Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ո՞ւր ենք մենք այսպես հասնելու

Հունիս 28,2013 10:16

Նույնիսկ թռուցիկ հայացքը բավական է համոզվելու համար, որ Հայաստանի ցանցային լրատվական դաշտը լրջորեն հիվանդ է դեղնախտով։ Եվ դա, ի դեպ, այս կարգի լրատվամիջոցների հիվանդություններից ընդամենը մեկն է։ Բայց, թերեւս, ամենից խորացած ու ծանր ընթացք ունեցողը։
Խոսքն, իհարկե, «լրատվական կայքերի» մի ահռելի մասի հրամցրած «լրատվության» բաղադրության մասին է։ Ավելի «դեղին» դժվար է պատկերացնել։ Բայց, դրա հետ մեկտեղ, նրանք հավակնում են ներկայանալ որպես լո՛ւրջ, ծանրակշի՜ռ լրատվամիջոց։ Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։
Կարելի է թվարկել կայքերի, ցանցային «լրատվամիջոցների» մի երկար շարք, որոնք հեղեղված են ամենատարբեր տեղեկություններով, թե հայկական, ոչ բարով՝ «շոու բիզնեսի» ո՛ր ներկայացուցիչն է հղի, որտե՞ղ է հանգստանալու միջինից ցածր կարգի այս կամ այն երգիչ-երգչուհին, ո՞ւմ սիրահարվեց այնինչ հաղորդավարը, ո՞վ է այսինչ սերիալային դերասանուհու ընկերը (ընկերուհին), ի՞նչ սեռական կողմնորոշում ուներ այս կամ այն պատմական կերպարը, ինչպես սովորական աղի միջոցով բուժել կուզիկությունը եւ նմանօրինակ այլ, հույժ կարեւոր ու հետաքրքիր տեղեկություններ։ Տոննաներով։
Բայց դա դեռ դժբախտություն ու խնդիր չէ։ Ի վերջո, ամեն մեկն իր հետաքրքրություններն ու մտահորիզոնն ունի եւ իր հագով «զգեստ» է գտնում։ Դե, «դեղին» են այդ լրատվամիջոցները, չես ուզո՞ւմ, մի՛ էլ նայիր։
Բուն խնդիրն այն է, որ, այսպես ասած, «լուրջ» համարում ունեցող լրատվական կայքերը ձգտում են հետ չմնալ։ «Սեղմումների» («քլիք»), այցելուների որոշակի վիճակագրություն ապահովելու կամ ինչպես հեռուստաընկերությունների դեպքում է ասվում՝ «ռեյծինգ» հավաքելու համար այդ լրատվամիջոցները նույնպես սկսել են ավելի ու ավելի «դեղնել»։ Դեռ մի կողմ թողնենք տարբեր հանրահայտ դեմքերի բարեմասնությունների ցուցադրումն ու վերոհիշյալի կարգի «տեղեկությունները», որոնք նույնպես հայտնվում են «լուրջ» լրատվամիջոցների էջերում։ Կպատահի։
Շատ ավելի մտահոգիչ են աստիճանաբար առավել ցայտուն դրսեւորվող ցինիզմն ու գորշությունը։ Կան կայքեր, որ կարծես հիվանդագին բավականություն են ստանում՝ նկարագրելով այս կամ այն հանցագործության, սահմռկեցնող եղելության մանրամասները։
Նկատելի է, որ հատուկ շեշտ է դրվում հնարավորինս բացասական ազդեցություն թողնող տեղեկատվության տիրաժավորման ու տարածման վրա։ Լինի դա ավտովթար, վրաերթ, սպանություն, ինքնասպանություն, հրդեհ կամ մեկ այլ դժբախտություն, գրեթե վայրկենապես հրամցվում է ամբողջ հանրությանը։ Առանց երկար-բարակ անելու եւ մի տեսակ՝ «շրթունքները ճպպացնելով»։
Առանց կոնկրետ լրատվամիջոցի անվանում նշելու եւ օրինակի ետեւից հեռու չգնալով, առանձնացնենք այսպիսի մի պատմություն։ Մի կին թաքուն ծննդաբերել է, ապա սպանել իր նորածին երեխային։ Սա արդեն ահավոր է։ Ու պարզ է, որ ողբերգություն է կատարվել։ Բայց ո՛չ, հայրենի ցանցային լրագրողներն իրենց պարտքն են համարել ամենայն մանրամասնությամբ, դրվագ առ դրվագ նկարագրել, թե հատկապես ոնց է կատարվել սպանությունը։ Մի խոսքով, այդ ամբողջ դաժանությունը, որ գերազանցապես ու բացառապես քրեագիտական հետաքրքրություն է ներկայացնում, լցվում է ընթերցասեր հանրության վրա։
Ինչո՞ւ։ Ո՞րն է դրա իմաստն ու նպատակը։ Ի՞նչ խնդիր է լուծվում դրանով։ Այսպես ասած՝ «լա՞յք» են հավաքում։ Այդ գնո՞վ։ Կրկնում եմ, թե հատկապես ո՞ր լրատվամիջոցն է այդպես վարվել, էական է, քանզի նույն վարքը դիտարկվում է շատերի (քավ լիցի՝ ոչ անխտիր բոլորի) մոտ։
Հանրագումարում, մեկ էլ տեսնում ես, որ համախառն լրահոսը գերազանցապես նեգատիվ ազդեցություն գործող տեղեկատվությամբ է հեղեղված։ Մեկ էլ պարզվում է, որ շուրջբոլորը միայն սպանություններ են, ինքնասպանություններ, մորթոցի, բռնաբարություններ, այլասերում, ծայրահեղ դեպքում՝ գողություն ու նման մի բան։
Ու այդ լրատվական ծծմբաջրածնային միջավայրում, հասկանալի է, որեւէ դրական կամ չեզոք տեղեկություն հայտնելը արդեն «վատ տոն» է, հետամնացություն։ Եվ առնվազն վիրտուալ տարածքում ձեւավորվում է ընդհանուր առմամբ հիստերիկ ու նյարդային մթնոլորտ, շարունակական տագնապ ու վատ դեպքերի անվերջ սպասում։
Հատուկ ոչինչ չնշեցինք այդ մի քանի տասնյակ կայքերի շարադրանքի գրագիտության, ավելի ճիշտ՝ անգրագիտության աստիճանի մասին։ Ըստ որում, խոսքը ե՛ւ լեզվական անգրագիտության ու տարրական կանոնները չիմանալու մասին է, ե՛ւ մասնագիտական անգրագիտության ու անբարեխղճության։ Դա թերեւս առանձին ուսումնասիրության առարկա կարող է դառնալ։ Բայց ամեն դեպքում, արժե մի հռետորական հարց հնչեցնել. դեպի ո՞ւր այդպես, դեպի ցինիզմի ու անգրագիտության հաղթարշա՞վ։ Եվ ի՞նչ է այն ձեզ տալու, ախր։
Իսկ հռետորականից զատ, պետք է նկատել ու նախազգուշացնել, որ այդ հիստերիկ վիճակը, արագորեն ամեն մի անկապություն պատճենել-տիրաժավորելը խոցելի են դարձնում տեղեկատվական դաշտն ամբողջությամբ։ Մեկ կայքում զետեղված ցանկացած անհեթեթ հորինվածքը բավական է առնվազն լոկալ խառնաշփոթ, անգամ թեթեւ խուճապ հարուցելու համար։ Իսկ դա արդեն շատ ավելի մտահոգիչ է։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930