Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանը չի ապահովել հավասար մրցակցության սկզբունքը»

Հունիս 28,2013 14:07

Ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը

Karine-Gasparyan-nkary-FB-eՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը դիմելու է ՀՀ վճռաբեկ դատարան՝ վիճարկելու  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերջերս  կայացրած որոշումը: Այդպես նա մտադիր է վերականգնել իր վստահորդ Լեւոն Մարգարյանի խախտված իրավունքները: Համաձայն գործի նյութերի՝ 2010թ. մարտի 26-ին, ժամը 23-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 137-200-րդ կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով միմյանց էին բախվել Արշավիր Ահարոնյանի վարած «Օպել-Կոմբո» եւ Լեւոն Մարգարյանի վարած «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենաները:

Ավտովթարի դեպքի կապակցությամբ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերով, հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, քրեական գործի հարուցումը մերժվել էր: Հետաքննության ընթացքում վարույթ իրականացնող անձի կողմից, ի թիվս անհրաժեշտ այլ գործողությունների, 2010թ. ապրիլի 07-ին նշանակվել էր նաեւ ապրանքագիտական փորձաքննություն, որի արդյունքում փորձագետը հանգել էր այն եզրակացության, որ «OPEL COMBO TOUR 1.4» ավտոմեքենայի վնասի չափն արժեքային արտահայտությամբ, 2010թ. մարտի 26-ի դրությամբ գործող շուկայական գներով կարող է կազմել 1.170.000 ՀՀ դրամ գումար: «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենան կրել էր  489.700 ՀՀ դրամի վնաս:

Արշավիր Ահարոնյանը հայցով դիմել էր  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Լեւոն Մարգարյանի՝ պահանջելով վերջինից բռնագանձել 1.170.000 ՀՀ դրամ՝ որպես վնասի հատուցում: Լեւոն Մարգարյանն էլ հանդես էր եկել հակընդդեմ հայցով՝ իր հերթին  Արշավիր Ահարոնյանից, որպես վնասի հատուցում, պահանջելով բռնագանձել 489.700 ՀՀ դրամ: Տավուշի մարզի  ընդհանուր իրավասության դատարանը երկուսի հայցադիմումն էլ մերժել էր՝ գտնելով, որ ավտովթարը, հետեւաբար նաեւ՝ կողմերի գույքին վնաս պատճառելը, պայմանավորված է եղել նրանց կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հանգամանքով, նրանցից ոչ մեկը չի ապացուցել իր մեղքի բացակայությունը, չի հաստատվել նաեւ, որ վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի կամ կողմերից որեւէ մեկի դիտավորության հետեւանքով: «Ուստի, նրանց մեղքի աստիճանը որոշելու անհնարինության պայմաններում դատարանը դրանք համարում է հավասար, հետեւաբար, սկզբնական եւ հակընդդեմ հայցերը բավարարելու հիմքեր չկան»,- նշված է դատավճռում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացնում է Լեւոն Մարգարյանի փաստաբան Կարինե Գասպարյանը, տեսնելով, որ մյուս կողմը չի բողոքարկում առաջին ատյանի կայացրած վճիռը, որոշել են իրենք եւս չբողոքել: «Չնայած տեւական ժամանակ էր անցել, պարզվեց, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թերությունները վերացնելու պահանջից հետո սահմանված երկշաբաթյա ժամկետի խախտումներով՝ 8 օր ուշացումով, վարույթ է ընդունել Արշավիր Ահարոնյանի բողոքը՝ ընդդեմ առաջին ատյանի կայացրած վճռի: Ստիպված մենք հանդես եկանք ոչ թե բողոքով, այլ պատասխանով»,- ասում է Կարինե Գասպարյանը:

Նրա փոխանցմամբ՝ նման իրավախախտ պայմաններում վերաքննիչ դատարանը կայացրել է ոչ պակաս անօրինական որոշում՝ բավարարելով մյուս կողմի  բողոքը՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռն ու ավտովթարի մեղքը ամբողջությամբ բարդել իր վստահորդի վրա:

«Վերաքննիչ դատարանը կայացրել է  միակողմանի որոշում՝ չապահովելով հավասար մրցակցության սկզբունքը, ապացույցները չգնահատելով երկկողմանի հավասար սկզբունքով, որի արդյունքում դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, այդ թվում փորձագետի՝ դատարանում հարցաքննվելու հանգամանքը մի կողմ է թողել ու, չգիտես ինչու, ամբողջ ծավալով մեղավոր ճանաչել  Լեւոն Մարգարյանին»: Համաձայն փորձագետի եզրակացության՝ առկա պայմաններում «Օպել-Կոմբո» ավտոմեքենան կանգնեցնելու համար տեխնիկական տեսակետից բավարար է եղել ընդամենը շուրջ 51-65 մետր տարածություն: «Օպել-Կոմբո» ավտոմեքենայի վարորդի երթեւեկության համար վտանգն առաջանալու պահին այն «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենայից գտնվել է մոտ 250 մետր հեռավորության վրա:

«Այսինքն՝ ինչ արագությամբ է ընթանալիս եղել, որ սահմանված նորմալ տարածության պայմաններում չի կարողացել կանգնեցնել, արդյունքում հայտնվել է իմ վստահորդի ուղեմասում: Իսկ դատարանը այս հանգամանքին եւս ուշադրություն չի դարձրել»,- ասում է Կարինե Գասպարյանը: Ըստ փաստաբանի՝ վերաքննիչ դատարանը, արագության գերազանցման պայմաններում, դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության արդեն իսկ ուժի մեջ մտած փաստաթղթի եւ այլ վերոնշյալ հանգամանքների պայմաններում, կայացրել է ակնհայտ ապօրինի, օրենքների միատեսակ կիրառությունը խախտած որոշում: «Պահանջելու ենք բեկանել վերաքննիչի որոշումը»,- եզրափակում է փաստաբան Գասպարյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930