Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Չհասկացա, դու վարչապե՞տ ես, թե՞ այնտեղ նստած մի նախարար էլ դու ես»

Հունիս 28,2013 12:34

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հարցազրույցից:

– Օրերս ՎՊի նախագահի բացահայտած փաստերը դժվար է տեղավորել «ամեն ինչ լավ է» տրամաբանության մեջ։ Բայց, ինչպես միշտ, դրա համար պատիժ կրողներին հասարակությունը չի տեսնում։

– Ի՞նչ է նշանակում վարչապետի ասածը նախարարներին՝ ով համաձայն չէ, դիմեք դատախազություն։ Դու կառավարության ղեկավարն ես, վերցրու այդ զեկույցն ամբողջությամբ և կարճ նամակով ուղարկիր դատախազություն։ Ես նրա փոխարեն կգրեի՝ քանի որ ՎՊ-ի այս բացահայտումները մեծ հարվածի տակ են դնում իմ ու կառավարության վարկը, պահանջում ու խնդրում եմ վերից վար այդ փաստերը ստուգել։ Ի՞նչ է նշանակում, ով համաձայն չէ, դիմի դատախազություն։ Չհասկացա, դու վարչապե՞տ ես, թե՞ այնտեղ նստած մի նախարար էլ դու ես։ Ինչո՞ւ ես ուրիշների վրա գցում այդ ամեն ինչը։ Առաջին հերթին քեզ են, չէ՞, մեղադրել։

– Սովորաբար քաղաքական վերադասավորումներ, փոփոխություններ ակնկալվում են աշնանը։ Ինչպիսի՞ ներքաղաքական զարգացումներ են հնարավոր։

– Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Չեմ ուզում բաներ ասել, որ չեն լինելու։ Եթե նկատել եք, իմ գնահատականները հիմնականում համընկնում են իրականությանը։ Մի բան հստակ է. Հայաստանը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին։ Չգիտեմ՝ Սերժ Սարգսյա՞նը դա կանի, թե՞ ներքևից սոցիալական բունտի ձևով կլինի։ Նման էլիտայով Հայաստանը ճահճացած վիճակում է, սա երկար չի ձգի։ Իմ տպավորությամբ՝ այս ամենն ավարտվելու է նոր ընտրություններով։

– Արտահե՞րթ։

– Այո, նոր խորհրդարանական ընտրություններ, այնտեղ կհավաքվեն իսկական քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, ԱԺ-ն կլինի քաղաքական մարմին։ Դրանից հետո նոր կառավարություն կլինի, որը, իմ կարծիքով, պիտի լինի մասնագիտական, ոչ կուսակցական, ոչ կոալիցիոն։

– Խոսեցինք իշխանության ու նրա թերությունների մասին, իսկ որտե՞ղ է ընդդիմությունը։ Ստացվում է, որ ընտրությունից ընտրություն է Հայաստանում ընդդիմությունը «երևում»։ Ինչո՞ւ է «մարաղ» մտել։

– Ճիշտ է արել։ Առաջին անգամ Հայաստանի ընդդիմությունը ճիշտ քաղաքականություն է վարում, որովհետև Հայաստանում ընդդիմությունը միշտ եղել է հույզերի մեջ։ Հայտարարությունների, գործողությունների մեջ միշտ հույզեր են եղել։ Լուրջ ընդդիմությունը պիտի ունենա իր տակտիկան։ Տեսնելով, որ իշխանությունը քաղաքականությունը ձախողում է, դրան չի մասնակցում։ Հիմա ընդդիմության խառնվելու ժամանակը չէ։ Հիմա իշխանության քայլերի ժամանակն է։ Եթե նայենք ֆորմալ առումով, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն ընտրություններին ստացել են հասարակության քվեների գերակշիռ հատվածը, հիմա ի՞նչ եք ուզում ընդդիմությունից։ Մենք գոյություն չենք ունեցել, իրենց են ձայն տվել, թող իրենք էլ անեն, իրենցից էլ պահանջեն։ Ընտրություններից ամիսներ են անցել, ի՞նչ ընդդիմություն։ Հասարակություն և իշխանություն, սա է այսօրվա թնջուկը։ Խելոք ընդդիմությունը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում իր գործը կանի։

Ռուզան ԽԱԶԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930