ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քիչ առաջ ստորագրեցին ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների խորացման մասին վկայող 20 կետանոց պայմանագիր:
Պայմանագրի ստորագրումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այս պայմանագրով նախատեսվում է մեր անվտանգության համակարգի համալիր միջոցառումների լայն ցանկ՝ ընդ որում ոչ միայն երկկողմ, այլեւ Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջեւ: Նախատեսվում է ռազմական համագործակցության հետագա խորացում, ձեւավորվելու են կոլեկտիվ անվտանգության ուժեր՝ Հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ քանի որ Կովկասում Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամն է, այդ ուժերը, ենթադրվում է, որ կլինեն Հայաստանում: Նախատեսվում է նաեւ միացյալ կոլեկտիվ ավիացիոն ուժերի ստեղծվում, հատուկ փրկարարական ստորաբաժանումների ձեւավորում ՀԱՊԿ շրջանակներում, կիբերանվտանգության մշտապես գործող կետեր ՀԱՊԿ երկրներում, ՀԱՊԿ անդամների իրավապահ մարմինների միջեւ հարաբերությունների խորացում, եւ այլն, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր ձեռնարկությունների ստեղծում:
Իր հերթին Նիկոլայ Բորդյուժան հայտնեց, որ բավարարված է կատարված աշխատանքներով: Տեղեկացրեց, որ Կովկասում, եւ մասնավորապես Հայաստանում անվտանգության համակարգերի խնդիրներին առնչվող նախապես պլանավորած խնդիրներին են անդրադարձել, եւ նոր խնդիրներ են դրվել՝ հետագայի համար. «Մեծ քանակության միջոցառումներ են նախատեսված այս տարվա համար, եւ դրանց գումարվելու են նաեւ այս նոր պայմանագրով նախատեսված քսան կետերի կատարումը»:
Ավիացիոն ուժերի ձեւավորման մասին հարցին ի պատասխան՝ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այո, ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշում է միացյալ ավիացիոն ուժեր ստեղծելու մասին, փաստաթղթերն արդեն ստորագրված են, կա հստակ ժամանակացույց, որի շրջանակներում կձեւավորվեն այդ օդուժերը: Քննարկվել է նաեւ Գյումրիի ավիացիոն բազայի արդիականացման հարցը:
Կարդացեք նաև
«Հայաստանում օդուժը ընդլայնվելու է, եւ ոչ միայն օդուժը, այլեւ՝ ռազմաօդային պաշտպանության համակարգը արդիականացվելու է, վերազինվելու է, վերազինվելու է նաեւ 102-րդ ռուսական բազան, ռուսական սահմանապահ ստորաբաժանումը, եւ այս տարի եւ հաջորդ տարի՝ վերազինման տարիներ են լինելու»,-հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
Ավելի ուշ, անդրադառնալով նաեւ Ադրբեջանին՝ ՌԴ-ի կողմից զենքի վաճառքին, ԱԱԽ քարտուղարն ասաց. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ունեն բավարար մարտական պատրաստվածություն, մենք ունենք բավարար ռազմական տեխնիկա՝ հակադարձելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն, մեր զինված ուժերը պարբերաբար համալրվում են սպառազինություններով, որոնք իրենց որակական հատկանիշներով գերազանցում են ադրբեջանականին: Ճիշտ է, հակառակորդի ամեն մի նոր մատակարարում սպառազինություններով, մտահոգության էլեմենտներ ունի, բայց այդ հարցը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»:
Իր հերթին Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ այս մեկուկես օրվա ընթացքում արդեն երեք անգամ խոսել է այդ զենքի վաճառքի մասին, եւ կրկին նշում է, որ այն միջոցները, որ ձեռնարկում է Հայաստանի Հանրապետությունը՝ իր անվտանգության պահպանման համար, եւ այն, որ այդ խնդրում նրան մշտապես օգնում է ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը՝ 102 –րդ ռազմական բազայի, սահմանապահ ուժերի եւ ռազմատեխնիկայի ինտենսիվ մատակարարման առումով, եւ որպես օգնություն՝ համապատասխան տեխնիկայի մատակարարումը եւ համատեղ ուսումնավարժանքները, այդ ամենը ապացուցում են, որ Հայաստանը շատ բարձր մակարդակով պաշտպանված է եւ մեր երկրի «անվտանգության բազմաէշելոն համակարգը թույլ է տալիս, որ մենք հանգիստ առաջ նայենք եւ զբաղվենք երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներով»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ