Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններ վերսկսելու վերաբերյալ: Փոխնախարարի խոսքերով՝ «Դա հայտարարում է մի երկիր, որը պարտություն կրելուց հետո լաց ու կոծ է դնում ամենուրեք ու ամեն օր սուր է ճոճում: Նա ով իրոք պատրաստ է այդպիսի քայլի գնալու, դրա մասին ամեն օր չի հայտարարի: Այդ հայտարություններն առաջին հերթին ուղղված են ներքին լսարանին, որովհետեւ արտաքին թշնամու կերպարը անընդհատ պահելը սնուցում է ժառանգաբար ավտորիտար ռեժիմը»:
Հարցին՝ իմաստ կա՞ նման դեպքում նստել նույն սեղանի շուրջ բանակցելու, պարոն Քոչարյանն ասաց. «Բանակցային գործընթացը երկու նպատակ է հետապնդում. Ունի երկու առաքելություն՝ երեք համանախագահները մի կողմից փորձում են նպաստել, որ կողմերը գան համաձայնության, այն հանգամանքում, որ չեն գալիս, դա Ադրբեջանի պատճառով է: Մյուս կողմից, Ադրբեջանը երկընտրանքի առջեւ է, կամ այդպիսի պնդաճակատ քաղաքականությամբ առկա ստատուս քվոյի պայմաններում, ինքն է հենց խթանելու Ղարաբաղի միջազգային ճանաչումը, կամ էլ պիտի խելքի գա: Բայց կա երկրորդ առաքելությունը, որը ոչ պակաս կարեւոր է՝ երեք համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, եւ օր չկա, որ հայտարարություն չլինի միայն խաղաղ կարգավորման մասին: Այսինքն, նրանց առաքելությունը, այն փխրուն զինադադարը, որ կնքվել է 1994-ին, նորից չվերածվի ռազմական գործողությունների: Եթե մենք այդպես մոտենանք այդ ամբողջ միջնորդությանը, ապա կարծում եմ շատերը կհամաձայնվեն, որ շատ կարեւոր է այդ դերը եւ պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է կամ ձերբազատվել այդ համանախագահների ձեւաչափից, կամ էլ առնվազն լղոզել»:
Հարցին էլ՝ արդյոք վտանգված է Ասոցացման համաձայնագրի գործընթացը, քանի որ ասում են ճնշումներ են գործում Հայաստանի վրա, փոխնախարարն ասաց. «Բանակցությունները գնում են երկու ուղղությամբ` ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ Արեւմուտքի»:
«Երեկ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտարարել է, որ եւ- եւ չկա, կամ-կամ պետք է լինի»,-լրագրողների այս դիտարկմանը պարոն Քոչարյանն ասաց. «Եվ-եւ չկա, եթե խոսքը վերաբերում է Եվրամիության անդամակցությանը: Հայաստանը երբեք նպատակ չի ունեցել անդամակցել Եվրամիությանը, այն փաստաթղթերը, որով բանակցում են, այնտեղ չկա եվրոպական այդ հեռանկարի մասին: Խոսքը գնում է միայն ներդաշնակեցմանը, էական տարբերություն կա դրանում»:
Կարդացեք նաև
Լրագրողները եւս մեկ անգամ շեշտեցին Կոմարովսկու հայտարարությունը, որ եւ-եւ սկզբունք չի կարող լինել անդամակցության հարցում, փոխնախարարն ասաց.«Դուք ինձ Կոմորովսկիյով մի փորձեք ապացուցել այն, ինչն ակնհայտ է. Անդամակցությունը Մաքսային միությանը՝ արդեն թույլ չի տալիս անդամակցել ազատ առեւտրի գոտուն, որովհետեւ, դու քո լիազորությունների մի մասը տալիս ես միջազգային մարմնին: Ճիշտ այնպես, եթե դու Եվրամիության անդամ ես, այ էդ դեպքում կա հակասություն, պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, քանի դեռ խնդիրը դրված է կառույցների անդամակցմանը, որեւէ հակասություն չկա միաժամանակ լինել եւ ազատ առեւտրի գոտու անդամ, եւ եվրոպական ուղղությամբ, եւ նույնն իրականացնել Եվրասիական ուղղությամբ»: Հարցին էլ՝ թե որն է առաջնային, պարոն Քոչարյանն ասաց՝ «Ես ասացի՝ երկու ուղղությամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ