Բելգրադի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետն ավարտած Մոմչիլո Մրդակովիչը երկար տարիներ աշխատել է որպես ռեժիսորի օգնական: Մասնավորապես՝ 1981-ից սկսած, նա եղել է սերբ հանճարեղ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի օգնականը եւ իր մասնակցությունն է ունեցել Կուստուրիցայի «Ընդհատակ» ֆիլմում:
«Մամարոշ» (Mamaroš) ֆիլմը Մրդակովիչի ռեժիսորական դեբյուտն է: «Մամարոշ» ֆիլմի (թարգմանաբար՝ «Մամայի բալիկ») իրադարձությունները ծավալվում են 1990-ականների Բելգրադում, եւ ֆիլմի գլխավոր հերոսը Պերան է, ով ապրում է մոր հետ՝ նրա ստվերի ներքո:
Պատերազմական այդ ծանր ժամանակաշրջանում, երջանիկ պատահականությամբ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Պերան, «գրին քարտ» է շահում եւ ծանր փորձություններից հետո մոր հետ մեկնում է ԱՄՆ:
Պերան, ով իր ողջ կյանքում կինոմեխանիկ էր աշխատել, հայտնվելով Նյու-Յորքում, հանկարծ հասկանում է, որ էլ իր սիրած գործով զբաղվել չի կարողանա, քանի որ կինոն փոխել է իր ֆորմատը՝ ժապավենից անցնելով թվայինի:
Կարդացեք նաև
Սկզբից հիասթափվելով այդ փոխակերպումից՝ կինոմեխանիկը իր սիրած գործը շարունակելու համար նոր մեթոդ է գտնում: Նա հավաքում է անպետք կինոպրոյեկտորները եւ ճանապարհ է ընկնում՝ հույս ունենալով մարդկանց հասցնել ժապավենային կինոյի ողջ հմայքն ու լույսը:
Մոմչիլո Մրդկավիչի ռեժիսորական դեբյուտ հանդիսացող «Մամարոշ» ֆիլմը, ի թիվս 15 այլ ֆիլմերի, ներկայացված է օրերս Մոսկվայում անցկացվող Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:
Լրագրողների հետ հանդիպմանը Մրդակովիչը եկել է մոր հետ եւ հայտարարել, որ ֆիլմը նկարել է հենց նրա համար: Նա նաեւ ասել է, որ ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա:
Կինոքննադատներն արդեն նկատել են, որ ֆիլմը համեմված է սերբ ժողովրդին հատուկ լավատեսությամբ, իսկ դերասան Բանե Վիդակովիչը, խոսելով սերբերի լավատեսության մասին, ասել է. «Մեր երկրում կյանքի դժվարությունների վերաբերյալ կա երկու մոտեցում՝ քմծիծաղ եւ ծիծաղ: Դրանք հաճախ են օգնում դուրս գալ դժվարին իրավիճակներից»:
Հարկ է նշել, որ «Մամարոշ» ֆիլմը այն վերջին ֆիլմերից է, որ նկարված է ժապավենի վրա:
Աշոտ ԱԹԱՅԱՆ