«Ամերիկայի Ձայն». Նելսոն Մանդելան հիվանդանոցում է գտնվում արդեն 19 օր
Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի դստեր համաձայն, Մանդելայի վիճակը «շատ ծանր է»:
Մաքազիվեն Մանդելան հինգշաբթի օրն այս մասին հայտնել է Հարավային Աֆրիկայի պետական ռադիոյին այն ժամանակ, երբ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մայրաքաղաք Պրետորիայի այն հիվանդանոցում, որտեղ Նելսոն Մանդելան գտնվում է արդեն 19 օր:
Մանդելային հիվանդանոցում այցելելուց հետո Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյքոբ Զուման դադարեցրել է Մոզամբիկ այցելելու իր ծրագրերը:
Կարդացեք նաև
94-ամյա նոբելյան մրցանակակիրը հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 8-ին՝ թոքերի կրկնվող վարակի պատճառով: Հարավային Աֆրիկայի նախագահի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, բժիշկները շարունակում են անել ամեն ինչ՝ Մանդելայի ապաքինումն ապահովելու համար:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Աֆրիկյան պետություններ կատարվող իր շրջագայության շրջանակներում ուրբաթ օրը կայցելի Հարավային Աֆրիկա: Այս երկրում նախագահ Օբաման կայցելի «Ռոբեն Այլենդ» կալանավայրը, որտեղ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան 27 տարի անցկացրել էր ազատազրկման մեջ:
Հարավային Աֆրիկայի պաշտոնյաների համաձայն, Օբամայի այցը կկայանա՝ չնայած 94-ամյա Մանդելայի վատառողջ լինելուն:
Արմեն Հովհաննիսյան