Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս ամռանը շատ ջուր խմել: Գազավորված զովացուցիչներ նախընտրողներին էլ այսօր «Ուրբաթ» ակումբում տիկին Վարդանուշը զգուշացրեց. «Այդ զովացուցիչները գազով գունավոր ըմպելիքներ են, որոնք ավելորդ քիմիայի եւ ավելորդ շաքարների աղբյուր են: Խորհուրդ ենք տալիս խմել միայն ջուր: Իսկ ինչ վերաբերում է հանքային ջրին, ապա պետք է խմել միայն բժշկի վերահսկողության տակ եւ սահմանափակ քանակով»:
Նրա խոսքերով, ամռանը ավելի շատ զովացնում են ոչ թե սառը, այլ տաք ըմպելիքները. «Տաք ըմպելիքները բերում են թեթեւ քրտնարտադրության, իսկ քրտինքի միջոցով ջերմություն է դուրս գալիս եւ օրգանիզմը շատ արագ պաղում է»:
Սննդաբանի խոսքերով, առողջ մարդիկ օրական պետք է խմեն 2,5-3 լիտր ջուր, զարկերակային բարձր ճնշում ունեցողները չպետք է գերազանցեն 1,5 լիտրը, իսկ երիկամների կամ սրտանոթային խնդիրներ ունեցողներին էլ խորհուրդ տվեց չգերազանցել 1 լիտրը:
Սննդային թունավորումներից եւ ինֆեկցիայից խուսափելու համար տիկին Պետրոսյանը խորհուրդ տվեց լավ լվանալ մրգերն ու հատապտուղները ու ոչ միայն. «Ձեռքերը լվացեք ուտելուց առաջ եւ հետո, լվացեք զուգարան գնալուց առաջ եւ հետո: Ձեռքերը պետք է լվանալ մինչեւ արմունկները`մինչեւ 20 վայրկյան: Մանրամասն լվացեք հատապտուղները, ելակի կանաչ մասերը հանեք, հետո լվացեք, թողեք հոսող ջրի տակ»:
Կարդացեք նաև
Նա ասաց նաեւ, որ ուշադիր հետեւել է պետք մսամթերքին, կաթնամթերքին, իսկ սառնարան չդրված ճաշատեսակներն էլ ուտելուց առաջ մի լավ եռացնել է պետք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ