Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերաբացումից հետո շարունակում է «Համերգ ճեմասրահում» նախագիծը՝ արդեն բարձրակարգ տեխնիկայով վերազինված բեմում: Թատրոնի նվագախումբն այս անգամ կղեկավարի շվեյցարացի դիրիժոր, Լյուցերնի օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավարի տեղակալ Միքայել Վենդեբերգը: Համերգը կկայանա հունիսի 29-ին:
Օրեր առաջ «Առավոտի» առաջարկին՝ հյուրախաղորդ դիրիժորի հետ վարել հարցազրույց, թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը փոխանցեց, թե Վենդեբերգի հոբին լեռնագնացությունն է եւ նա այդ նպատակով Արագածում է: Միքայել Վենդեբերգի հետ հանդիպման ժամանակ պարզեցինք, որ 20-րդ դարի ավստրիացի կոմպոզիտոր Գուստավ Մալերի օրինակով ինքը զբաղվում է լեռնագնացությամբ: Քառագագաթ Արագածի ամենացածր՝ հարավային գագաթը, որը 3879 մ է, Վենդեբերգը հաղթահարել է օպերային թատրոնի երաժիշտներ, ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանի եւ Վիգեն Հարությունյանի ընկերակցությամբ: Նա հայտնեց, որ Հայկական լեռնաշխարհը լավ է ուսումնասիրել, քանի որ ժամանակին, երբ Շմավոն Գրիգորյանը ուսանում էր Ցյուրիխի արվեստի ինստիտուտում, մտերմացել էին, մի քանի նախագծեր իրականացրել եւ ինքը Երեւանի օպերային թատրոնում է դարձյալ Շմավոնի շնորհիվ, ում միջոցով էլ շուրջ մեկ տարի նամակագրական-ստեղծագործական կապերի մեջ է եղել Երեւանի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ: Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե հյուրախաղերով ցանկացած երկիր այցելելով՝ նախ հոբիո՞վ է զբաղվում: Դիրիժորը նշեց, որ զբաղվում է լեռնագնացությամբ, եթե տվյալ երկրի բնաշխարհն իրեն ձգում է: Հետո էլ հավելեց. «Ես պատրաստ էի բարձրանալ Արագածի ամենաբարձր՝ հյուսիսային գագաթը՝ 4090 մ, սակայն կայանալիք համերգի առիթով նվագախմբի հետ փորձերի հանդեպ պատասխանատվությունս ինձ հետ պահեց: Արագածից ստացած բավականությունս կարող եմ համեմատել դեպի Ալպեր վերելքի հետ…»:
Օպերային դիրիժորից կարծիք հարցրինք մեր թատրոնի նվագախմբի մասին: «Ի տարբերություն իմ թատրոնի նվագախմբի՝ ձեր երաժիշտներն անցել են ռուսական դպրոց, ինչը ես ողջունում եմ, քանի որ աշխահին հայտնի են այդ դպրոցի ճանաչված շատ երաժիշտներ, այդ թվում՝ հայեր»,- ասաց Վենդեբերգը: Հետաքրքրությանն ի պատասխան, թե խաղացանկային ի՞նչ քաղաքականություն է վարում Լյուցերնի թատրոնը եւ բացի համաշխարհային օպերային ու բալետային ներկայացումներից, իրենց մոտ անցկացվո՞ւմ են դասական երաժշտության երեկոներ, մեր զրուցակիցը հայտնեց, որ իր թատրոնում օպերային եւ բալետային ներկայացումները ընթանում են մոտ 6 ամիս: Ասվածը մանրամասնելով էլ նշեց. «Մեծ արագությունների դարում խաղացանկային թատրոնի անհրաժեշտությունը չկա: Եթե նույնիսկ «դարի գործոնը» դնենք մի կողմ, ապա նույն ներկայացումը անիմաստ է տարիներով խաղալը: Ինչ վերաբերում է դասական երաժշտության երեկոների անցկացմանը, ոչ միայն մենք, այլեւ աշխարհի ցանկացած թատրոնի նվագախումբ իրականացնում է նման նախագծեր, որոնք, իմ համոզմամբ, առաջին հերթին անհրաժեշտ են հենց նվագախմբի երաժիշտներին»:
Պարզեցինք, որ Լյուցերնի թատրոնում, համաշխարհային դասական օպերային եւ բալետային գրականության նմուշներին զուգահեռ, մատուցվում են նաեւ ժամանակակից հեղինակների գործեր: Այս առիթով դիրիժորը կատակով ասաց. «Դասականը անհրաժեշտ է, ժամանակակիցը՝ պահանջ, դասականը նվագելով ուրվագծվում է անցյալը, իսկ ժամանակակիցը դասականի արտացոլանքն է»:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով Հայաստանում շրջանառվող այն տեսակետը, թե թատրոններին հարկավոր չեն գեղարվեստական կամ երաժշտական ղեկավարներ, Միքայել Վենդեբերգը ծիծաղելով ասաց. «Աշխարհում ես չգիտեմ որեւէ թատրոն, որ չունենա գեղարվեստական կամ երաժշտական ղեկավար»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Վիգեն Հարությունյանը (ձախից), Միքայել Վենդեբերգը
եւ Շմավոն Գրիգորյանը:
«Առավոտ» օրաթերթ