2011 թվականի սեպտեմբերի 30-ին Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահ պրն. Վազգեն Մանուկյանին փոխանցվեց մի դիմում-նամակ (հաշվառման համար Ա-265), որում ասվում էր հետևյալը`
«Սույն թվականի օգոստոսի 26-28 Ծաղկաձորում առավելագույն միջազգային ցուցանիշներ ունեցող երիտասարդ գիտնականների, վարչական աշխատանքի փորձ ունեցող` բարձր-վարկանիշային, ավանդ ունեցող ավագ սերնդի գիտնականների, ՀՀ գիտական հաստատությունների տնօրենների, ՀՀ ԳԱԱ Ազգային ակադեմիայի նախագահության անդամների, տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ ու բազմաթիվ լրագրողների ներկայությամբ և մասնակցությամբ, հանգամանորեն քննարկվեցին` խորը մասնագիտական վերլուծություններով, գիտության ֆինանսավորման հիմնախնդիրների, Հայաստանի Հանրապետությունում գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի բազմաթիվ հնարավորությունների վերաբերյալ, որոնք առ այսօր անտեսված են։ Հիմնավորվեց ու հաստատվեց, որ մեզ անհրաժեշտ է անհապաղ ավելացնել գիտության ֆինանսավորումը, քանի որ ներկա վիճակը սպառնում է ինտելեկտուալ աղետով առաջիկա ապագայում։
Ելնելով այն հայտարարությունից, որ արել են քաղաքական կուսակցությունները՝ ՀՀ գիտության ֆինանսավորումը բյուջեից հասցնել 3 տոկոսի, դիմում ենք Ձեզ խնդրանքով հնարավորինս շուտ այս տեսակետը քննարկել հանրային խորհրդում և հասցնել այն ՀՀ նախագահին: Մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերը համակարծիք են, որ հապաղման յուրաքանչյուր օրը հակասում է հանրապետության զարգացման հռչակագրած ռազմավարությանը, սպառնում է ազգային անվտանգությանը և ընդհանրապես վտանգավոր է երկրի համար»:
Սույն դիմում-նամակի տեքստի ներքո ստորագրել էին ՀՀ ԳԱԱ թվով 6 ինստիտուտների գիտաշխատողներ և աշխատող անձնակազմ (200-ից ավել ստորագրություն):
Կարդացեք նաև
Ի գիտություն հանրությանը՝ ՀԽ կողմից չի ստացվել նամակ-դիմումին ո’չ համապատասխան պատասխան, ո’չ համապատասխան մամլո հաղորդագրություն, չի արվել ո’չ մի քայլ ընդառաջ այդ դիմումին (օրինակ` ավելի համապարփակ քննարկումների հրավեր):
Պատմության մյուս կողմն այն է, որ վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականների` ՀՀ ԲՈՀ աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկություններին ընթացք չտալու պատճառով ՀՀ ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստացավ նկատողություն :
Սա թերևս կապ չէր ունենա քիչ առաջ շարադրածի հետ, եթե չլիներ մի հետաքրքիր զուգադիպություն: Պարոն Արտուշ Ղուկասյանը նաև հանդիսանում է ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ և, փաստացի օգտագործելով իր դիրքը ՀԽ-ում, վերջինիս կողմից ստացավ «աջակցության» հաղորդագրություն, որում ՀԽ փոքր նիստի մասնակիցներն արձանագրում են, որ պրն. Ղուկասյանի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: ՀԽ մամլո պատասխանատու Անի Գասպարյանն էլ իր հերթին պարզաբանել է այս հարցը` ասելով, որ «Դա հանրային հնչեղություն ունեցող, այլ ենթատեքստեր պարունակող խնդիր է: Եթե պարզապես հրաման լիներ, գուցե չանդրադառնայինք: Բայց սա ուրիշ հարց է, հատկապես, որ Ղուկասյանը Հանրային խորհրդի անդամ է»:
Այսպիսով ստացվում է` 200-ից ավել գիտաշխատողների, ՀՀ քաղաքացիների նամակը չարժանացավ որևէ պատասխանի 1 տարի 8 ամիս և 28 օրվա ընթացքում, իսկ Ա. Ղուկասյանի բողոքի արձագանքը ստացվեց 4 օրվա ընթացքում, և ի՞նչն է պատճառը` «Բայց սա ուրիշ հարց է, հատկապես, որ Ղուկասյանը Հանրային խորհրդի անդամ է» արտահայտությունը թերևս ամբողջությամբ այն արտահայտում է:
Ստացված իրավիճակը շտկելու համար տեսնում ենք մեկ ելք՝ կամ պրն. Վ. Մանուկյանը հայտարարում է խիստ նկատողություն պրն Ա. Ղուկասյանին՝ գիտաշխատողների դիմումն անպատասխան թողնելու (արհամարհելու) համար, կամ ՀԽ-ն իրոք գործում է որպես անօգուտ մի կառույց, որտեղ «լուծվում» են միայն անձնական խնդիրներ:
Սարգիս Հայոցյան
«Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ նախագահ