Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը» արժեհամակարգային երեւույթ է

Հունիս 28,2013 14:04

webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը՝ փառատոնի, կինոյի եւ «հայկական ծուլության» մասին

Արդեն երրորդ տարին է, ինչ webtv.am ինտերնետային հեռուստատեսությունը սերտորեն համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ: «Առավոտի» հետ զրույցում webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը նշում է, որ համագործակցությունը չի սահմանափակվում համատեղ WebԾիրան online կինոփառատոնով, webtv-ին «Ոսկե ծիրանից» առաջ փորձում է տեղեկացվածության լայն դաշտ ապահովել այն մարդկանց համար, ովքեր սպասում են «Ոսկե ծիրանի» ֆիլմերին:

«Ոսկե ծիրանի» ֆիլմերի քանակը տարեցտարի ավելանում է, ու այդ ֆիլմերից շատերի պարագայում հարկ է, որ պատրաստված հանդիսատես լինի: Դրա համար webtv-ով փորձում ենք ցուցադրել բոլոր այն արժեքավոր ֆիլմերի trailer-ները, որոնք կարող են ինչ-որ բան ասել ֆիլմի մասին:

Իհարկե, այդ trailer-ները հիմնականում անգլերեն են, չնայած փորձում ենք նաեւ դրանց ռուսերեն տարբերակները եւս գտնել, որ ավելի մատչելի լինի: Ցավոք, հնարավորություն եւ ժամանակ չկա, որպեսզի ֆիլմերի գոնե trailer-ները դարձնենք հայերեն կամ դրանց վրա հայերեն ենթագրեր տեղադրենք, բայց ամեն դեպքում, դրանք հնարավորություն տալիս են ծանոթ լինելու «Ոսկե ծիրանի» ծրագրին: Ինձ համար «Ոսկե ծիրանը» զուտ փառատոն չէ, այն խորը մշակութաբանական եւ արժեհամակարգային երեւույթ է: Կուզենայի, անշուշտ, որ շատ ավելի մեծ հնարավորություններ տրվեին կինոփառատոնին պետության կողմից, որովհետեւ «Ոսկե ծիրանը» Հայաստանի համար շատ լուրջ այցեքարտ է, ու փառք Աստծո, որ հովանավորների, անձնակազմի, մասամբ նաեւ պետության ջանքերով հնարավոր է դառնում այդքան մարդկանց ու ֆիլմեր հրավիրել»,- ասում է Արայիկ Մանուկյանը:

webtv-ի տնօրենը փաստեց, որ անդրադարձել են նաեւ հետահայաց ցուցադրությունների ծրագրին, մասնավորապես, իր ձեւակերպմամբ՝ այն խոշորագույն ռեժիսորներին ու ֆիլմերին, որոնք «Ոսկե ծիրանի» շրջանակում գալու են Հայաստան: «Հատկապես կարեւոր եմ համարում խորհրդային ու համաշխարհային կինոյի լեգենդներից մեկի՝ Ռեզո Չխեիձեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Տա՛ Աստված, որ ինքը նույնպես կարողանա ներկա լինել «Ոսկե ծիրանին»: Ի դեպ, օրերս անցկացրած մեր փոքրիկ հարցախույզով պարզեցինք, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից շատերը չեն տեսել նույնիսկ նրա «Զինվորի հայրը» ֆիլմը, որը լեգենդար ֆիլմ է, բացառիկ զգացմունքային ֆիլմ է: Մենք այն ամբողջությամբ ենք ցուցադրում webtv-ում, մարդիկ կարող են դիտել ֆիլմը  իրենց համակարգիչների էկրանին, հետո՝ նաեւ մեծ էկրանին, որն, անշուշտ, մեծ հաճույք է:

Անդրադարձել ենք «Ոսկե ծիրանի» միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ Իշտվան Սաբոյի ֆիլմերին: Նա հանճարեղ կինոռեժիսոր է, եւ Սաբոյի՝ միայն Երեւան գալն արդեն Հայաստանի համար մեծ իրադարձություն է: Նրա ոչ մի ֆիլմ աշխարհում աննկատ չի մնում: «Մեֆիստոֆելը», որ ցուցադրվելու է Երեւանում, շատ մեծ արձագանք է ունեցել. ե՛ւ «Օսկար» է ստացել, ե՛ւ Կաննի մրցանակակիր է: Այդ ֆիլմին եւս webtv-ի հեռուստադիտողը կարող է ծանոթանալ: Իշտվան Սաբոն հետաքրքիր փուլեր ունի իր կինոկենսագրության մեջ, նրա սկզբի ֆիլմերը շատ հեղափոխական էին, նոր խոսք էին կինոյում, հետո, կարծես անցավ ավելի դասական կինոյին: «Համերգը», օրինակ, որն այժմ կարելի է դիտել webtv-ով, առանց խոսքի ֆիլմ է, միայն երաժշտությամբ ու դերասանական խաղով, բայց շատ խոսուն է: Յո Ստելինգի ֆիլմերին ենք հաղորդակից դարձնելու webtv-ի հեռուստադիտողին, նա եւս մեծագույն ռեժիսոր է:

Ինքս անհամբերությամբ սպասում եմ Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Հաննա Արդենտ» ֆիլմին, որի trailer-ով փորձել ենք ընդհանուր պատկերացում տալ:

Դա բացառիկ ֆիլմ է պատմական անձնավորության՝ Հաննա Արդենտի մասին, որը շատ մեծ դեր է ունեցել նացիստական ժամանակաշրջանը բացահայտելու գործում: Նա հրեական ընտանիքում ծնված գերմանացի լրագրող է եղել»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Արայիկ Մանուկյանից տեղեկացանք, որ Ազնավուրի մասնակցությամբ եւ Փելեշյանի ֆիլմերի trailer-ներն էլ ու նաեւ որոշ ֆիլմեր ամբողջությամբ կլինեն webtv-ում այս օրերին ու ընդհանրապես բազմաթիվ բարձրարվեստ ֆիլմեր կտեղադրվեն webtv-ի վրա: «Շարլ Ազնավուրին երիտասարդներից շատերը ճանաչում են զուտ որպես երգիչ, դեսպան կամ հասարակական գործիչ, մինչդեռ Ազնավուրը նաեւ լավ դերասան է եղել, կփորձենք որոշ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կազմակերպել»,- խոստանում է webtv-ի տնօրենը:

Ինչ վերաբերում է Փելեշյանին ու հատկապես նրա «Կյանքը» ֆիլմին, Արայիկ Մանուկյանի ասելով, այն webtv-ի այցեքարտերից է, ֆանտաստիկ ֆիլմ: webtv-ն կանդրադառնա ֆիլմի ստեղծմանը, դերակատարին ու նրա պատմությանը, իսկ «Ոսկե ծիրանի» օրերին կամ ավելի շուտ Փելեշյանի հետ հետաքրքիր հարցազրույց կցուցադրվի: webtv-ն կցուցադրի աշխարհի այլ հեռուստաընկերությունների պատրաստած ուշագրավ հարցազրույցներ նույնպես, որոշները կզետեղվեն webtv-ի ֆեյսբուքյան էջում:

Մեր զրույցի ընթացքում խոսեցինք նաեւ Ուլրիխ Զայդլի «Դրախտ» եռապատումի ու Զայդլի հայաստանյան սպասվելիք այցելության մասին:

Նրա եռապատումից «Սեր» ֆիլմի trailer-ն այս պահին էլ webtv-ում է: «Դրախտի փնտրտուքներում իմ ֆիլմում միշտ կանայք են, իսկ նրանց համար դա նշանակում է սեր, սիրո որոնում, նրբություն, սեքսուալություն: Սերը միշտ կապված է մարմնի հետ, իսկ իմ հերոսների գործողությունների հիմքում սեփական մարմնի հետ փոխհարաբերություններն են, որը չի համապատասխանում գեղեցկության մասին սոցիումի պատկերացումներին: Սա խոսում է մեր հասարակության վիճակի մասին, այն ստերեոտիպերի մասին, որոնք մեզ կաշկանդում են»,- թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է Ոլրիխ Զայդլը:

Սկանդալային կինոռեժիսորի այս դիտարկման հետ կապված՝ Արայիկ Մանուկյանը շեշտեց. «Կուզենայի, որ Զայդլի ֆիլմերը իսկապես շատ մարդ դիտեր ու ֆիլմերին չնայեին որպես էրոտիկ կամ որպես բաց տեսարաններով ֆիլմերի: Եթե Զայդլն է խոսում եվրոպական հասարակությունում առկա կաշկանդող կաղապարների մասին, դե մեր հասարակության կարծրատիպերը պատկերացրեք… Մի խոսքով, կուզենայի, որ հանդիսատեսը Զայդլի ֆիլմերը ճիշտ ռակուրսով դիտեր»:

webtv-ն այլ անակնկալ էլ ունի. առաջիկայում կտեղադրի հարցազրույց Հարություն Խաչատրյանի հետ եւ հատվածներ նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմից, որի պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրանի» օրերին:

«Ֆանտաստիկ հետաքրքիր ֆիլմ է, նայել եմ ամբողջությամբ: Թե որտեղի՞ց է գտել այդ կերպարը Հարություն Խաչատրյանը, հերոսը դերասան է, ռեժիսոր, տղամարդ, որձ, բնությունից կտրված ժայռ… Ֆիլմի գաղափարն էլ է հարգանքի արժանի՝ քսան տարի մեկին նկարես… մարդ ինչքա՛ն համբերություն պետք է ունենա, որ քսան տարի գնա գաղափարի հետեւից»,- հավելում է Արայիկ Մանուկյանը: Նա նաեւ ցավով փաստում է, որ հայ ռեժիսորների ֆիլմերի trailer-ները հիմնականում չկան, լուրջ աշխատանք չի արվում այդ ուղղությամբ, հետեւաբար այդ պատճառով հնարավոր չի լինում դրանք լիարժեք ներկայացնել webtv-ի միջոցով. «Ես շատ կուզենայի, որ հայ ռեժիսորները, նրանց պրոդյուսերները ավելի ակտիվ լինեին: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց, որ հայկական կինոն եւս պատշաճ ներկայացվի: Չէ որ այն նկարահանվում է, տասնյակ ֆիլմեր են ներկայացված հենց «Ոսկե ծիրանին», բայց նրանց հետ շատ դժվար է աշխատել: Երջանիկ բացառություններ կան միայն: Կարծես շահագրգռություններ չկան, մի տեսակ հայկական ծուլություն կա, որը կուզենայի, որ չլիներ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930