2013թ.-ի հունիսի 26-ին Նոր Նորք և Ավան վարչական շրջանների առաջին ատյանների դատարանը, դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, մերժեց իմ հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի՝ իմ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Առաջին հայացքից դրական ընթացք ունեցող դատական գործընթացի նման հանգուցալուծումը ինձ ենթադրել է տալիս, որ դատարանի վրա եղել են ճնշումներ, քանի որ դատարանը առանց անդրադառնալու հրապարակված զրպարտիչ ու սուտ հայտարարությունների իսկությանը դրանք համարել է, թե իբր դրանք չեն արատավորում իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Այսինքն` դատարանն, ըստ էության, իմ փոխարեն գտել է, որ ես որևէ կերպ չեմ տուժել՝ իմ հասցեին տարածված սուտ տեղեկություններից: Ավելին` դատարանը նշել է, որ մեր “միջև տևական ժամանակ ընթացել են վեճեր, միմյանց գործունեության վերաբերյալ արվել են մեկնաբանություններ”։
Այդ մասով դատարանը փաստորեն ենթադրություն է անում, քանի որ ոչ միայն պատասխանող կողմը նման փաստ չի ներկայացրել, այլև ես երբևէ Իգիթյան Լևոնի մասին որևէ ոչ միայն վիրավորական, այլև կարծիք չեմ հայտնել, մինչև «Կենտրոն» հեռուստատեսությամբ տեղի ունեցած հանդիպումը։ Քանի որ Լևոն Իգիթյանը ինքն իր էությամբ ու իր կենսագրությամբ առհասարակ ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Լևոն Իգիթյանը հանդիսանում է Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանի ամենահավատարիմ անձանցից մեկը և նա հաճախ ստանձնում է Երևան քաղաքը այս վիճակին հասցրած Նարեկ Սարգսյանի գլխավորած խունտայի խոսնակի դերը, քանի որ այդ “համակարգում” այլ դեր չի էլ կարող ստանձնել հասկանալի պատճառներով։ Այդ մասին են վկայում նաև նրա 2012 թվականին ստացած ոչ թե վաստակավոր ճարտարապետի կոչումը, այլ մշակույթի վաստակավոր գործչի կոչումը, ենթադրաբար հատկապես օրալ մշակութային գործունեության համար։ Նա իր խոսնակային պարտականությունների կատարման ժամանակ աչքի է ընկել “կոմպրոմատներ բացահայտելով” (տես նույն «Կենտրոն» հեռուստատեսության հաղորդումը) ու վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով ոչ միայն իմ, այլև այլ շատ ավելի վաստակավոր ճարտարապետների մասին։ Դրանք բազմաթիվ են, որոնց շրջանակից է այն փաստը, որ նա գրեթե միշտ ներկա է եղել վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ճարտարապետական կարևոր քննարկումներին սկսած՝ 14 տարեկանից. մեկ Պողոս Պետրոս եկեղեցին է դառնում “սառայ”, մեկ Ազգային պատկերասրահը դառնում “յաշիկ”, մեկ նա ինձ դասավանդել է, հետո պարզվում, որ չի դասավանդել ու այդպես շարունակ։
Ավելին` մինչ դատարանի վերջնական վճռի հրապարակումը Լևոն Իգիթյանը Aravot.am կայքին 19.06.2013-ին տրված հարցազրույցի ընթացքում հանդես է եկել իր մշտական դերակատարությամբ` ցեխ շպրտելով ու ստահոդ արտահայտություններ տարածելով իմ մասին։ Ինչպես և նախորդ անգամ, չեմ համարում, որ մեր օրերում իգիթյանական ոճով պետք է պատասխանեմ բոլոր ստերին ու արտահայտություններին, ավելին` ապացույցներ ներկայացնեմ դրանց ստահոդ լինելու համար։ Ողջ դատավարության ընթացքում փորձել եմ չշեղել դատական ընթացքը, ըստ էության ընթանալուց և միայն մեկ անգամ եմ բարձրաձայնել իմ հասարակական գործունեության և այս հայտարարությունների կապի մասին։ Չնայած իմ այդ պահվածքին պաշտպանական կողմը նման փորձեր արել է մի քանի անգամ, ավելին՝ ակտիվ զբաղվել է իմ նկատմամբ նյութեր հավաքագրելով, իբր թե ինչ-որ բաներ ապացուցելու նպատակով, ինչի արդյունքում ոչ միայն չեն ապացուցվել Իգիթյանի տարածած տեղեկությունները, այլև կրկին անգամ խախտվել են իմ իրավունքները, այս անգամ արդեն՝ անձնական կյանքի գաղտնիության Սահմանադրական իրավունքը։
Վստահ եմ, որ ինչպես ճարտարապետական հանրույթի շատ ներկայացուցիչներ մեր քաղաքացիներից շատերը նույնպես դադարել են այս անձնավորությանը լուրջ ընդունել։ Նրա ոչ արտահայտությունները, ոչ առհասարակ իրեն այնքան լուրջ չեմ ընդունում, որպեսզի անդրադառնամ դրանց։
Կարդացեք նաև
Ցանկանում եմ միայն նշել, որ ես իրավական պետության իմ տեսլականի շրջանակում շարունակելու եմ հետամուտ լինել ստախոս ու զրպարտիչ արտահայտությունների վերաբերյալ այդ անձնավորությանը պատասխանատվության ենթարկելու գործընթացին։ Ավելին` որպես ճարտարապետ, քաղաքաշինության ոլորտի մասնագետ ու ՀՀ քաղաքացի, իրացնելով խոսքի ազատության իմ սահմանադրական իրավունքը, շարունակելու եմ իմ դիրքորոշումը հայտնել Երևան քաղաքում մի խումբ ճարտարապետների մասնակցությամբ տարվող հակամշակութային ու հակաճարտարապետական գործընթացների մասին, որոնք գլխավորում է Նարեկ Սարգսյանը։ Դա արել եմ սկսած 2000-ականներից, առանց վայրկյան իսկ վհատվելու։ Նարեկ Սարգսյանը կարող է Լևոն Իգիթյանին նետել մեջտեղ ինձ “նսեմացնելու” փորձեր կատարելու, տարածել սուտ ու միակողմանի նյութեր իմ անձի շուրջ, կարող է դեմն առնել այն բոլոր առաջարկությունների, որոնք առնչվում են մեր գրասենյակի ներգրավմանը տարբեր ծրագրերում, որոնցում մենք մրցունակ ենք և այլն։ Սակայն դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու իմ ու իմ գործընկերների աշխատաոճի վրա։
Դատական գործընթացը սկսելով ես ունեցել եմ երկու նպատակ։ Նախ և առաջ` ցանկացել եմ իրավական գնահատական տալ ենթադրաբար Նարեկ Սարգսյանի կողմից հնարված այս սուտ տեղեկությունների վերաբերյալ, որոնք առաջին անգամ հանրային հարթակում միամտաբար բարձրաձայնել է Իգիթյանը՝ ծառայություն մատուցելով Նարեկ Սարգսյանին։ Փաստորեն դատական գործընթացը ողջ ընթացքում վեց իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններից մեկն անգամ չունեցավ փաստական ապացույց, ինչը դատարանը պարտավոր էր գնահատել ի վնաս պատասխանողի և համապատասխան գնահատական տար պատասխանողի անբարեխիղճ գործողություններին, սակայն այդպես չի վարվել։
Երկրորդ, ես սրանով նպատակ ունեի արժևորել հանրային հարթակում խոսքի ու գործի նույնականությունն ու դրա կարևորությունը։ Վերջին տասնամյակում իմ կողմից բարձրաձայնված ցանկացած քննադատության ու պետական չինովնիկների անփույթ վերաբերմունքի համար հնչեցված բոլոր մեղադրանքների համար հենց այս պահին պատրաստ եմ ստորագրել։ Նարեկ Սարգսյանի խունտայի խոսնակը բազմահազար հեռուստադիտողների ներկայությամբ արտահայտած սուտ մտքերի վերաբերյալ նույնիսկ դրան հաջորդած շրջանում հավաքագրած նյութերի հիման վրա չկարողացավ ապացուցել դրանք։ Դրա արդյունքում կառուցեց պաշտպանությունն ու հետո դատական վճիռն էլ կայացվեց վիրավորելու նպատակ չունենալու “մեղայականի” վրա, որի հիմնազուրկ լինելը պարզ է բոլորին։
Փաստորեն դատարանի նման վճռի ուժի մեջ մտնելու դեպքում կստացվի, որ այսուհետ ցանկացած ոք կարող է մեկ ուրիշին հեռուստատեսությամբ վիրավորել՝ ասելով “անշնորհք” ու պատասխանատվություն չկրել: Այսուհետ դատավորին կարե՞լի է ասել անշնորհք և հետո պարզաբանել թե անշնորհքը նշանակում է շնորհքից զուրկ ու ասել, թե դա վիրավորանք չի պարունակում՝ իր սկզբնական, լեզվաբանական իմաստով: Կամ օրինակ կարե՞լի է ցանկացած նախարարի ասել՝ հավաքարար, քանի որ իրենց ղեկավարած կազմակերպությունում աշխատում են հավաքարարներ և այլն։
Ցավում եմ, որ Լևոն Իգիթյանի այս պահվածքի համար նախադեպ է ստեղծվում ու նրան ազատություն տալիս ապագայում ևս զրպարտել Երևանում տեղի ունեցող այլանդակությունների դեմ բարձրաձայնողների ուղղությամբ։ Ենթադրաբար նույն ոճով շարունակելով նրան վարձահատույց լինելով ապագայում նա կունենա նոր հնարավորություն մեկ այլ մշակութային օջախ ևս չարչիանոցի վերածել, ինչպես դա ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում մեր շատ սիրելի Մանկական գեղագիտական կենտրոնում ու Ժամանակակից արվեստի թանգարանի շրջապատում։
Այսպիսով, մաղթում եմ Լևոն Իգիթյանին քաջ առողջություն՝ տեսնելու համար իրենց խունտայի տխուր վախճանն ու առաջարկում վայելել իր “վաստակած” հանգիստը, ազատելով մեզ իր էժան ու ժամանակավրեպ “լապշաներ” կախելու դերակատարությունից ու ապրել արժանավայել։