խմբակցության անունից հայտարարել է, թե այն պայմաններում, երբ «իշխանությունները ոչնչացնում են կուսակցական ենթակառուցվածքը Թբիլիսիում», իրենք չեն կարող քննարկել սովորական օրենքներ:
«Մենք չենք կարող քննարկել սերիալների արգելման կամ նման այլ օրինագծեր, երբ մեր գործընկերներին ձերբակալում են մտացածին մեղադրանքներով», – ասել է Բեժաշվիլին` հավելելով, որ կուսակցության հետագա ծրագրերի մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Վրաստանի ֆինանսների նախարարությունը ձերբակալել է Թբիլիսիի քաղաքապետարանի 4 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք նախկինում իշխող, ներկայումս ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ են:
Արման Հովհաննիսյան