Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ կամ այսուհետ արդեն անվանափոխված «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունն արդեն ավանդույթ է դարձրել ամեն տարի ընկերության տարվա լավագույն աշխատակցին պարգեւատրելու եւ խոշոր դրամական խրախուսանքի արժանացնելու:
Այս տարի ընկերությունը տվյալ առիթով կազմակերպած միջոցառման ժամանակ տարվա լավագույն աշխատող ճանաչեց բեռնատարի վարորդ, 13 տարի ընկերությունում իր նվիրված ու պարտաճանաչ աշխատանքով աչքի ընկնող Վարդան Վարդանյանին, ով ընկերության կողմից արժանացավ 3 մլն դրամ գումարի: Ընկերության մի շարք լավագույն աշխատակցիներ էլ տնօրինության կողմից արժանացան շնորհակալագրերի ու 100 հազար դրամ պարգեւների, փոքրիկ հուշանվերների, 2-րդ տեղ զբաղեցրած տարվա լավագույն 5 աշխատակիցները՝ 400 հազար-ական դրամների:
Տոնական միջոցառման ժամանակ մեծարվեցին նաեւ 1990-ականներին պատերազմի ժամանակ զոհված ընկերության նախկին աշխատակիցները, իսկ նրանց ընտանիքներին կրկին դրամական պարգեւներ հանձնվեցին, մեծարանքի արժանացան նաեւ մերօրյա բանակում իրենց ներդրումը թողած կենդանի եւ զոհված կապանցի տղաները: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը տեղեկացրեց, որ նույն հաջողությամբ աշխատելու դեպքում հաջորդ տարի ընկերության տարվա լավագույն աշխատակիցը լիովին բարեկարգ վիճակում գտնվող, վերանորոգված, կահավորված բնակարանի կարժանանա Կապանում:
Ընկերությունը կազմակերպած տոնական ծրագրի ժամանակ նաեւ ներկայացրեց արդեն անվանափոխված ընկերության նոր տարբերանշանը, որին ներկա էր գտնվում նաեւ արտասահմանից ժամանած՝ «Դանդի փրիշս մեթալս» կորպորացիայի արտադրական գծով փոխնախագահ Դեյվիդ Ռեյը:
Կարդացեք նաև
«Հին անունը իրապես չի ներկայացնում մեր ընկերությունն ու իր արժեքները:
Աշխատելով Հայաստանի մեր գործընկերների հետ եւ ստանալով նրանց ներդրումն ու խորհուրդները՝ մենք ստեղծեցինք նոր անուն եւ նոր տարբերանշան այստեղի մեր հանքարդյունաբերական ընկերության համար: Մենք ունենք նոր հանձնառություն, որն ուղղված է աշխատողների առողջապահությանն ու անվտանգությանը, բնապապահպանական պաշտպանությանը, հողերի վերականգնմանը եւ հարգանքը դեպի Հայաստանի ունեցած ժառանգությանն ու մշակույթին: Մեր արժեքներին հետեւողական լինելու համար «Դանդի փրիշս մեթալս»-ը հանձն է առել իր շուրջը կառուցել ավելի լավ համայնքներ: Մենք շարունակում ենք այս ամենն իրականացնել՝ կատարելով զգալի ներդրումներ Կապանում եւ նրան հարող համայնքներում, մեր կորպորատիվ պատասխանատվության նախաձեռնությունների միջոցով», – նշեց փոխնախագահը:
Իսկ այն հարցին, թե նոր անունով հանդես եկող ընկերությունը արդյոք կհանդիսանա՞ Դինո գոլդի իրավահաջորդը, թե՞ ոչ, ընկերությունից տեղեկացնում են, որ 2006թ.-ից ի վեր այն հանդիսանում է «Դանդի փրիշս մեթալս»-ի իրավահաջորդը եւ Դանդին չի պլանավորում վաճառել Դինո Գոլդը, քանի որ հսկայական ներդրումներ են կատարվել գործող համակարգերի կատարելագործման նպատակով:
«Այս օրերին որոշ մարդիկ երեւի կամ խանդեն կամ նախանձեն, թիրախ են դարձրել մեր հիմնարկը, երբ որ մենք ունինք այսպիսի տնօրեններ, այսպիսի աշխատակիցներ, մենք ոչ ոքից չենք վախենում, երգեցեք, պարեցեք, կանչեցեք Երեւանից մինչեւ որտեղից ինչ-որ կուզեք ասեք, մեր նպատակը տկարություն չի ճանչնար, մեր նպատակը միասնական է, մեր ճանապարհը շատ հստակ է, մեր սիրտն անկեղծ է, մեր հոգին մաքուր է եւ ազնիվ, մենք մեր ճանապարհը կշարունակենք: Եթե այսօր լրատվական միջոցներն այստեղ են եւ պիտի տպագրեն, խնդրեմ ազատորեն տպագրեցեք «Դանդի փրիշս մեթալս Կապանի»-գլխավոր տնօրենի խոսքերը, մենք հպարտ ենք եւ հպարտ էլ կմնանք», – միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Հրաչ Ջաբրայանը՝ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով ընկերության բոլոր աշխատակիցներին նվիրված ու քրտնաջան աշխատանքի համար:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Շնորհակալություն որ իսկական պատկերը ներկայացուցած եք այստեղ