Կառավարությունը թեև հիշել է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 28,5%-ով՝ մինչև Դ45 հազ. բարձրացման արդյունքում առաջացող բյուջետային ծախսերի մասին, սակայն հաշվի չի առել հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի 27% և գազի 18% թանկացման արդյունքում ավելացող ծախսերը։ Սակագների բարձրացման գործոնով պայմանավորված՝ միայն գործադիր, օրենսդիր և դատական համակարգի էներգետիկ ծախսերը երկրորդ կիսամյակում կարող են ավելանալ Դ200 մլն-ով։
Հունիսի 27-ին կառավարությունը փոփոխություններ է կատարել 2013թ. պետբյուջեում՝ հաշվի առնելով հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Դ45 հազ. սահմանելու արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային ծախսերի ավելացման գործոնը։ «Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը Դ20 մլրդ-ով ավելացնում ենք։ Երկրորդ կետով Դ3,8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում՝ մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել»,– նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Անհասկանալի է, թե ինչ միջոցների հաշվին է Դ20 մլրդ-ով գործադիրն ավելացնելու բյուջեի եկամտային մասը։ Թեև ֆինանսների նախարարությունը նշել է, որ գումարը ձևավորվելու է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին, սակայն չի ներկայացրել հարկային եկամուտների բացվածքը։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի ծրագրային ցուցանիշը գերակատարվել է Դ10,5 մլրդ-ով։ Նույն ընթացքում 489 խոշոր հարկ վճարողների գծով կառավարությունը գերավճարներն ավելացրել է Դ15 մլրդ-ով. այդ գումարները ենթակա են վերադարձման։ Եթե հաշվի առնենք, որ առաջին եռամսյակում կառավարության պարտքը գերավճարների գծով կազմել է Դ105 մլրդ, ապա իրականում բյուջեի ծրագրային ցուցանիշը ոչ թե գերակատարվել, այլ թերակատարվել է։
Ստացվում է, որ տնտեսավարողներին գերավճարները վերադարձնելու փոխարեն կառավարությունն այդ միջոցներով (Դ18,4 մլրդ) փաստացի ավելացնում է պահուստային ֆոնդը, այնինչ «Հարկերի մասին» օրենքով սահմանված է, որ սահմանված ժամկետներում չվերադարձված կամ չհաշվանցված գերավճարների գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր։ Անհայտ է՝ վճարում է արդյոք կառավարությունը տույժերը, թե ոչ։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ կառավարությունը հիշել է նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում առաջացող լրացուցիչ ծախսերի մասին, սակայն դեռևս որոշում չի ընդունել հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման հետևանքով հավելյալ ծախսերի ֆինանսավորման մասով։
Արմենակ Չատինյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում