Լրահոս
Օրվա լրահոսը

Որդու լրացուցիչ ցուցմունքից հետո՝ ուշագնաց է լինում մայրը (Ֆոտոշարք)

Հունիս 27,2013 16:58
PrevPhoto
NextPhoto

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդուանիանի, Վիգեն Նովասարտիանսի եւ ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Նրանք մեղադրվում են 90 կգ թմրամիջոց Հայաստանով փոխադրելու, օժանդակելու համար:

Ինչպես մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել էր 15 տարվա ազատազրկում Սարգեզ Անդուանիանի համար, Վիգեն Նովասարտիանսի համար՝ 13, իսկ Վարդան Մարտիրոսյանի համար՝ 12 տարվա ազատազրկում:

Օժանդակող Վարդան Մարտիրոսյանը պաշտպանական ճառից հրաժարվել էր, նա հրաժարվել էր նաեւ վերջին խոսքի իրավունքից, ասելով, թե լրացուցիչ ցուցմունք է ուզում տալ:

Դատարանը վերսկսել էր դատական նիստը, եւ այսօր ցուցմունք տվեց Վարդան Մարտիրոսյանը:

Նա աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի բեռնափոխադրումների բաժնում: Վարդանն ասաց, որ իր պարտականությունների մեջ էր մտնում ձեւակերպել բեռը:

Նա ասաց, թե Սարգեզը խոստացել էր ճիշտը ասել, սակայն ոչ նախաքննության, ոչ էլ դատարանում նա չասաց, թե իրականում ինչպես է պատահել, որ ինքը ձեւակերպումներ արեց:

Նա ասաց, որ տեղյակ չի եղել, թե իրականում ինչ բեռ է փոխադրում Սարգեզը, սակայն իրեն մեղավոր ճանաչեց, որ այլ անձնագրով կատարել է ձեւակերպում:

«Եթե ուզում եք Աստվածաշնչով երդվեմ, ստի դետեկտոր միացրեք, որ ես ճիշտը ասացի»,-ասաց նա:

Նա ասաց, որ Սարգեզը մեծ մարդ է եղել, հայ, եւ իր մեղավորությունն է եղել, որ փորձել է օգնել նրան:

Նա դիմեց մեղադրողին, թե՝ հաշվի առեք իմ ցուցմունքը, փոխեք ձեր դիրքորոշումը:

Մեղադրող Արամ Ամիրզադյանն ասաց, որ իր մեղադրական ճառն ասել է, եւ պնդում է այն ամբողջությամբ, թերեւս կվերանայի իր միջնորդությունը, եւ բռնագանձում կտարածվի ոչ թե համասեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, այլ 2400 դոլարի վրա:

Դեռ չէր որոշվել պաշտպանական ճառերի օրը, երբ գրեթե ուշագնաց եղավ Վարդան Մարտիրոսյանի մայրը, իսկ հայրը դատարանից խնդրում էր, որ հանդես գա որպես վկա:

Դահլիճից հնչում էին. «Մեղրիի տամոժնիկներն են մեղավոր», «Տականք, դուրդ եկա՞վ», «Ընտանիքս կործանվում է, ինչի՞ համար եք Վարդանին ազատազրկում»:

Դատական հաջորդ նիստին, որը նշանակվեց հուլիսի 11-ին, պաշտպանական ճառով հանդես կգա ամբաստանյալ Վարդան Մարտիրոսյանի պաշտպանը՝ Սերգեյ Մկրտչյանը, ապա վերստին դատարանը կանցնի վերջին խոսքերին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930