Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐ

Հունիս 28,2013 13:21

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ ութերորդ

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵՐ

Ենթագիտակցությունը գիտակցությունից գերադասելը միակ դեպքն էր, երբ Արշակի ու Հայկունու կարծիքները համընկնում էին, եւ ենթագիտակցության ֆետիշացումն ամենից ավելի Օրթախին էր նյարդայնացնում, եւ չնայած ենթագիտակցության հարցում Օրթախի կարծիքը կտրականապես էր տարբերվում Արշակի ու Հայկունու կարծիքներից, այդուհանդերձ, Դոստոեւսկու մեծությունը երեքն էլ հավասարապես էին ընդունում, եւ հատկապես Օրթախն էր Դոստոեւսկուն այլ գրողներից եւ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներն» այլ գրողների ստեղծագործություններից գերադասում, եւ չնայած Օրթախը Հայկունու քսանբալանոց համակարգին առանձնապես լուրջ չի վերաբերվում, այդուհանդերձ, Հայկունուն մշտապես հորդորում է քսան բալ շնորհել Ֆյոդոր Միխայլիչին, եւ ամեն անգամ Հայկունի Հարությունյանը բավական երկար մտածելուց հետո մի քիչ ինքնագոհ ու մի քիչ էլ մեղավոր ժպտալով Օրթախին ասում է՝ «տասնիննուկես» եւ մեղավոր ժպտալով ավելացնում է՝ «կներես իհարկե», եւ չնայած Օրթախն առանձնապես լուրջ չի վերաբերվում Հայկունու քսանբալանոց համակարգին, վերջին անգամ չդիմացավ ու վրդովված գոռաց՝ «որ Դոստոեւսկին տասնիննուկես ա, բա քսա՞նն ով ա», եւ Հայկունն առանց երկար մտածելու ու ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քսանն ընդամենը մեկն ա», եւ Ժուդեքսը, որ սովորաբար Հայկունու էդ քսանբալանոց քննարկումներին առանձնապես ակտիվ չի, էս անգամ ժպտալով Հայկունուն ասաց՝ «մենակ չասես թե՝ էդ մեկը Նարեկացին ա», եւ Հայկունը հիացմունքով նայեց Ժուդեքսին ու ժպտալով ասաց՝ «դո՛ւ ասացիր» եւ մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «մի քանի հատ քսան կային, բայց հերթով մաղվեցին գնացին, մնաց Նարեկացին», եւ Ժուդեքսը քամահրանքով հարցրեց՝ «էդ մի քանիսն ովքե՞ր էին», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «Հոմերոսը, Սերվանտեսը, Դանթեն ու մեր Չարենցը» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ավելացրեց՝ «Դոստոեւսկին էլ կար» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «բայց մաղվեցին գնացին», եւ Ժուդեքսը խորամանկ  ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «ո՞վ մաղեց», եւ Հայկունը մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ձեր խոնարհ ծառան» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «ստիպված էի», եւ Օրթախն արհամարհական նայեց Հայկունին ու հարցրեց՝ «էդ ոնց ա ձեռքդ գնացել՝ Չարենցին մաղել ես», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ստիպված էի», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «մարդկությունը «Կարամազով եղբայրների» պես ուժեղ գործ չի ստեղծել», եւ Հայկունը բավական երկար մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «համաձայն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ «Կարամազով եղբայրները» ծերից ծեր ենթագիտակցություն ա», եւ Արշակը խորամանկ ժպտալով Հայկունուն հարցրեց՝ «որ ծերից ծեր ենթագիտակցություն ա, ո՞նց ես տասնիննուկես գնահատում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ոչ թե «Կարամազովներն» եմ տասնիննուկես գնահատում, այլ՝ Դոստոեւսկուն», եւ Ժուդեքսը Հայկունուն հարցրեց՝ «բա «Կարամազովներին» քանի՞ բալ ես տալիս», եւ Հայկունն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իհարկե քսան», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «ո՞նց կարող ա գրողն իրա ստեղծագործությունից ցածր գնահատվի», եւ Օրթախը փռթկացնելով ասաց՝ «Հայկունի սիստեմում ամեն ինչ էլ հնարավոր ա», եւ Հայկունը բավական երկար մտածեց ու ժպտալով ասաց՝ «Աբոն ճիշտ ա ասում», եւ Ջոնը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Հայկունը մեղավոր ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իմ էս համակարգի մեջ ամեն ինչ էլ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով  ավելացրեց՝ «ցավոք սրտի թե բարեբախտաբար՝ անձամբ ինձանից ոչինչ կախված չի», եւ Ջոնը զարմացած հարցրեց՝ «բայց գնահատականներն անձամբ դու ես չէ՞ նշանակում», եւ Հայկունը բավական երկար մտածեց ու ասաց՝ «գնահատականները ես եմ նշանակում, ճիշտ ա, բայց ոչ թե կամայական եմ նշանակում, այլ՝ օբյեկտիվորեն», եւ Ժուդեքսն ասաց՝ «լա՜վ օբյեկտիվորեն ես նշանակում» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «ո՞նց կարող ա «Կարամազով եղբայրներն» իրա հեղինակից բարձր գնահատվի», եւ Օրթախը փռթկացնելով ասաց՝ «Հայկունի սիստեմում անհնարին բան չկա», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Աբոն շատ ճիշտ ա ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «Ֆյոդոր Միխայլիչն իր էդ ստեղծագործությունն ստեղծելու պահերին հոգեկան ու մտավոր ավելի կատարյալ վիճակում ա գտնվել, քան՝ սովորաբար», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «Ֆյոդոր Միխայլի՞չն ով ա», եւ Սերոբը, որ մինչ էդ պահը լուռ  էր, Հայկունի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Ֆյոդոր Միխայլիչը Դոստոեւսկին ա», եւ Հայկունը խղճահարությամբ նայեց Արիկին ու քամահրանքով ասաց՝ «ճիշտ այդպես, Արիկ Մալխասովիչ», եւ Օրթախն արհամարհական նայեց Արիկին ու քամահրանքով ասաց՝ «որ Դոստոեւսկու անունն ու հայրանունը չգիտեք, ո՞նց եք գրականությունից խոսում», եւ Արիկը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «Թումանյանի հայրանունն էլ չգիտեմ, բայց Թումանյանի համարյա սաղ գրածները գիտեմ», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «Թումանյանի հայրանունը կարելի ա չիմանալ, որովհետեւ Թումանյանը Հայկունի ցուցակի  հեչ առաջին տասնյակում էլ չկա», եւ Անանիան ասաց՝ «վարիանտ չկա, որ Արմենը Թումանյանի հայրանունը չիմանա», եւ Ժուդեքսն Անանիային հարցրեց՝ «ո՞ր Արմենը», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «Շեկոյան», եւ Ժուդեքսը զարմացած նայեց ինձ ու Անանիային հարցրեց՝ «Արմենն ինչի՞ պիտի Թումանյանի հայրանունն իմանա», եւ Անանիան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ինչքան չըլնի՝ ինքը քանի տարի Թումանյանի թանգարանի տնօրենն ա էղել», եւ Ժուդեքսն ինձ հարցրեց՝ «Թումանյանի հոր անունն ի՞նչ ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Թադեւոս» եւ ժպտալով ավելացրի՝ «Թումանյանին էլ Իվան Ֆադեյիչ են ասել», եւ Ժուդեքսը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա Իվան Ֆադեյիչ ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ռուսներն ու ռուսախոսները», եւ Ժուդեքսն ինձ հարցրեց՝ «որ հոր անունը Թադեւոս ա, ինչի՞ են Ֆադեյիչ ասել», եւ Օրթախը ծիծաղելով Ժուդեքսին ասաց՝ «փոխանակ  զարմանաս, որ իրան Իվան են ասել,  Ֆադեյիչի վրա ե՞ս զարմանում», եւ Ժուդեքսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ մեր Հովհաննեսն իրանց Իվանն ա», եւ ես ժպտալով  ասացի՝ «մեր Թադեւոսն էլ իրանց Ֆադեյն ա», եւ Ժուդեքսը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ Ֆադեյ Տաճատիչի անունն էլ ա Թադեւոս էղել», եւ Սերոբը ժպտալով ասաց՝ «էդ արդեն Ջոնին պիտի հարցնեք. ինքն ա մեծամեծ մարդկանց  հետ շփվել», եւ Ջոնը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «Ֆադեյ Տաճատիչի հետ որոշ չափով շփվել եմ, բայց ինքը ոչ մի անգամ չի ասել, որ իրա անունը Թադեւոս ա», եւ Ժուդեքսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաստատ Թադեւոս էղած կըլնի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հաստատ հետո ա Ֆադեյ դառել», եւ Ջոնը Ժուդեքսին հարցրեց՝ «հաստատ գիտե՞ս, թե՞ ենթադրում ես», եւ Ժուդեքսը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «էդ իմանալու  համար առանձնապես մեծ խելք հարկավոր չի», եւ Ջոնը հարցրեց՝ «այսինքն», եւ Ժուդեքսը քմծիծաղով ասաց՝ «այսինքն, դժվար թե գյուղում նորածին էրեխի անունը Ֆադեյ դնեին», եւ Անանիան ժպտալով Ժուդեքսին ասաց՝ «որ վախտին գյուղում էրեխեքի անունը Ջոն ու Ժուդեքս են դրել, հանգիստ կարային Ֆադեյ էլ դնեին», եւ Աբոն Անանիային ասաց՝ «հազիվ մի հատ ճիշտ բան ասեցիր», եւ Ժուդեքսը  մի քիչ մտածեց ու ժպտալով Աբոյին ասաց՝ «որ քո անունն էլ ասեր, ավելի ճիշտ կըլներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ գյուղում էրեխեքի անունները Անանիա ու Հայկունի են դրել, ամեն ինչ էլ կարային դնեին», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ժուդեքսին ասաց՝ «կներես, բայց Հայկունին ու Անանիան հայկական են», եւ Ժուդեքսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա հայկական են, բայց ավելի շուտ քաղաքային են, քան՝ գյուղական», եւ Ջոնը լրջանալով Ժուդեքսին ասաց՝ «Ֆադեյ Տաճատիչի հարցում, կարծում եմ, սխալվում ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը, ինչքան գիտեմ, բնիկ երեւանցի էր», եւ Ժուդեքսը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «հաստատ գիտե՞ս, թե՞ ենթադրում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «Ջոնը որ մի բան հաստատ չիմանա, չի ասի», եւ Հայկունը ժպտալով նայեց ինձ ու ասաց՝ «էս Արմենին էլ թվում էր՝ մենակ ինքն ա բնիկ երեւանցի», եւ Ջոնը լրջանալով ասաց՝ «կարանք հանրագիտարանով ճշտենք», եւ Հայկունը փռթկացնելով ասաց՝ «կարանք միանգամից համ Արմենինը ճշտենք, համ էլ՝ Ֆադեյինը», եւ ես ասացի՝ «Երեւանում էլ դժվար թե էրեխի անունը Ֆադեյ դնեին» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մանավանդ՝ էն թվերին», եւ Արշակն  ասաց՝ «էն թվերին ամեն ինչ էլ դնում էին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ Լենդրոշ են դրել», եւ Օրթախը թարս նայեց Արշակին ու ասաց՝ «քեզ էլ պատճառ ա պետք, որ քաղաքական աստառ տաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Երեւանում էն թվերին ավելի շուտ Ֆադեյ կդնեին, քան՝ Թադեւոս», եւ Սերոբն ասաց՝ «Թադեւոսը նույն Թաթոսն ու Թաթիկն ա. Երեւանում Թաթոս ու Թաթիկ անունով լիքը մարդ կա», եւ Ժուդեքսը ժպտալով Սերոբին հարցրեց՝ «բայց էդ Թաթոսներն ու Թաթիկները բնիկ երեւանցի ե՞ն», եւ Սերոբը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «չեմ հարցրել»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930