Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետական համակարգը լծված է Ռուբեն Հայրապետյանին մաքրելու գործին». Հրանուշ Խառատյան

Հունիս 28,2013 13:19

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը այսօր լրագրողներին ներկայացրեց խմբի հայտարարությունը. «Մեր երկրում ձեւավորված անպատժելիության , ամենաթողության ու անհանդուրժողական գաղջ մթնոլորտի անանցանելիությունը ստիպում է մեզ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ հասարակական կառույցների հետ մեկնարկել հանրային արդարության Տրիբունալ ստեղծելու գործընթացը»:

Հանրային տրիբունալը նախատեսում է իշխանական համակարգի ներկայացուցիչների կամ նրա շահառուների կատարած հանցագործությունների հայտնաբերումը եւ բացահայտումը, դատաիրավական մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այլ առնչվող անձանց գործունեության վերահսկողությունը եւ նրանց գործողություններին պատշաճ ու հիմնավոր իրավաքաղաքական գնահատականներ տալը:

«Այն դեպքում, երբ բոլոր հետքերը լվացվեցին հանցագործությունից հետո , նշանակում է իրավաբանական դաշտում խնդրի լուծում ստանալն անհնար է»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Չուգասզյանը:

Հետո պատմեց, թե վերջին մեկ տարում իշխանությունները ինչպես են փորձել լռեցնել Վ. Ավետյանի մահվան պատճառով ըմբոստացած քաղաքացիական հասարակությանը. «Գործող վարչակազմի ներկայացուցիչներն ասում էին՝ ինչո՞ւ եք շտապում գնահատականներ տալ, բայց դա վարչակազմի մարտավարությունն էր տարբեր քաշքշուկներով ձգձգել դատական գործընթացը, հոգնեցնել ու լռեցնել քաղաքացիական հասարակության աղմուկը ու հասնել իրենց նպատակին՝ հերթական անգամ կոծկել գործը եւ մեղավորներին արժանի պատժիզ զրկել»:

Պարոն Չուգասզյանի խոսքերով, հենց սկզբում գիտակցելով, իշխանությունների մարտավարությունը , իրենք որոշեցին առանձին-առանձին հայցեր ներկայացնել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի. «Եվ հերթական անգամ համոզվեցինք, որ դատական պաշտպանության սկզբունքը բռնաբարվեց եւ ինը ամիս այդ հայցերը երկար քաշքշուկից հետո մերժվեցին»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ դժգոհեց, որ մի քանի ամիս առաջ Ռուբեն Հայրապետյանը պարգեւատրվեց Սերժ Սարգսյանի կողմից.« Այն, որ այսպիսի ծայրահեղ վարկաբեկված անձնավորության խրախուսում են, խոսում է այն մասին, որ պետական համակարգը լծված է Ռուբեն Հայրապետյանին մաքրելու գործին»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ երկրում ստեղծված իրավիճակից եզրահանգել է, որ գործադիրը իր տեղում չէ եւ դատական համակարգը լծված է հանցագործությունները կոծկելու գործին.«Այն, որ տեսնում եմ, թե ինչպես են կոծկում Վահե Ավետյանի մահվան դեպքը , ինձ հիշեցնում է Սումգայիթյան ջարդերը: Գործող իշխանությունը ուզում է ժողովրդին վարժեցնել անօրինականություններին եւ հանցագործ մեթոդներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930