Աշխարհահռչակ հունգարացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Իշտվան Սաբոն այս տարի կգլխավորի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրին: Հայ հանդիսատեսն էլ փառատոնին հնարավորություն կունենա մեծ էկրանին դիտել նրա հանրահայտ «Մեֆիստոֆելը», որը ի թիվս այլ մրցանակների, արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին, ինչպես նաեւ «Օսկարի»:
Սաբոյի «Մեֆիստոֆելը» Գյոթեի «Ֆաուստի» յուրօրինակ մեկնաբանությունն է, ավելի շուտ` գաղափարի սաբոյական էկրանավորումը: Ուղղակի ֆիլմում օպերային երգիչ Հենդրիկ Հյոֆգենը հոգին ծախում է ոչ թե սատանային, այլ նացիստներին, դառնալով նացիստական գաղափարների քարոզիչը: Նա այդ ճանապարհին տրորում է իրական արժեքները՝ ընտանիք, սեր, ընկերություն, հումանիզմ, բարոյականություն, իրական արվեստ… Երբ գիտակցում է սխալը՝ արդեն ուշ էր:
Հենդրիկին մեծ ճանաչում է բերում Մեֆիստոֆելի կերպարի մարմնավորումը, նացիստական պարագլուխներից մեկին արվեստագետը հենց այդ «իմիջով» է գրավում եւ ողջ ֆիլմի ընթացքում նրան ոչ թե անունով, այլ հենց Մեֆիստոֆել են կոչում:
Շատ տպավորիչ է ֆիլմի ավարտը. հսկայական ստադիոնում նա պտտվում է ինքն իր շուրջը՝ լուսարձակների կուրացուցիչ լույսի ներքո: Լսվում է նացիստական պարագլխի «խրխինջը». «Մե՜-ֆի՜ս- տո ՜-ֆե՜լ»: Հենդրիկը գիտակցում է, որ եկել է իր վերջը, բայց զարմանում է. « Ի՞նչ են ինձանից ուզում, չէ՞ որ ես դերասան եմ»:
Կարդացեք նաև
Ի դեպ, ժամանակին Հենդրիկի կինը, որ չեզոք երկրում հականացիստական թերթ էր տպագրում, զգուշացրել էր նրան, որ Շեքսպիրի ու Գյոթեի թիկունքում թաքնվելով՝ ինքը չի կարող իրականությունից դուրս ապրել:
Հենդրիկ Հյոֆգենին փառահեղ է մարմնավորել Կլաուս Մարիա Բրանդաուերը, նկարահանվել են նաեւ Քրիստինա Յանդան, Րոլֆ Հոպպեն, Քրիստին Հարբորտը եւ ուրիշներ: Ֆիլմը նկարված է գերմանացի հայտնի գրող Թոմաս Մանի որդու՝ Կլաուս Մանի «Մեֆիստոֆել. մի կարիերայի պատմություն» (1936) վեպի հիման վրա: Մանը վեպի հիմքում իր քրոջ ամուսնու՝ Էրիկ Գուստաֆ Գրյուդգենսի պատմությունն է դրել: 1949-ին Գրյուդգենսին արդարացրին՝ հանելով նրա վրայից նացիստների հետ համագործակցության մասին մեղադրանքը: Դրանից հետո, սակայն, հրատարակիչները հրաժարվեցին տպագրել Մանի վեպը՝ չվիրավորելու համար անվանի արտիստին: Մանն էլ այդ քայլին պատասխանեց ինքնասպանությամբ: Մինչեւ 1981 թվականը Գերմանիայում «Մեֆիստոֆել. մի կարիերայի պատմություն» վեպն արգելված է եղել: Այնպես որ, Իշտվան Սաբոյի ֆիլմը նրան հնարավորություն է տվեց երկրորդ անգամ «ծնվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ