Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրանոց-առողջարանից կբռնագանձվի ավելի քան 14 միլիոն դրամ

Հունիս 28,2013 13:09

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Իջեւանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Հակընդդեմ հայցով պատասխանող կողմը պահանջել է «չեղյալ համարել Իջեւանի ՏՀՏ-ի կողմից 2013թ. հունվարի 9-ին կազմած թիվ 1008042 ստուգման ակտի «Շահութահարկ» բաժնի 1-ին կետը եւ «5. Ավելացված արժեքի հարկ» բաժնի 1-ին եւ 4-րդ պարբերությունները, ինչպես նաեւ փոփոխել «1. «Շահութահարկ» բաժնի 2-րդ կետը՝ համախառն եկամտից նվազեցվող ծախսերի եւ հարկային վնասների հետ կապված»:

Հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Դիլիջանի առողջարան» ՓԲԸ-ի բավարարել մասնակի եւ այդ ընկերությունից պետբյուջե բռնագանձել 14 միլիոն 235 հազար 498 դրամ, հայցը մնացած՝ 4 միլիոն 155 հազար 265 դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժել: Սույն վճռի դեմ մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք բերվել:

Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող առողջարան-հյուրանոցը Դիլիջանի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, այն հայտնի է նաեւ «Դիլիջան Ռեզորթ» անունով: Մեր տեղեկություններով՝ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (հայտնի է «Դերժավայի Արկադի» անունով) ընտանիքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930