Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի այլընտրանքը առայժմ միայն թանկ էլեկտրաէներգիան է

Հունիս 28,2013 14:10

Գազի սակագնի թանկացումից առաջ, երբ արդեն խոսակցություններ կային, որ ուզած-չուզած՝ այն թանկանալու է, եւ թանկացումից հետո էլ տարբեր մասնագետներ սկսեցին կոչ անել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել էներգետիկ ներքին ռեսուրսներին եւ սկսել թափով կիրառել այլընտրանքային էներգետիկան: Հատկապես շատ խոսվեց արեւային էներգիայի լայն կիրառմանն անցնելու մասին. մասնագետները այս հարցում հայցում են կառավարության աջակցությունը, բայցեւ դժգոհում են, որ պետությունը մատը մատին չի տալիս արեւային էներգետիկայի ոլորտի գիտնականներին ու ներդրողներին օգնելու կամ հարկային արտոնություն տալու համար:

Այլընտրանքային էներգետիկայի աղբյուր ունենալը նախեւառաջ որոշ առումով կթեթեւացնի արտաքին էներգակիրներից Հայաստանի կախվածությունը, եւ, ասենք, գազի գնի թանկացումից մի ամբողջ պետություն ու տնտեսություն քիչ կախված կլինեն:

Գազին այլընտրանքային էներգիա ապահովող օբյեկտներից Հայաստանում առայժմ միայն Մեծամորի ատոմակայանն է. համենայնդեպս, այսպես է կարծում Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի էներգետիկայի ռազմավարության կենտրոնի մասնաճյուղի տնօրեն Վահան Սարգսյանը:

Արդյոք Հայաստանն ունի՞ այն հնարավորությունը, որով տեղական էներգետիկ աղբյուրների հաշվին կկարողանա արտաքին էներգակիրների ազդեցությունից գոնե որոշ առումով ազատվել: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սարգսյանը մեկ առ մեկ նշեց մեր բոլոր աղբյուրներն ու դրանց հնարավորությունները: Օրինակ, ըստ պարոն Սարգսյանի՝ էներգիայի տեղական աղբյուրներ են փոքր ՀԷԿ-երը, որոնք, սակայն, էժան էներգիա չեն տալիս, եւ բացի այն, որ այս ՀԷԿ-երի արտադրանքը բավականին թանկ է, դեռ մի բան էլ լուրջ վնասներ են հասցնում շրջակա միջավայրին. «Միայն բնապահպանական տեսանկյունից դրանք շահագործելն այնքան էլ ճիշտ չէ. նախ՝ կոպիտ ասած, ինչ խուժանություն ասես, որ չեն անում, օրինակ՝ ջուրը պիտի քիչ վերցնեն՝ շատ են վերցնում, էկոհամակարգն է խաթարվում եւ այլն, եւ այլն: Բացի այդ, գինն էլ համեմատաբար բարձր է, մոտ 260 մեգավատ հզորություն կա, որ դեռ կարելի է օգտագործել փոքր ՀԷԿ-երից, որոնք ինչ-որ չափով շահավետ են տնտեսապես, բայց դա այնքան էլ շատ չէ: Փոքր ՀԷԿ-երն ինչքան շատ լինեն, էներգիայի մասնաբաժնում դրանց գինը բարձր է լինելու, այսինքն՝ ոչ մի նոր փոքր ՀԷԿ ավելի էժան էներգիա չի մատակարարելու»:

Էներգիայի մյուս տեղական աղբյուրը, այսպես ասած՝ տեղական քամին է, որը նույնպես շահավետ չէ: Վահան Սարգսյանի ներկայացմամբ՝ սկզբնական ուսումնասիրություններով խոսվում էր հողմային մոտ 300 մեգավատ էներգիա ստանալու մասին, սակայն վերջնական փորձաքննությունները այդ թիվը հերքել են. «Շատ անհարմար քամի ունենք, հաստատուն փչող չէ, օրվա ընթացքում իր ուժգնությունն ու հզորությունը փոխում է, սա տեխնիկական խնդիրներ է առաջացնում եւ ձեռնտու չէ: Այսօր միակ հողմակայանի արտադրանքը 37 դրամ է, սա թանկ հաճույք է»:

Տեղական ու բնությունից առատորեն տրված էներգիայի մյուս աղբյուրը արեւայինն է, բայց այստեղ էլ, կարծես թե, հայի բախտը չի բերում. պարոն Սարգսյանի վստահեցմամբ՝ արեւային էլեկտրաէներգիայի սակագինը ամենաբարձրն է. «Սա դեռ շատ թանկ հաճույք է, այսօրվա գներով՝ 120-150 դրամ՝ 1 կիլովատ ժամում արտադրած էլեկտրաէներգիան, եթե դրանք միացված են ցանցին: Արեւային էներգիան լայն կիրառում կարող է ստանալ որպես ջերմության աղբյուր, ջուրը դնես տաքացնես, ոնց որ մեր պապերն էին անում՝ ջուրը տաշտակով դնում էին արեւի տակ, լավ տաքանում էր, հետո այն լողանալու կամ լվացք անելու համար օգտագործում: Նման սարքավորումներ կան Հայաստանում եւ սկսում են տարածվել, առաջին հերթին՝ դրանք զարգանալու հեռանկար ունեն: Ես մի շատ ազնիվ գործարարի եմ ծանոթ, նա այլընտրանքային էներգետիկայի սարքավորումների արտադրությամբ է զբաղվում: Այ, նա ասում է՝ քո փողերը դնելու ես այսօր, դրա հետգնման ժամկետը 10 տարի է, այսինքն՝ սկզբից մեծ ներդրում ես անելու, 10 տարի հետո հետ կգա: 15 տարի հետո՝ միայն էլեկտրաէներգիայի դեպքում: Այսինքն՝ այնպես չէ, որ արագ-արագ կարող ենք արեւային էներգետիկայի ոլորտին անցնենք ու հրաժարվենք գազից»:

Ամենալուրջ այլընտրանքային աղբյուրը, մասնագետի դիտարկմամբ, Հայաստանում առայժմ ատոմային էներգետիկան է. «Ատոմակայանը տարեկան 1 անգամ է կանգնեցվում, վառելիքը լիցքավորվում է 1/3-ի չափով, այս 1/3-ը կարելի է Հայաստան հասցնել ինքնաթիռով: Այսինքն՝ նույն ջերմային կամ հիդրոկայանը, որը նույնպես պետք է կանգնեցվի վերանորոգման աշխատանքների համար, նույն կարգավիճակով ատոմակայանն է: Սա էներգետիկ անկախության եւ անվտանգության խնդիր է լուծում: Այստեղ էլ կան լուրջ խնդիրներ, եւ փորձում են լուծումներ գտնել: Ելնելով Հայաստանի իրավիճակից՝ ատոմակայանը ապագա է, որի հետ զուգահեռ պետք է զարգացնել վերականգնվող էներգիայի մեր ներքին աղբյուրները, որի հետ միասին նաեւ առավելագույնս հնարավորության չափով զերծ մնալ դրսից վառելիք ներկրելուց»:

Այս առումով մասնագետը գտնում է, որ ատոմակայանին պետք է հարկային արտոնություններ տրվեն. «Շատ հաճախ ասում են՝ արեւային էներգետիկայով զբաղվողներին հարկային արտոնություն պետք է տալ: Ես գտնում եմ, որ պետք չէ, ինչո՞ւ պետք է արեւային «պանելներ» բերողին արտոնություն տալ, եթե դրանով գլոբալ, ամբողջ ժողովրդի մակարդակով հարց չի լուծվելու: Իսկ եթե ատոմակայանին նման արտոնություններ տրվեն, շատ լուրջ հարցեր կլուծվեն, եւ ամբողջ ժողովուրդը կշահի»:

Պարոն Սարգսյանի փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի տեղական մյուս աղբուրները Սեւան-Հրազդանի եւ Որոտանի համալիրներն են, որոնց արտադրանքը համեմատաբար էժան է. այս համալիրները տարեկան սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն են ապահովում, ատոմակայանինը՝ մոտ 40%, մոտ 6%-ը բաժին է ընկնում փոքր ՀԷԿ-երին եւ հողմակայանին, մնացածն էլ, ինչպես մասնագետն ասաց՝ ջերմային կայաններին, որոնք, այսպես ասած՝ գազով են աշխատում:

Ի վերջո, բավակա՞ն են արդյոք էլեկտրաէներգիայի ներքին ռեսուրսները, որպեսզի հրաժարվենք գազից կամ հնարավորինս քիչ օգտագործենք՝ մեր այս հարցին պարոն Սարգսյանը պատասխանեց. «Սկզբունքորեն հնարավոր է, եթե մենք պատրաստ ենք թանկ էլեկտրաէներգիային, իսկ տնտեսապես շահավետության առումով՝ հնարավոր չէ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930