Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ:
Ողջունելով ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը եւ ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջնանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽԽՎ Բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի նիստերը Երեւանում գերազանց կազմակերպելու եւ անցկացնելու համար: ԵԽԽՎ նախագահը կարեւորեց ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները եւ օրակարգը: Նա կարեւոր համարեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը եւ բարձր գնահատեց Վեհաժողովի քաղաքական խմբերում եւ հանձնաժողովներում կատարած աշխատանքը:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալից իրադարձություն է մեր երկրի համար եւ բացառիկ հնարավորություն է ներդրում ու մասնակցություն ունենալու անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի հավակնոտ օրակարգի ձեւավորման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծապես կարեւորում եւ բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: ԱԺ նախագահը կարեւոր համարեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը, մասնավորապես մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը: Այս առումով նա շեշտեց Հայաստան -Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի կարեւորությունը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու իր պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական ու քրեակատարողական համակարգերում, կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան:
Կարդացեք նաև
Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հարցին` վերահաստատելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Կողմերը համակարծիք էին, որ ցանկացած գործողություն, որը կարող է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, պետք է բացառվի, միաժամանակ վերահաստատելով համանախագահ երկրների կողմից առաջարկված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները:
Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց ԵԽԽՎ պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Դատարանի դերը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներում բնակվող եվրոպացիների՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա ուրախությամբ փաստեց, որ հանդիպումը տեղի է ունենում ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն: Ազգային մակարդակով Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն անհրաժեշտ նախապայման է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար: «Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները իրենց տարբերություններով հանդերձ? միավորված են ընդհանուր արժեքներով: Իսկ Եվրոպական դատարանն այդ արժեքների պաշտպանության հենասյունն է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնք ամրագրված են Ինտերլակենի եւ Բրայթոնի հռչակագրերում: Այս առումով, կարեւոր քայլ համարվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության մշակումը, որը ստորագրության համար բացվեց հունիսի 24-ին, եւ որին Հայաստանը միացավ առաջինների թվում: Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Հայաստանին վերաբերող գործերին: Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ միջազգային հանրության խնդիրն է: «Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից եւ կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարեւոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,-նշեց ԱԺ նախագահը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կարեւորեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը եւ ուրախությամբ նշեց, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր գնահատեց հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում եւ հույս հայտնեց, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Ըստ Շպիլմանի` դա կարեւոր է եւ արդյունավետ նաեւ փորձի փոխանակման առումով: ՄԻԵԴ նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի եւ ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ