Այն, որ Աստծո ողորմությամբ Հայրիկյանը դեռ շարունակում է ապրել, դա նրա համար չէ, որ այսուհետեւ իր կյանքը խնայի եւ չբարձրաձայնի այն վտանգները, որի առջեւ կանգնած է ԱԻՄ-ի շնորհիվ ինքնիշխանություն ստացած Հայաստանը: Այսպես է համարում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, եւ բարձրաձայնում, որ ռուսական իմպերիալիզմի ԿԳԲ-ն դեռ շարունակում է իր քայքայիչ գործունեությունը:
Ըստ նրա՝ Ադրբեջանին ՌԴ-ի կողմից վաճառված զենքը վկայում է մեր չակերտավոր դաշնակցի դավաճանությունը: «Այդ զենքով սպանելու են մեր բնակչությանը»,-հայտարարում է Հայրիկյանը եւ հաշվարկում, որ 1 մլդր դոլարի զենքի վաճառքով ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր բնակչի կյանքի համար արդեն վճարվել է 500$:
Հայրիկյանը շարունակում է պնդել, որ իր հանդեպ մահափորձի հետեւում կանգնած է ռուսական իմպերիալիզմի ԿԳԲ-ն, նա նույնիսկ առաջարկեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային հարցնել՝ ինչո՞ւ էիք սադրիչ հայտարարություններ անում Հայրիկյանի գնդակահարության առավոտը, թե դեռ կասկածելի է, դա մահափորձ է, թե՝ ոչ:
«Այսօր, երբ դատավարության արդյունքում արդեն պարզ է, որ դա լուրջ մահափորձ էր, միջնորդ պատվիրատուն ասում է, որ դա ինքը չէր, եթե ինքը չի, ուրեմն դեռ բացահայտված չէ, թե ով է իրական պատվիրատուն: Եվ մինչեւ հիմա ձեր անվտանգությունը, ես չեմ ասում՝ իմ անվտանգությունը, ասում եմ՝ ձեր անվտանգությունը, ապահովված չի: Մարդը 100 հազար դոլար է ստացել Ռուսաստանից անծանոթ մարդկանցից, եւ դատարանին ասում եմ՝ կանչեք էդ մարդուն հարցրեք, թե ինչու է էդ փողը տվել, դատարանը տարօրինակ է պահում իրեն, ասում է՝ պետք չի: Ես 64 տարի ապրում եմ, որից 47 տարին ԿԳԲ-ն տարբեր ձեւերով փորձել է ինձ սպանել իմ դիրքորոշման համար: Միամիտներն ասում են՝ հիմա կոմունիստական գործակալներ չկան: Բայց ես ձեզ ասեմ, որ նախագահական ընտրություններից առաջ Ռուսաստանում գրականություն էր բաժանվում այնտեղի հայ գործարարներին, որում սպառնում էին, որ Հայրիկյանը կարող է նախագահ դառնալ եւ սպառնում էին հայազգի գործարարներին, որ եթե Հայրիկյանը դառնա նախագահ, դուք բոլորդ կզրկվեք ձեր աշխատելու հնարավորությունից: Կուզնեցովը իր հոդվածում գրել էր՝ հայեր, Հայրիկյանը չպիտի ապրի, ավելի լավ է դուք ձեր ձեռքով վերացրեք նրան» ,-այսպես արձագանքեց Պարույր Հայրիկյանը` ի պատասխան իր անվտանգության (նա ասուլիսի էր եկել թիկնապահների հետ) եւ դատավարության վերաբերյալ հարցերի:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ