«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագծի ղեկավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «Կինոլրագրողներ առանց սահմաննների» ծրագրի համակարգող
Արթուր Վարդիկյանը, «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը եւ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի համակարգող Գոռ Բաղդասարյանն այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում խոսեցին նախագծի առաքելության, ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի ու փառատոնի թարմացված կայքի մասին:
Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ ՌԱՍ-ը սկզբում սկսել է աշխատաժողովներից, քննարկումներից, հետագայում վերածվելով տարածաշրջանային լուրջ հարթակի, որտեղ ռեժիսորներն ու պրոդյուսերները կարող են իրենց փորձը փոխանակել եւ լուրջ աջակցություն ստանալ. « Սրանով խթանում ենք տարածաշրջանում կինոարտադրության զարգացմանը եւ նպաստում մասնագիտական մակարդակի բարձրացմանը: 2011-ին ՌԱՍ նախագիծն արժանացել է ԵՄ հավանությանը»:
Տիկին Հարությունյանը նշեց, որ ՌԱՍ նախագիծը գնալով ավելի ճանաչված է դառնում Արեւելյան համագործակցության կինոարտադրողների շրջանում: Նաեւ հավելեց. «Թեմաները, որ քննարկում ենք, կարող են շատ կնճռոտ լինել, այս հինգ տարվա ընթացքում ստեղծագործողների այնպիսի շրջանակ է ստեղծվել, որտեղ հայ եւ թուրք կինոգործիչները չեն վախենում իրար երեսի նայել կամ հարցեր քննարկել…Ամեն դեպքում, հայ-թուրքական ծրագիրը հայանպաստ ծրագիր է»:
Կարդացեք նաև
Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ իրականացնում են ծրագրեր յոթ ուղղություններով, ստեղծել են ցանց, որը կմիավորի կինոգործիչներին.«Դա անում ենք wwwdabhub.com կայքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով»: Նրա խոսքով, իրենց հիմնական ծրագիրը ՌԱՍ համատեղ արտադրության ֆորումն է, որը այս տարի կկայանա հուլիսի 9-14-ը՝ Թեքեյան կենտրոնում, Ֆորումին մասնակցելու համար ընտրվել է Արեւելյան գործընկերության երկրներից 12 նախագիծ: Նրանք կպայքարեն երեք դրամաշնորհների համար: Դասվարների թիմում ընդգրկված են սերբ կինոգետ եւ պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը եւ Կատարի Դոհայի կինոինստիտուտի ծրագրերի բաժնի տնօրեն Լյուդմիլա Ցվիկովան:
Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ փորձում են միջազգային փորձագետի միջոցով կարգավորել նաեւ ադրբեջանցի կինոգործիչների հետ համագործակցության հարցը:
Սուսաննա Հարությունյանն էլ հավելեց, որ ինչ վերաբերում է Թուրքիային, այն միշտ պատրաստ է համագործակցության, իսկ «պտուղներն» արդեն ստեղծված ֆիլմերն են:
Գոռ Բաղդասարյանը հայ-թուրքական կինոպլատֆորմից խոսեց: Ասաց, որ պլատֆորմի հիմնական նպատակն է հայ-թուրքական կինոարտադրության խրախուսումն ու աջակցումը: Գոռ Բաղդասարյանի խոսքով. «Արդեն 12-ից ավելի ֆիլմեր են հովանավորվել պլատֆորմի կողմից, եւ դա անդեմ ֆինանսական աջակցություն չէ: Մինչեւ այսօր էլ կայանում են հովանավորված ֆիլմերի ցուցադրություններ, աջակցում են ֆիլմերի արտադրության պրոցեսներին»: Այս անգամ ընտրվել է հինգական նախագիծ՝ հայկական եւ թուրքական կողմից: Նա անձնական օրինակով պատմեց, որ 2010-ին իր «Հարեւանները» ֆիլմը ստացել էր աջակցություն ինչպես ֆինանսական, այնպես էլ կազմակերպչական: «Հարեւանները» երկու տարի առաջ ցուցադրվել է «Ոսկե ծիրանի» շրջանակներում:
Արթուր Վադիկյանը պատմեց, որ արդեն երկու տարի շարունակ կազմակերպվում է «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը: Այս տարի էլ այն բաղկացած կլինի տեսական եւ գործնական մասից: Տեսական մասը վարելու է հոլանդացի կինոքննադատ Պետեր Վան Բյորենը, իսկ գործնական մասը՝ փառատոնի օրաթերթի խմբագիրներ՝ հոլանդացի Ռոնալդ Ռովենսը եւ Գենոֆիա Մարտիրոսյանը՝ Հայաստանից:
«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց փառատոնի թարմացված կայքը. «Քանի որ տարին հոբելյանական էր, որոշեցինք կայքն էլ փոխել, որովհետեւ ձանձրացել էինք հին տեսքից»: Կայքը այսօրվա տեսքն ունի SiteMax ընկերության շնորհիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ