Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազ. «Ոչ մի դատախազ չի ցանկանա դատարան գնալ անթույլատրելի «զենքով»

Հունիս 27,2013 17:11

Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արմեն Դավթյանը այսօր «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք» համաժողովի ժամանակ ասաց. «Ոչ մի երկիր չի կարող ասել, որ իր երկրում բացառված է խոշտանգումը: Ես չեմ էլ փորձելու համոզել, որ մեր երկրում բացառված է, չկա խոշտանգում, իհարկե, կա խոշտանգում, բայց չեմ համաձայնվի, որ վերջին տարիներին ոչինչ չի արվել դրա դեմ պայքարի հարցում»:

Պարոն Դավթյանը նկատեց, որ որոշակի թյուրըմբռնում կա մեր իրականության մեջ. ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի», FIDH-ի եւ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի կազմած զեկույցի ՝ «մեր ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը դեռևս համապատասխանեցված չէ ՄԱԿ-ի կոնվենցիային՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ», որին երկիրը միացել է դեռևս 2006թ.»: Սակայն, պարոն Դավթյանի խոսքերով՝ Քրեական օրենսգրքում ընդգրկված 119 հոդվածը (խոշտանգում) բացի «խոշտանգում» բառից՝ ոչ մի ընդհանուր բան չունի ՄԱԿ-ի կոնվենցիայում ընդգրկված «խոշտանգման» հետ, քանի որ ՄԱԿ-ի կոնվենցիայում ներառվածի դեպքում որպես խոշտանգում արարքի սուբյեկտ, այսինքն՝ խոշտանգող, կարող է լինել բացառապես պաշտոնատար անձը կամ նրա համաձայնությամբ եւ ուղղորդմամբ՝ մեկ ուրիշը, բացի այդ պետք է լինի նաեւ նպատակ, որը որեւէ վարույթի շրջանակներում է, եւ եղանակը՝ ֆիզիկական ներգործությունից մինչեւ բարոյականը:

Այնինչ, մեր Քրօրի 119 հոդվածում խոշտանգում եզրույթն ուղղված է ոչ թե արդարադատության դեմ, այլ զուտ՝ անձի առողջության դեմ ուղղված հանցագործություն է, եւ սուբյեկտը՝ խոշտանգողը, կարող է լինել ցանկացած անձ՝ 14 տարին լրացած, եւ չունի որեւէ նպատակ՝ վարույթի հետ կապված:

Ըստ պարոն Դավթյանի՝ բովանդակային լուծում չի լինի, եթե մեր 119 հոդվածում ներառենք ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված եզրույթը: Մենք ունենք այլ հոդվածներ՝ ցուցմունք տալուն հարկադրելուն հանցակազմը, արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, պետծառայության դեմ ուղղված հանցագործություն, իշխանազանցություն եւ այլն: Նա կարծում է, որ պետք է խմբագրական աշխատանք տանել՝ թյուրիմացությունից խուսափելու համար:

Պարոն Դավթյանը վստահեցնում էր, որ դատախազությունը պետական այն կառույցն է, որ ամենաշատն է շահագրգռված՝ խոշտանգումների դեմ պայքարի հարցում, քանի որ դատախազությունն ինքը քննություն չի իրականացնում, փոխարենը՝ այլ մարմնի ձեռքբերած ապացույցները ներկայացնում է հրապարակային դատաքննության, եւ փորձում է ապացուցել ամբաստանյալի մեղքը. «Եվ ոչ մի դատախազ չի ցանկանա ամաչել, եթե դատարանում պարզվի, որ իր տարած «զենքերը»՝ ապացույցները, անթույլատրելի մեթոդներով են ձեռք բերվել: Նա շահագրգռված է, որ դրանք լինեն բացառապես օրինական»:

Պարոն Դավթյանը նաեւ տեղեկացրեց, որ 2008թ.-ին գլխավոր դատախազի հրամանով սահմանվել է, որ երբ որեւէ դատախազի հայտնի է դառնում տեղեկություն խոշտանգման մասին՝ գրավոր կամ բանավոր՝ նա պարտավոր է ուղարկել դա գլխավոր դատախազին»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930