Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր շրջափուլին՝ նոր մոտեցումներ

Հունիս 28,2013 13:45

Ավարտվեց քաղաքական ցիկլը (շրջափուլը), ավարտվում է նաեւ այս տարվա քաղաքական սեզոնը, եւ շատ հավանական է, որ մինչեւ սեպտեմբեր որեւէ լուրջ իրադարձություն տեղի չի ունենա: Արդյունքներն ամփոփելու ժամանակն է, ու առայժմ փորձենք պարզապես թվարկել քաղաքական հիմնական խաղացողներին:

Իշխանության կուսակցության մասին երկար խոսելու անհրաժեշտություն չկա` 20 տարուց ավելի է՝ Հայաստանում իշխում է կոռումպացված չինովնիկների խումբը, որը պարբերաբար փոխում է իր անունը:

Ընդդիմադիր դաշտում գործող սուբյեկտներից առաջին հերթին նշենք ՀԱԿ-ը՝ որպես համախոհների թիմ, որն անվերապահորեն ընդունում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը եւ անքննարկելի ճշմարտություն է համարում թե հիմա եւ թե անցյալում նրա բոլոր ասածները: Միասնական թիմ լինելուց բացի՝ ՀԱԿ-ն ունի նաեւ այն առավելությունը, որ համագործակցում է ԲՀԿ-ի հետ եւ օգտվում է այդ կուսակցության նյութական եւ տեղեկատվական ռեսուրսներից:

Նույն ընդդիմադիր դաշտում կան ՀԱԿ-ից տարբեր պատճառներով դուրս եկած գործիչները, որոնք որպես անհատականություններ հաճախ ավելի հետաքրքիր են, քան ՀԱԿ կուսակցականները, բայց բոլոր դեպքերում դրսեւորվում են որպես անհատներ՝ առայժմ չի երեւում որեւէ պլատֆորմ, որի վրա նրանք կարող են միավորվել: Դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Դավիթ Շահնազարյանը կրկին կարող են հայտնվել մեկ քաղաքական կառույցի մեջ. յուրաքանչյուրը կգերադասի իր՝ առաջինը լինելու ամեն ինչը իր՝ վերջինը լինելու որեւէ բանից:

Գումարած դրան՝ թեեւ ՀԱԿ կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ իր միակ թիրախը իշխանությունն է, այնուամենայնիվ՝ այդ կուսակցության (եւ ԲՀԿ-ի) քարոզչամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայում նախկին ՀԱԿ-ականներն «փչացնելու» համար:

Անկախ ամեն ինչից՝ միասնական, թեկուզ՝ ոչ այնքան վառ թիմով, հանդես գալը քաղաքականության մեջ ավելի գերադասելի է ու հեռանկարային, քան անհատական, նույնիսկ փայլուն խաղով եւ «խաբսերով» ելույթ ունենալը:

Դաշնակցությունը՝ շնորհիվ մեկ դարից ավելի մշակված գաղափարախոսության, ունի եւ, հուսով եմ, միշտ կունենա իր ուրույն տեղը մեր քաղաքական կյանքում եւ մեր հասարակական գիտակցության մեջ: Սակայն իներցիայի ուժով, թե դաշնակցականների ոչ բավարար ջանքերի պատճառով այդ կուսակցության օրակարգը ընկալվում է որպես զուտ ազգային-ազատագրական պայքար եւ չի կապվում ժամանակակից հայաստանյան մարտահրավերների հետ: Հրաժարվել այդ կուսակցության «բրենդը» հանդիսացող արժեքներից՝ հիմարություն կլիներ: Ավելացնել դրանց նոր «բրենդներ»՝ շատ դժվար է:

«Ժառանգության» համար քաղաքական այս շրջափուլը աստեղնային ժամն էր: Չեմ կարծում, որ մոտ ապագայում այս կուսակցության համար «մոլորակների բարենպաստ շքերթը» կրկնվելու է: Արդյոք «Ժառանգությունը» այդ վիճակից «քամե՞ց» առավելագույնը: Հավանաբար՝ ոչ: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընդդիմադիրի համար ոչ ստանդարտ գործելաոճը գուցե ուղենիշ կդառնա հաջորդ ընդդիմադիրների համար, եւ նրանք, մերժելով այդ կուսակցության սխալները, կվերցնեն պետական, զուսպ, ընդդիմախոսի հանդեպ հարգալից «տոնայնություն», որը լսվեց «Ժառանգության» մոտ:
Բոլոր դեպքերում՝ նոր քաղաքական շրջափուլը պահանջում է նոր մոտեցումներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nem says:

    Երբեք մի ասա երբեք:

  2. harut says:

    Շատ ճիշտ ըսուած է որ – իւրաքանչիւր ժամանակաշրջան պէտք է ներդաշնակուի իր պահանջներուն համաձայն եւ չբաւարարուի իր անցեալին կամ առաջնորդին բացարձակ գաղափարախօսութենէն։ Թէ ինչու այդ տեղի չունենար մեր մօտ` խորհուրդ է որ արժէ ուսումնասիրութեան նիւթ դարձնել ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930