Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն բան ավելի արագ է ստացվում». Համացանցի միջոցով աշխատանք գտնելու մասին

Հունիս 27,2013 18:04

 

Մինչ շատերը մեկնում են արձակուրդի, ոմանք մտածում են աշխատանք գտնելու մասին: Ընդ որում ՝ պարտադիր չէ տանից դուրս գալ և երկար շրջել, տնային պայմաններում ևս կարող եք աշխատանք գտնել: Համացանցը տալիս է այդ հնարավորությունը: Այցելելով  աշխատանքի մասին հայտարարություններ  պարունակող կայքեր՝ Դուք կարող եք փնտրել, գտնել Ձեզ համապատասխան որևէ աշխատանք, զանգել-տեղեկանալ, հարկ եղած դեպքում՝ ինքներդ հայտարարություն գրեք և հնարավոր է՝ գործատուն հազարավորների միջից ընտրի հենց Ձեզ: 20-ամյա Լիլիթին ծանոթ է այս տարբերակը: Քաղաքը շրջելու և թափուր աշխատատեղեր ման գալու փոխարեն՝ նա նախընտրել է այցելել ինտերնետային որևէ կայք և տանը նստած գործարք կատարել. «Անցյալ ամառ ինտերնետով երկու անգամ բուկլետ բաժանելու աշխատանք եմ գտել, յուրաքանչյուրում աշխատել եմ մեկ ամիս, մեկում՝ օրը 2000, մյուսում՝ 2500 դրամ, միջինը՝ 4-6 ժամ: Ճիշտ է՝ շոգ էր, բայց հարմար էր, ես իմ ծախսերը հոգում էի: Հարմար էր նաև այն առումով, որ ոչ մի ծանոթի չէի դիմել, ավելորդ դեսուդեմ չէի ընկել, պարզապես մի անգամ հարցազրույցի եմ մասնակցել և մի օր էլ փորձնական եմ գնացել»,-ասում է նա: Հավելում է՝ այս ամառ ևս այդպես է վարվելու:
Որքա՞ն է անվտանգ և  ձեռնտու աշխատողին հավատալ ինտերնետային հայտարարություններով և գնալ դրանց հետքերով: Պատահում է, որ գործատուները աշխատանքի վերաբերյալ հայտարարություններն օգտագործում են ծանոթություն հաստատելու համար: Լինում է նաև, որ գործատուի փոխարեն անձը «բախվում է» գովազդային գործակալությունների հետ, որոնք ոչ միշտ են արդարացնում իրենց ծառայությունը. «Գործակալությունների շրջանում շատ են խաբեությունները… Ավելի լավ է՝ մարդ ինտերնետով կարդա, զանգի գործատուներին, քան դիմի գործակալություններին: Նախ՝ կանխավճար չես տալիս, ապա համացանցի միջոցով ամեն բան ավելի արագ է ստացվում»,-ասում է Հար&Թոր ՍՊԸ-ի ներկայացուցիչ Թորոս Թորոսյանը (հեռախոսահամարը վերցրել ենք list.am-ից՝ պատահականության սկզբունով): Նրա խոսքով՝ արդեն մեկ ու կես տարի է՝ ինչ օգտվում է աշխատողների հետ անմիջական խոսելու հնարավորությունից՝ համացանցային հայտարարություններից: Արդյունքը նկատելի է. 15 աշխատող այդ ընթացքում. «Մեր կահույքի սրահն այնքան էլ մեծ չէ, կարծում եմ՝ դա մեծ ցուցանիշ է »,-ասում է նա:
19-ամյա Էմման էլ պատմում է ՝ սոցիալական ցանցերից մեկում կարդացել է հաղորդավարուհու աշխատատեղի մասին, խոսել է գործատուի հետ և մերժում ստացել. «Ինձ ասացին, որ հավանում են, բայց իրենց հարցին, թե արդյոք ընկեր ունեմ, պատասխանեցի՝ այո, ասացին՝ ուրեմն ես իրենց հարմար չեմ, եթե ինչ-որ բան փոխվի, այդ ժամանակ զանգեմ իրենց»:
Եթե սոցիալական ցանցերում հայտարարությունների վերաբերյալ վերահսկողություն չկա, ապա պատկերն այլ է աշխատանքի ուղղվածությամբ կայքերի դեպքում: Սովորաբար դրանք ունենում են իրենց կանոնադրությունը, օրենքներն ու պայմանները. հայտարարություն տալու համար հարկավոր է գրանցվել, ընտրել բաժինը, նույն հայտարարությունը թարմացնելու համար պետք է մի քանի օր սպասել, նշել՝ արդյոք գործակալություն է, թե՝ ոչ, որոշ կայքերոմ նույնիսկ ուղղորդում են տեքստը արդյունավետ գրելու հարցում: Համապատասխան սյունյակում նշում են նաև, թե գործատուն ինչ իրավունք ունի անելու և ինչ չունի, օրինակ՝ չհրատարակել, չփոխանցել նյութեր, որոնք խախտում են այլ անձի իրավունքները, նաև հեղինակային իրավունքը, ապրանքանիշի կամ այլ սեփականության իրավունքը, ինչպես նաև օգտագործել նյութեր առանց նախնական համաձայնության օրինական սեփականատիրոջ կամ համապատասխան ներկայացուցչի հետ:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930