3 օր առաջ Գյումրի այցելած ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը զենք մատակարարում Ադրբեջանին, պատասխանել էր. «Դուք գիտեք, Ռուսաստանը առեւտրային հարաբերությունների մեջ է բոլոր երկրների հետ, եւ յուրաքանչյուր երկիր, որը ուզում է գնել, հնարավորություն ունի ըստ օրենքի ձեռք բերել զենք Ռուսաստանից»:
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հիմնավոր ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը: «Նախ ուզում եմ ասել, որ ես երբեւիցե հակառուսական տրամադրություններ ունեցող մարդ չեմ, որովհետեւ շատ-շատերի մոտ կարող է ստեղծվի այն կարծիքը, թե ես հենց այդպիսի տրամադրություն ունեմ, բացարձակ ոչ, ես հայամետ եմ, եւ իմ վերլուծությունը կկազմեմ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով: Նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանը ուղղակիորեն փաստի առջեւ է կանգնեցնում հայերին: Նորագույն շրջանում դա սկսվում է 90-ական թվականների սկզբից, երբ որ բաժանվում էր Խորհրդային միության ունեցվածքը, եւ այդ նույն Ռուսաստանը ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրեց Ադրբեջանին եւ ավելի շուտ տրամադրեց, քան Հայաստանին, որը շատ մեծ ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների վրա, ընթացքում եւս եղան էսպիսի փաստեր: Բայց ես ավելի շատ կանդրադառնամ վերջին փաստին, իբրեւ թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատարակարումը բիզնես գործարք է: Սա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ բիզնես գործարք էր նա եւ Ռուսաստանի կողմից Իրանին S 300 կոմպլեքսների մատակարարումը, որի մասին իրենք ստորագրել էին պայմանագիր դեռ 2007-2008 թվականներին: Եվ Ռուսաստանը, խախտելով բոլոր միջազգային կանոնները եւ ստորագրված պայմանագրի մեջ նշված ժամկետները`մինչեւ հիմա էդ կոմպլեքսները չի մատակարարել Իրանին: Եվ Իրանը արդեն դիմել է միջազգային տնտեսական դատարան ու Ռուսաստանից ոչ միայն պահանջում է հետ վերցնել այդ գումարը, որ ինքը ավանսով արդեն տրամադրել է, այլ նաեւ գումարային տեսքով տույժի ենթարկել, որովհետ եւ ռուսական կողմը զենքի ու զինամթերքի մատակարարում չի կատարել: Էդ ինչպե՞ս է ստացվում, որ Իրանին մատակարարվող S 300 կոպլեքսները չի մատակարարվում, իսկ Ադրբեջանին շատ արագընթաց, շատ կարճ ժամանակահատվածում վաճառում է հարձակողական ռազմական տեխնիկա` տանկեր`վերջին մոդիֆիկացիայի, զրահապատ մեքենաներ, հեռահար հրթիռներ: Ռուսները շատ լավ գիտեն, որ այդ ամենը վաղը մյուս օր կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի դեմ, եթե տեղի ունենա կոնֆլիկտի ռազմական ճանապարհով լուծման փորձ Ադրբեջանի կողմից: Առաջին անգամ եմ լսում, որ զենք արտադրող եւ վաճառող երկիրը գործարքներ կնքելիս հաշվի առնի միայն տնտեսական շահերը, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա Իսրայելը պետք է զենք վաճառեր Իրանին, Սիրիային, արաբական աշխարհի այլ երկրների, որոնք պայքարում են նրա դեմ»:
Մեր այն հիշեցմանը, թե Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը Գյումրիում նաեւ հայտարարեց, քանի դեռ ռուսական ռազմաբազան տեղակայված է այստեղ, Հայաստանի հանրապետության տարածքում ոչ մի բացասական երեւույթ չի արձանագրվի, քաղաքագետը շարունակեց. «Այո, նրա խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է, բայց նույն ռուսները երբեւիցե մեզ չեն երաշխավորում, որ նույն բանը տեղի չի ունենա Արցախի պարագայում: Խնդիրը սա է, իհարկե, Մեդվեդեւի Հայաստան գալով ու ստորագրված համաձայնագրով, ոչ միայն երկարացվեց ռուսական ռազմաբազայի տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետության տարածքում 49 տարով, այլ Ռուսաստանը ստանձնեց ոչ միայն հայ-թուրքական եւ հայ–իրանական, այլ հայ-վրացական եւ հայ–ադրբեջանական սահմանների անձեռնմխելիությունը: Այո, Պատրուշեւը սխալ չի ասել, բայց Պատրուշեւը չի երաշխավորել, որ իրենց կողմից վաճառված զենքը վաղը մյուս օր չի օգտագործվի արցախահայերի դեմ: Այ, երբ որ Պատրուշեւը հայտարարեր, որ Արցախի դեմ տեղի ունեցող ոտնգձությունների ժամանակ եւս ռուսները կկանգնեն մեր կողքին, այդ ժամանակ նոր կարելի էր մտածել, որ Ադրբեջանին վաճառած մեկ միլիարդ դոլարի զենքը չի ուղղվի հայերի դեմ»:
Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, Ադրբեջանի նաթադոլարային հարստությո՞ւն է գայթակղում ռուսներին, թե՞ այս քայլով Ռուսաստանը հարկադրում է Հայաստանին մտնել Եվրասիական միության կազմ: «Մի քանի պատճառներ կան, նախ առաջինը, որ Ռուսաստանի Դաշնությունը մինչեւ հիմա չունի տրամաբանված արտաքին քաղաքականություն Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Այստեղից նաեւ գալիս է այն հանգամանքը, որ Ռուսաստանի պետական հիերարխիայում գործող տարբեր խմբավորումներ ունեն իրենց շահերը նախկին Խորհրդային միության տարբեր տարածաշրջաններում, եւ առաջ են քաշում իրենց շահերի պաշտպանությունը: Ես բացարձակ չեմ զարմանա այն հանգամանքից, որ նույն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի լոբբինգը եւ այդ ծրագիրը իրականացրել են մոսվայաբնակ հայտնի ադրբեջանամետ, սակայն ազգությամբ հրեա եւ Ադրբեջանից Մոսկվա գաղթած հայտնի միլարդատերերը, ինչպիսին են`Թելման Իսմայիլովը, Ալիեւի խնամի Ագալարովների ընտանիքը, նույն Վագիտ Ալեկպերովը, Ռուսաստանի ամենամեծ LUKoil կոորպորացիայի տնօրենը, որոնք ոչ բացեիբաց, բայց միշտ էլ աջակցել են ադրբեջանական պետությանը: Ես բացարձակ չեմ զարմանա, որ այս գործարքի հետեւում կանգնած է հենց այս խմբավորումը: Բայց զավեշտը այն է, որ եթե ԱՄՆ-ում կամ խոշոր եվրոպական երկրներում գոյություն ունեցող խմբավորումները շատ դեպքերում իրենց խմբակային շահերը հետին պլան են մղում`հաշվի առնելով պետական շահը, Ռուսաստանում այդ բանը չկա: Ռուսաստանում մինչ եւ հիմա այդ կլանները, այդ խմբավորումները, որոնք շատ ակտիվ են ռուսական պետական հիերարխիայում ու պուտինյան շրջապատում, ի վնաս ռուսական պետության շահերի, կարող են գործարքներ կատարել: Երկրորդ պատճառն ասեմ. ռուսները մինչեւ հիմա չեն հասկացել, որ այն, ինչ գոյություն ուներ Հարավային Կովկասում 20 տարի առաջ, հիմա գոյություն չունի: Եթե 20 տարի առաջ Ռուսաստանը Հարավային Կովկասում ուներ 5-6 ռազմաբազա, Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի, Ախլքալակի, Բաթումիի, Գյումրու, Գաբալայի, ապա հիմա նրանք ունեն մի ռազմաբազա, այն գտնվում է Հայաստանի տարածքում: Եվ մինչեւ հիմա ռուսների մոտ այն կարծիքն է իշխում, որ այդ ռազմաբազան շատ ավելի կարեւոր է մեզ համար, քան իրենց, որը իրականությանը չի համապատսխանում: Մինչեւ հիմա մեր բնակչությունից շատ քչերը գիտեն, որ այդ ռազմաբազայի 50 տոկոս ծախսերը ընկած է մեր հանրապետության ուսերին, այն դեպքում, երբ ռուսները Ղրղստանում կամ Տաջիկստանում տեղադրված իրենց ռազմաբազաների համար բազմամիլիոնանոց գումարներ են վճարում այդ պետությունների պետական բյուջե:
Կարդացեք նաև
Ռուսները պետք է լավ գիտակցեն, որ ռուսական ռազմաբազան Գյումրիում ոչ միայն պաշտպանում է հայ-թուրքական եւ հայ–իրանական սահմանը, այլ նաեւ պաշտպանում է Ռուսաստանի Հյուսիսային Կովկասը, որը մինչեւ հիմա ունի բազմաթիվ խնդիրներ եւ տեռորիստական ակտիվությունը կարմիր սանդղակի վրա է գտնվում, այսինքն, մշտական տեռորի վտանգ կա այստեղ: Ռուսները պետք է լավ հասկանան, որ իրենք վաղը մյուս օր պայքարելու են իրենց կողմից վաճառված զենքի դեմ»:
Ըստ Գագիկ Համբարյանի, Հայաստանի իշխանությունները պետք է բացեիբաց հասկացնեն Ռուսաստանին, որ հարաբերությունները այսպես շարունակել հնարավոր չէ, անիմաստ է, եւ երկկողմանի հարաբերություններում զիջումները պետք է լինեն երկկողմանի, ոչ թե դրանք միայն պարտադրվեն հայերին, որը կատաստրոֆիկ վիճակի մեջ կգցի մեր ազգին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բա իշխանությունների բան ու գործն ինչ է? Տարվա տակին ու գլխին հա գնում են Ռուսաստան ,գալիս են :Գնում են ֆռֆռում են , քեֆեր են անում գալիս են? եթե արտաքին քաղաքականության մեջ էլ այդպիսի բացթողումներ կան:
Ռուսների հետ անհրաժոշտ ե վարվել :