Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ

Հունիս 28,2013 15:53

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՔԿՀ-ի պետի տեղակալ Դ. Մուրադյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն`Դ. Մուրադյանը, 2011թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 6-ը աշխատելով որպես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, օժտված լինելով քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և բժշկական սպասարկման բաժինները համակարգելու լիազորությամբ, 2012թ օգոստոսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի կաշառք է պահանջել և ստացել նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ա. Հակոբյանից:
Նախաքննության տվյալներով Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից պահանջել և, որպես կաշառք, վերջինից անձամբ և նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլատրության համար:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930