Նախկինում հայտնել ենք Տավուշի մարզի Ոսկեվանի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված 2 մրցույթների մասին, որոնց արդյունքում տնօրեն չէր ընտրվել: Տեղեկացրել ենք, որ Ոսկեվանի բնակիչները նամակով դիմել էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որպեսզի վերջինիս կողմից տնօրեն նշանակվի 16 տարի Ոսկեվանի դպրոցի փոխտնօրեն աշխատող, այդ գյուղի բնակիչ Գոհար Տիրացվյանը: Նախարարը դեռեւս Ոսկեվանի դպրոցում տնօրեն չի նշանակել:
Ոսկեվանի բնակիչներն այժմ նամակով դիմել են ՀՀ նախագահին: Սերժ Սարգսյանին ուղղված նամակում նրանք հիշատակելով Արմեն Աշոտյանին ուղղված նամակում հիշատակված փաստերը՝ հավելել են. «Նախագահական ընտրություններում 50 տոկոս ձայն ենք տվել ձեզ, դա էլ այն դեպքում, որ մեր համագյուղացիներն են Ստյոպա Սաֆարյանը, Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ, գործարար Գառնիկ Սահակյանը: Խնդրում ենք ձեզ, որ ընդառաջեք մեր համայնքին, որպեսզի տնօրեն նշանակվի վաստակաշատ մանկավարժ Գոհար Տիրացվյանը եւ ոչ թե մարզպետի վաղեմի ծանոթ, բիզնեսմեն Գարիկ Մամյանը»:
Նամակում նշված է , որ Ոսկեվանի դպրոցի տնօրենի 2 թեկնածուները՝ Գարիկ Մամյանը եւ Գոհար Տիրացվյանը ՀՀԿ անդամ են: Գոհար Տիրացվյանին հարցրինք, թե ինքն ունի՞ ՀՀԿ անդամատոմս: Նա ասաց, որ ինքն այդ հարցով դիմել է ՀՀԿ մարզային կառույց, այնտեղից էլ զանգել են ՀՀԿ վարչություն, այնտեղից պատասխանել են, որ իր ՀՀԿ անդամատոմսն իրենց մոտ է: Գ. Տիրացվյանի վկայությամբ՝ Երեւանից իր կուսակցական անդամատոմսը բերվել է Նոյեմբերյան, սակայն իրեն չեն հանձնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ