Նկարիչ Հարություն Կալենցը (1910-1967) առանձնահատուկ տեղ է գրավումհետպատերազմյան խորհրդահայ գեղարվեստական իրականության մեջ:
Արվեստագետը ծնվել է Լիբանանում, որտեղ եւ անցել է նրա վաղ մանկությունը: Կալենցը աշխատում էր 3 հիմնական ժանրերում` նատյուրմորտ, բնանկար եւ դիմանկար: Հայ մեծ նկարչի կյանքի պատմությունը, նկարների շարքը ներկայացվեց այսօր` հունիսի 27-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Խորագիրը` «Հանդիպում արվեստի հետ»:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում նկարների ցուցադրությունը վերնագրված էր՝ «Գույնը ձեւի մեջ», որտեղ ներկայացված էր գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ընտրանի «Կալենց» թանգարանից:
Կարդացեք նաև
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող-օգնական, արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանցը ներկայացրեց Կալենցի կյանքի պատմությունը ծնված օրվանից, միչեւ մահ: Նրա ապրումները, ստեղծագործական ուղին, պատկերացումները կյանքի մասին, ու նկարների շարքը հասանելի եղան հանդիսատեսին: 3 ամիս շարունակ ցանկացողները կարող են այցելել «Արծիվ» սրահ եւ դիտել Հարություն Կալենցի գեղանկարներից մի քանիսը:
Հարություն Կալենցը իրեն համարում էր ազնվական, քանի որ նրանք եղել են հարուստ, նրա պապերն էլ ազնվականները: Նա ծնվել է «Սուրբ Զատկի» գիշերը, այդ իսկ պատճառով նրան անվանել են Հարություն: Ու իր մանկությունը, հարստությունը ընդհատվեց 1915 թվականին, պատմում է Արմեն Եսայանցը: Իրենց ընտանիքը փրկում է Կալենցի մայրը. «Նկարիչը շատ լավ հիշում է այդ դրվագները, բայց երբեք չի խոսել դրա մասին, ու չի ստեղծագործել այդ թեմայով»: Կալենցը ասում էր, որ ցեղասպանության մասին գրելը շահարկման նման մի բան է, նույնիսկ վեպ չես գրի`մատներդ կայրվեն:
Նկարչի մանկությունն անցել է Լիբանանի որբանոցում: Արդեն 12 տարեկան հասակում սկսում է նկարել: Հայ գեղանկարիչ Օնիկ Ավետիսյանը գնում է փոքրիկ Կալենցի նկարներից մեկը: Հենց դա էլ եղավ առաջին գնահատականը:
Նկարիչը, իր երկրում`Հայաստանում, փառք վայելեց կյանքի վերջին տարիներին: Խորհրդային ժամանակներում Հայաստանը Հարություն Կալենցին չէր «ընդունում»: Բանախոսը բացատրում է, որ նկարիչը իր գույների, մտածելակերպի մեջ բավական ազատ էր, անգամ իր նկարները ստորագրում էր միայն ֆրանսերեն լեզվով, ոչ թե ռուսերեն, կամ լավագույն դեպքում հայերեն, ու մի քանի պատճառներ եւս, որ սկզբնական շրջանում չէին ընդունում նրա արվեստը:
Կալենցը մահացել է 57 տարեկան հասակում: Հիմա նրա պատմությանը իրազեկ է դարձնում Կալենցների ընտանիքը, մասնավորապես որդին`Սարո Կալենցը, որը նույնպես ներկա էր միջացառմանը: Ս.Կալենցը բավական հուզված էր, ու իր խոսքը ամբողջացրեց շնորհակալություն արտահայտությամբ:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ