Օլիմպիական միջազգային օրվա կապակցությամբ ՀԱՕԿ-ի կազմակերպած մասսայական վազքարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում էր նաեւ Անկախ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը: Առիթը բաց չթողնելով` Aravot.am-ը զրուցեց նրա հետ:
– Պարոն Հակոբյան: Դուք մեր ազգային օլիմպիական կոմիտեի առաջին նախագահն եք եղել եւ այդ կառույցը ղեկավարել էք երեք տարի: Համեմատեք, խնդրեմ, այն տարիներն այսօրվա հետ:
– Գիտեք, համեմատելու ոչինչ չկա: Երբ 1990 թվականին հիմնադրում էինք Անկախ Հայաստանի օլիմպիական կոմիտեն, ԽՍՀՄ-ը փլուզվում էր: Ոչինչ չկար: Բյուջե չկար: Մեր հին կապերն օգտագործելով` խնդրում էինք մեր ընկերներին, ծանոթներին, որպեսզի աջակցեն` ստեղծենք մեր օլիմպիական կոմիտեի բյուջեն: Սպորտկոմիտեի նախագահ նշանակված Ռաֆայել Թորոյանն էլ հնարավորության սահմաններում աջակցում էր ֆինանսապես եւ բարոյապես: Բայց շատ դժվար էր: Ոչինչ չկար: Բայց կար նվիրում եւ ձգտում, որպեսզի մենք էլ վերջապես ունենանք Ազատ, Անկախ Հայաստանի օլիմպիական կոմիտեն: Ու կարողացանք:
– Իսկ այսօ՞ր:
Կարդացեք նաև
Հիմա միանգամայն այլ է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կայացած հզոր կառույց է եւ գտնվում է ապահով ձեռքում: Պարզապես, հրճվանքով եմ լցվում, որ մեր մարզիկների համար ստեղծված են մարզվելու եւ հաղթելու լավագույն պայմաններ, որ պետությունն ու Ազգային օլիմպիական կոմիտեն շատ բան են անում, որպեսզի նրանք ամբողջովին նվիրվեն իրենց գործին ու մեր երկիրը պատվով ներկայացնեն աշխարհի ցանկացած մրցաբեմում:
Քանի որ ձեր հարցն օլիմպիական կոմիտեին էր վերաբերվում, անպայման ուզում եմ տալ Գագիկ Ծառուկյանի անունը: Մարդ, որը անմնացորդ նվիրված է սպորտին ու գնահատում է մարզիկի եւ մարզչի թափած քրտինքը: Նա ոչ միայն անձնական միջոցներով զբաղվում է մարզական շինարարության խնդիրներով, հոգում է հարյուրավոր մարզիկների եւ մարզիչների սոցիալական հոգսերը, շռայլորեն խրախուսում պարգեւատրումներով, այլեւ միջազգային ասպարեզներում առավել աչքի ընկածների համար կազմակերպում պատշաճ դիմավորում ու մեծարում: Հավատացեք, որ դա շատ կարեւոր է ու ոգեւորում է մյուսներին:
Այդ ամենը պարոն Ծառուկյանն անում է սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ: Բայց կարող էր նաեւ չանել չէ՞: Պետությունը հո նրան չի՞ ստիպում: Ես այլ երկրների օլիմպիական կոմիտեների նախագահներ գիտեմ, որ շատ հարուստ մարդիկ են: Օրինակ, Արաբական Էմիրությունների շեյխերից մեկը, որ նրանց օլիմպիական կոմիտեի նախագահն է, այդպիսի բաներով չի զբաղվում: Իսկ մեր օլիմպիական կոմիտեի նախագահն այդպիսի բեռ է վերցրել իր ուսերին ու տանում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ