Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրացիները հայկական հուշարձանները վերագրում են իրենց». հուշարձանագետ

Հունիս 27,2013 15:01

«Վարձք» ամսագրի լույս տեսած վերջին 8-րդ համարի մեջ ներառված են երեք նյութեր, որոնցից առաջինը պատմում է ուսուցիչ Սարգիս Իսրայելյանի մասին, երկրորդի հեղինակը՝ Մատենադարանի աշխատակից Արմեն Տեր-Ստեփանյանն, անդրադարձել է Մատենադարանի ձեռագրերում առկա վիմագրերին, իսկ երրորդ նյութը՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրախոսությունն է, որը վերաբերում է «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները» գրքին: Այսօր «Տեսակետ» ակումբում անդրադառնալով գրքում տեղ գտած անճշտություններին՝ հուշարձանագետն իր դժգոհությունն արտահայտեց՝ ասելով.

«Հերթական անգամ առնչվում ենք վրաց հեղինակների հերթական կեղծարարության հետ: Գրքում խոսվում է Հայաստանին սահմանակից պատմական Գուգարքի չորս շրջանների հայկական հուշարձանների մասին, որոնք ներկայացվում են որպես ներքին Քարթլիի շրջանին պատկանող եկեղեցիներ, այն դեպքում, երբ տվյալ հեղինակներից առաջ վրացի պատմագիրներն այդ տարածքն անվանել են Սոմխիթ, այսինքն՝ Հայաստան: Փաստորեն, վրացի հեղինակներն արհամարհել են իրենց պատմագիրներին եւ միտումնավոր կեղծել են իրականությունը»:

Հուշարձանագետի խոսքով՝ վրացիներն իրենց են վերագրել նաեւ հայկական արձանագրությունները:

Ըստ Սամվել Կարապետյանի, նման ժխտողական ոճով հանդես եկող Վրաստանը ոչնչով չի տարբերվում Թուրքիայից:

Բանախոսը նաեւ հիշեց դեպք, երբ վրացի պատմագետ Գեորգի Չուբինաշվիլին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող 7-րդ դարի եկեղեցին որակել է որպես 9-11-րդ դարերի եկեղեցի:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930