Լրահոս
Օրվա լրահոսը

Այծյամ «խփելու» վնասը 250 հազար դրամ է

Հունիս 28,2013 15:59

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1968 թ. ծնված Գառնիկ Մխիթարյանը, 1990 թվականից լինելով «ՀՀ որսորդների եւ ձկնորսների» հասարակական կազմակերպության անդամ, 2013 թվականի փետրվարի 1-ին Եղեգնուտի մոտակա անտառում իր որսորդական հրացանով կատարել է այծյամի ապօրինի որս՝ պետությանը պատճառելով 250 հազար դրամի վնաս: Գ. Մխիթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ դատաքննությունը սկսվելը Գ. Մխիթարյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա կատարվածի համար զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատված չէ, խնամքին ունի անչափահաս երեխա, ամբաստանյալը նախաքննության ընթացքում հօգուտ պետական բյուջե վճարել է 250 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում:

Հունիսի 18-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը վճռել է Գառնիկ Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով («Ապօրինի որս, որ պատճառել է խոշոր վնաս»)եւ նրան դատապարտել 400 հազար դրամի չափով տուգանքի: Դատարանը վճռել է տուգանքի վճարումը տարաժամկետել 10 ամսով՝ Գ. Մխիթարյանին պարտավորեցնելով ամեն ամիս վճարել 40 հազար դրամ տուգանք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930