«Մարտակերտի հաղթանակը պարտությունների ծանր բեռի հիման վրա էր, և ով իր վրա վերցնի Մարտակերտի հաղթանակը, ինչ-որ տեղ իր վրա պետք է վերցնի նախորդ պարտությունները: Սա պարտություններից ծնված հաղթանակ է, որը եկավ պարտությունների ծանր բեռն իր ուսերի վրա վերցնելով»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Մարտակերտի 20-ամյա հաղթանակի պատմությանն՝ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանը:
Ըստ նրա, եթե Շուշիի հաղթանակի դեպքում քերծերն ենք բարձրացել, Մարտակերտի դեպքում` մտանք հարթավայր. «Պատմության ընթացքում մենք միշտ կորցրել ենք հարթավայրերը: Հարթավայրում կռվելը բավականին դժվար է, ամենալավ զինվորներն են սովորաբար մասնակցում դաշտավայրերում ընթացող մարտերին: Մարտակերտի գրավումը այս առումով էլի շրջադարձային է` հայ ժողովուրդը կամք գտավ վերադառնալ դաշտային հատված»,-ընդգծեց Դևրիկյանը:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ ազատամարտիկները բաց դաշտում կռվելու ոչ հմտություններ ունեին, ոչ էլ կամք: «Ոչ պրոֆեսիոնալ բանակի պայմաններում հայտնվեցին մարդիկ, որոնք կարճ ժամանակում հասան հաջողության: Բայց Մարտակերտի համար կռիվը այլ բան էր. յոթ-ութ ամսում մեր լեռնային կռիվներին սովոր ազատամարտիկները կարողացան հաղթել նաև դաշտավայրում»:
Նրա խոսքով` կարևոր չէ, թե քանի հազար մարդ է եղել Հայաստանից, նույնիսկ նրանց անունները կարևոր չի, կարևորն այն է, որ միասնություն կար և կարողացավ հաղթել արժանի հակառակորդի. «Մեր մեջ ուժեղ էր հաղթանակի, տեր լինելու կամքը: Ընկճվածություն կամ պարտվողականություն չկար»:
Կարդացեք նաև
Դևրիկյանն էլ հավելեց, որ այդ շրջանում ընդդիմության և իշխանությունների հարաբերությունները սրված էին և յուրաքանչյուր հակամարտություն աղետալի է այնքանով, որքանով որ զարմանալի է դառնում նրանց համագործակցությունը նույն ռազմաճակատում: «Դա պատգամում է, որ հայրենիքի պաշտպանության հարցում հայը մոռանում է իշխանություն-ընդդիմություն միմյանց հակասող այդ գաղափարը: Մարտակերտի օրինակը ցույց է տալիս, թե ինչքան դժվար է մի բան գտնելն, և հեշտ` ինչ-որ բան կորցնելը: Որքան հեշտ տվեցինք մեր պատմական հողերը, այնքան դանդաղ կարողացանք վերադարձնել դրանք»,-ասաց նա:
Վերջինս անդրադառնալով արտագաղթին, այն նմանեցրեց պատերազմի տարիներին պարտության հետևանքով առաջացող խուճապի հետ. «Խուճապը ավելի մեծ զենք է, քան ծանր հրետանին: Այստեղ զուգահեռներ եմ տեսնում այսօրվա արտագաղթի հետ, քանի որ արտագաղթը պայմանավորեց ոչ թե առկա տնտեսական ծանր իրավիճակով, այլ մարդկանց հոգեբանական ընկճվածությամբ»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ