Այն, ինչ կատարվեց 1915 թվականին, դուք, որպես անհատներ, համարո՞ւմ եք ցեղասպանություն: Այսօր «Հարավային կովկասի աշխարհաքաղաքականությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը հարց ուղղեց ARI շարժման տնօրեն Մերթ Խայհանին եւ «Turkish Review» պարբերականի գրական խմբագիր Ումիտ Քուրտին: «Իմ խորին համոզմամբ, 1915 թվականը ցեղասպանություն էր»,- ասաց Ումիտ Քուրտը: Նույն համոզմունքը հայտնեց նաեւ Մերթ Խայհան՝ հույս հայտնելով, որ հայ հասարակությունը նույնպես պատրաստ է լսել իր այլ մտորումները: Բանախոսը հիշեց Հրանտ Դինքին, ով իր մտերիմ ընկերն է եղել եւ մագիստրատուրայում իր դասախոսը: Նա հիշեցրեց Դինքի վերջին հոդվածներից մեկը, որում Հրանտը հայ համայնքին խորհուրդ էր տվել իր արյան մեջ «սպանել թուրքին»: «Մեզ պետք է առաջ շարժվել: Ես պատրաստ եմ խոսել եւ լսել, որ այն ինչ եղավ 1915-ից՝ ցեղասպանություն էր, սակայն ես չեմ ուզում կառչել պատմությունից: Մենք երկու հարեւան երկրներ ենք, պետք է առաջ շարժվենք»,- ասաց Մերթ Խայհան՝ հույս հայտնելով, որ կառավարություններն էլ ի վերջո կընդունեն պատմական իրողությունները, բայց ձեռք-ձեռքի տված կգնան դեպի ավելի լավ ապագա, քանի որ մենք հարեւան երկրներ ենք եւ այլընտրանք չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ