«Առավոտ երիտասարդականի» բլից հարցման հյուրը հայտնի և սիրված երգիչ Արսեն Սաֆարյանն է: 36-ամյա երգիչը 3 ձայնասկավառակների հեղինակ է, մասնակցել է բազում մրցույթների, արժանացել մրցանակների՝ «Ոսկե քնար» և այլն, ունեցել համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2003 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ»…
Ձեր սիրած գիրքը:
-Վերջին գիրքը, որ կարդացել եմ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկը»-ն է … Չէի ասի, թե ամենասիրածս գիրքն է, բայց շատ եմ հավանել:
Սիրելի քաղաքը …
-Երեք սիրած քաղաք ունեմ՝ Ստեփանակերտը, Հրազդանը, Երևանը. ծնվել եմ Ղարաբաղում, մեծացել եմ Հրազդանում, ապրում և ստեղծագործում եմ Երևանում:
Քաղցրավենի՞ք, թե՞ միրգ:
-Միս: Եղբայրս լավ խոսք ունի. «Մրգերից և քաղցրավենիքներից ամենաշատը սիրում եմ մսեղենը». սա է իմ պատասխանը:
Ունե՞ք ֆոբիաներ:
-Երևի թե մինչ ամուսնանալս և ընտանիք կազմելս ոչինչից չէի վախենում, իսկ հիմա մի փոքր վախենում եմ, որովհետև շատ անելիքներ ունեմ…
Ֆոբիաներ չունեմ, ավելի շատ զզվում եմ…
Ինչի՞ց:
-Սողուններից , կրծողներից և այդ տեսակի մարդկանցից:
Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր թուլությունը:
-Ծխում եմ:
Ե՞րբ եք վերջին անգամ լաց եղել:
-Այդպիսի իրավիճակ ստեղծվեց, հուզվեցի «ցի» մասնիկի պատճառով, ես հուզվել էի ոչ միայն ինձ համար, այլև մարդկության համար, որ շատերը տարբերություն են դնում՝ քյավառցի, ղարաբաղցի և այլն…
Սիրած արտահայտությունը…
«Լավ կլինի, ամեն ինչ լավ ա լինելու» կամ «Ամեն ինչ քեզնից է կախված»:
Իսկ չսիրած արտահայտությունը, որ լսում եք կանանց կողմից…
«Ես պատրաստել չգիտեմ»: Ինձ համար նույնիսկ ամենագեղեցիկ կինն է տգեղանում, երբ կիրառում է այդ արտահայտությունը:
Կնշե՞ք ամենամեծ նվերը, որ երբևէ ստացել եք:
-Բալիկներս՝ աղջիկս և տղաս: Հույս ունեմ, որ էլի նվերներ կստանամ:
Աղջկա թե՞ տղայի տեսքով:
-Դուք ՝ ժուռնալիստներդ, շատ հետաքրքրասերն եք (ժպտում է ,-հեղ) … Ինչ Աստված կկամենա. թող և՛ աղջիկ, և՛ տղա լինի, շատ երեխաներ լինեն: Պետք չէ վախենալ նրանց մեծացնելուց, երկուսին մեծացնողը չորսին էլ կմեծացնի:
Կա՞ որևէ իր, որ միշտ կրում եք որևէ տեղ գնալիս:
-Միշտ կրում եմ վզնոցս, որը անվանական է ՝ խաչս՝ իր սիմվոլներով և ժամացույցս, որը շատ հավատարիմ ընկերոջ նվեր է: Ես սնահավատ չեմ, բայց եթե տանից դուրս գալուց մոռանում եմ, շատ եմ նեղվում:
Ձեր ամենամեծ նվաճումը:
Ամենամեծ նվաճումը ընտանիքս է : Բացի կնոջիսց, երեխաներիցս, եղբայրս էլ է ինձ համար մեծ նվաճում, որովհետև ամբողջ նվաճումներիս ընթացքում եղել է կողքիս, նաև նրա շնորհիվ են եղել նվաճումներս: Նվաճումներ են եղել երեք ձայնասկավառակներս, տեսահոլովակներս, որ երբեք մակերեսային չեմ ներկայացրել, ինչ-որ մեկից չեմ արտատպել, նվաճումներ են քիչ, բայց բովանդակալից մենահամերգներս: Շուտով նվաճում կլինի նաև 4-րդ ձայնասկավառակս: Նվաճում է նաև առանձնատունս, որ անձամբ ինքս եմ կառուցել: Նվաճում են ընկերներս, կոլեգաներս, Երգի պետական թատրոնի 4 տարվա ուսումնական աշխատանքը՝ Արթուր Գրիգորյանի գլխավորոթյամբ:
Զրուցեց՝ Նազենի Բաղդասարյանը