Մոնղոլները իրենց ներխուժումով ե՛ւ Ռուսիան, ե՛ւ նույնիսկ Չինաստանը դարձրեցին միասնական պետություններ: Կարելի է ասել՝ ձեւավորեցին, ամբողջացրին՝ արթնացնելով նրանց մեջ ազգային գիտակցությունը: Քանզի նրանք, մինչ մոնղոլների ներխուժումը, առանձին պետություն-թագավորություններ էին, նույնիսկ քաղաք-պետություններ:
Տարիներ շարունակ ես մտովի պատկերացնում եմ, թե ինչ զգացում ունեցան մոնղոլ զորավարներն ու իրենց զինվորները, երբ Դնեպրի ձախ ափից տեսան Կիեւ քաղաքը, նրա ոսկեզօծ գմբեթները, ինչը նրանք երբեք չէին տեսել, եւ նրանց թվում էր, որ այդ ամենը ոսկի է: Մի բան, որ երբեք չէին տեսել խաշնարածի իրենց կյանքում:
Փորձում եմ պատկերացնել նաեւ, թե ինչ ապրեցին Վոլգա մեծ գետի աջ ափին ապրող ռուսները, երբ տեսան, թե ինչպես հարյուր-հազարավոր ձիեր հակառակ ափից Սուբութայ զորավարի աշխետ ձիու առաջնորդությամբ մտան ջուրը եւ լողացին դեպի ռուսական ափ՝ իրենց պոչերից կառչած զինվորների հետ:
Հիմա, իհարկե, դժվար է դա պատկերացնել, բայց այսօր ես համառորեն ուզում եմ տեսնել այդ տեսարանը, քանի որ գիտեմ, որ դա այդպես եղել է. չկար ռուս ազգ, կային ռուսներ. ռյազանցի, նովգորոդցի, կիեւցի եւ այլն: Ու մոնղոլական երկու հարյուր հիսուն տարվա տիրապետությունը նրանց դարձրեց մի ցեղ, մի լեզվով խոսող ժողովուրդ եւ բերեց ցեղի ինքնագիտակցության, այսինքն՝ կենտրոնացված պետության…
Կարդացեք նաև
Կյանքը հետաքրքիր է, եղավ այնպես, որ լրագրողական իմ թափառումների ընթացքում Մեծ Ռուսիայում շատ բան տեսա եւ կարծես ինչ-որ բան ճանաչեցի. Ենիսեյ գետի ափին, Աստծուց մոռացված մի գյուղում, ծռված մի խրճիթի առաջ նստած մի տատիկ տեսա՝ իր տնակի պես հին, ով ինձ ու իմ ընկեր Մարկ Գրիգորեւին հրավիրեց լողանալու, ասելով՝ բաղնիքը վառել եմ, ջուրն ափսոս է: Տեր Աստված, ինչքան հրեշտակի նման էր այդ տատիկը եւ գուցե հրեշտակ էր ծերացած, ում չճանաչեցինք:
Ես չգիտեմ՝ ինչու հիշեցի այդ հրաշք տատիկին, չգիտեմ նաեւ, թե ինչու է հիմա ցավում սիրտս, չգիտեմ:
Երեւի ճիշտը ակադեմիկոս Լիխաչովն էր, ում հետ պատիվ ունեցա հանդիպելու Գրիբայեդովի տանը, ուր ներկա էին Այթմատովը եւ Օլժաս Սուլեյմանովը՝ «Ազիա» գրքի հեղինակը, որտեղ փորձում էր ապացուցել, որ շումերները իրենք են, այսինքն՝ թյուրքալեզու ժողովուրդ: Ինչպես նաեւ «Ասք Իգորի գնդի մասին» ռուսական էպոսը համարում էր իրենցը: Եվ Լիխաչովը՝ այդ պայծառ մարդը, ասաց. դուք՝ հայերդ, ամենահին ազգն եք, եւ դուք եք ստեղծել առաջին պետությունը, շումերները դուք եք: Թանձր լռություն իջավ Լիխաչովի խոսքերից հետո, եւ միայն Այթմատովը խոսեց՝ հիշելով Նարեկացուն…
Եվ այսօր զենքավաճառության դավադրությունը տեսնելով՝ ես միամտաբար շարունակում եմ զարմանալ: Երբ Պետրոս Մեծից սկսած՝ Ռուսիան իր առաջ խնդիր էր դրել պահպանել հարավային սահմանները՝ ի դեմս Հայաստանի: Եվ տեղի ունեցավ զարմանալի մի բան. հետագա թագավորները եւ այսօրվա նախագահները արեցին եւ անում են այնպես, որ Հայաստանը միշտ կախման վիճակում լինի եւ մեծ եղբոր ենթակա: Իսկ իրականությունն այն է, որ մեծ եղբայրը մենք ենք, հայերն ու Հայաստանը, եւ մեզ արդեն չի կարելի խաբել:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ